Սուդյենց տոհմի պատմությունը

Սարգսյանների (Սուդյենց) տոհմի պատմությունը

Ռինդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Սուդյենց (կամ Սարգսենց, Սարգսյանների) տոհմը, որը հայտնի է իր խորը հոգևոր արմատներով և պատմական ժառանգության նկատմամբ ունեցած հատուկ ուշադրությամբ։ Այս գերդաստանի հիմնադիրները եղել են նվիրյալ հոգևորականներ, որոնք իրենց կնիքն են թողել գյուղի ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական կյանքում։

Տոհմի արմատները տանում են դեպի Պարսկահայքի Սալմաստ գավառ։ Ընտանիքը Ռինդ է տեղափոխվել գյուղի հիմնադրումից հետո՝ ամենայն հավանականությամբ 19-րդ դարի 40-ական թվականներին։ Թեև այս պահին հնարավոր չէ ստույգ նշել նրանց պատմական բնակավայրի անունը, սակայն 1859 թվականի ծխական ցուցակագրման տվյալներում գյուղի 20 ընտանիքների շարքում հիշատակվում է Տեր-Պետրոսի որդի Սարգսի ընտանիքը։

Հենց Տեր-Պետրոս անունն էլ վկայում է նրա հոգևոր գործունեության մասին։ Այդ առաքելությունը շարունակել են նաև նրա որդիները.

1850-ականներից մինչև 1886 թվականի ցուցակներում գյուղի քահանա է հիշատակվում Տեր-Պետրոսի որդի Սարգիսը։ 1886 թվականի ցուցակում որպես գյուղի քահանա արդեն նշվում է Տեր-Պետրոսի մյուս որդին՝ Ղազարը։

Ուշագրավ է նաև հայ գրող Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի (Քաջբերունի) հիշատակումն իր «Ճանապարհորդական նկատողություններ» աշխատության մեջ։ Անդրադառնալով Արկազի Սուրբ Խաչ եկեղեցուն՝ նա նշում է, որ վանքի ներքին կառավարումը և եկամուտները հանձնվում էին յուրաքանչյուր տարի մի կապալառուի, որը կոչվում էր «վերատեսուչ»։ Քաջբերունին նշում է, որ 1860-ականներին Սուրբ Խաչի վերատեսուչը Սարգիս Տեր-Պետրոսյանցն էր։ Այս հիշատակությունը նաև ցույց է տալիս, որ այդ ժամանակ հայրանունը հաճախ օգտագործվում էր որպես ազգանուն։

«Սուդյենց» անվան ծագումը

Տոհմի անվանման պատմությունը բավականին հետաքրքիր է և կապված է հոգևորականի՝ համայնքում ունեցած հեղինակության հետ։ Հատկանշական է, որ թեև տոհմի ներկայացուցիչների շրջանում պահպանվել է բանավոր ավանդազրույց, ըստ որի Սարգիսն ի պաշտոնե դատավոր է եղել, սակայն պատմական արխիվներն ու ցուցակագրումները հստակ փաստում են նրա՝ քահանա լինելու հանգամանքը։

Այս թվացյալ հակասությունն ունի իր տրամաբանական բացատրությունը. թեև Ցարական Ռուսաստանում գյուղերի իրավական կյանքը կարգավորվում էր համայնքի կառավարչի, ինչպես նաև շրջանի դատական և զինվորական մարմինների կողմից, սակայն գյուղացիները վեճերի լուծման համար հաճախ դիմում էին հենց գյուղի քահանային։ Հոգևորականները ժողովրդի կողմից ընդունվում էին որպես արդարամիտ որոշումներ կայացնողներ և փաստացի նույնականացվում էին դատավորի հետ։

Այդ պատճառով, գյուղացիները Սարգսի ժառանգներին կամ ազգականներին դիմելիս սկսեցին օգտագործել ռուսերեն «судья» (դատավոր) արմատը և հայերեն «-ենց» վերջածանցը (օրինակ՝ սուդյաենց Պողոսը կամ Տիգրանը)։ Տարիների ընթացքում այս անվանումը հոլովվել ու դարձել է Սուդյենց, իսկ տեղական բարբառով՝ Սուգյենց։

Ճյուղավորումները և ազգանունները

Տեր-Պետրոսն ունեցել է երկու որդի՝ Սարգիս և Ղազար։ Նրանք հիմք են դրել տոհմի երկու մեծ ճյուղերին, որոնք այսօր կրում են Սարգսյան և Ղազարյան ազգանունները։

Սարգսի ճյուղը (ծնվ. 1829թ.)։ Առաջին կնոջից ծնված որդիները. Մարտիրոս (1857թ.), Երեմ (1861թ.) և Արշակ (1870թ.)։ (1886թ. ցուցակում որպես ավագ որդի Մարտիրոսի կին նշված է Նունիզարը)։

Երկրորդ կնոջից (Աննա) ծնված որդիները. Վասիլ, Տիգրան և Պողոս (ծնվ. 1884թ. հոկտեմբերի 8-ին)։

  • Վասիլի որդիներն են՝ Սարգիսը, Մանուկը և Ասատուրը։
  • Պողոսի որդիներն են՝ Սիրեկանը և Աղասին։
  • Տիգրանի որդիներն են՝ Նիկոլան, Վաղարշակը և Արտաշը։ Նիկոլայ որդիներն են՝ Համո, Արամայիս, Սիմոն, Բարիս, Սիրաս (Վաչագան), Խորեն (Արշակ) և Երեմ։

Ղազարի ճյուղը (ծնվ. 1830թ.)։ 1886 թվականի ցուցակագրման տվյալներով՝ Սարգսի եղբայր Ղազարն արդեն առանձին ընտանիք է կազմում։ Նրա որդիներն են՝ Պետրոսը (ծնվ. 1863թ.), Մկրտիչը (ծնվ. 1866թ.), Սմբատը (ծնվ. 1868թ.), Վասիլը (ծնվ. 1878թ. փետրվարի 1-ին) և Տիգրանը (ծնվ. 1881թ. մարտի 20-ին)։ Ղազարի ժառանգներին գյուղում անվանել են Ղազոյենց (Ղազարենց), օրինակ Ղազոյենց Նորիկը, Գառնիկը։

Տասնամյակներ անց Սուդյենց տոհմի զավակները շարունակում են հավատարիմ մնալ իրենց հոգևոր արմատներին։ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին Ռինդ գյուղի կյանքում տեղի ունեցավ պատմական իրադարձություն՝ օծվեց նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Եկեղեցին կառուցվել է տոհմի ներկայացուցիչ, գործարար Վարդան Սարգսյանի անձնական միջոցներով (ճյուղը՝ Տեր-Սարգիս > Տիգրան > Նիկոլա > Վաչագան > Վարդան)։ Այս նվիրական գործին իր աջակցությունն է ցուցաբերել նաև նույն տոհմի մեկ այլ ներկայացուցիչ՝ գործարար Սահակ Սարգսյանը։ Հատկանշական է, որ Վարդան Սարգսյանը Մոսկվայում հիմնադրել է «Ռինդ» անունով ընկերություն։

Այսպիսով, Տեր-Պետրոսի գերդաստանի հոգևոր ժառանգությունը շարունակվում է նաև այսօր՝ Ռինդում կառուցված նոր եկեղեցու միջոցով։

Ծանոթագրություն. Սա Սուդյենց տոհմի պատմական անդրադարձն է։ Եթե կցանկանաք ունենալ նաև գերդաստանի թվային տոհմածառը, կարող եք տվյալներն ուղարկել նշված կապի միջոցներով։

Լրացումների կամ վրիպակներ նկատելու դեպքում նույնպես խնդրում եմ կապ հաստատել։