Ռինդ գյուղի պատմությունը հյուսված է մարդկային ճակատագրերից, որոնք անցել են պատմական փոթորիկների միջով՝ պահպանելով ազգային ինքնությունն ու սերը հայրենի հողի հանդեպ։ Այդպիսի խորը և հարուստ պատմություն ունի գյուղի հնագույն տոհմերից մեկը, որի արմատները ձգվում են դեպի պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգ։
Տոհմի պատմությունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմության երկու բախտորոշ իրադարձությունների՝ 1604 թվականի Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի հետ։
Ազգագրագետ Երվանդ Լալայանը, ուսումնասիրելով Վայոց ձորի բնակավայրերը, իրավացիորեն նկատել է, որ Ռինդի վերաբնակիչները, թեպետ ներգաղթել են տարբեր վայրերից, սակայն իրենց ծագումով տեղաբնիկ վայոցձորցիներ են։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս տոհմի նախնիները նույնպես, մինչև Պարսկաստանի խորքերը տարվելը, ապրել են Վայոց ձորում։ Ճակատագրի բերումով նրանք շուրջ երկու դար ապրել են Պարսկաստանի Շորագյալ բնակավայրում, ինչի պատճառով էլ հետագայում, վերադառնալով հայրենիք, ժողովրդի կողմից ստացել են «Շորգեցիներ» անունը։
1828 թվականին, օգտվելով պատմական հնարավորությունից, տոհմի նահապետ Գրիգորի և նրա կնոջ՝ Զանազանի երեք որդիները՝ Սիմոնը, Սանասարը և Բաղդասարը, վերադառնում են Արևելյան Հայաստան և հաստատվում Ռինդ գյուղում՝ դառնալով նրա առաջին վերաբնակիչներից։ Նրանք լծվում են ավերված տնտեսության վերականգնմանը՝ դառնալով հողի նվիրյալ մշակներ և գյուղի հենասյուներից մեկը։
Ճյուղավորումները և Սերունդները
Տասնամյակներ շարունակ բանավոր հիշողությամբ փոխանցված տոհմածառը, համադրվելով 19-րդ դարի (1852, 1859, 1873 և 1886 թթ.) Ռինդի կամերալ ցուցակագրման մատյանների հետ, ի հայտ է բերում չափազանց հետաքրքիր պատմական իրողություններ՝ լրացնելով և հստակեցնելով գերդաստանի իրական պատկերը։
1. Շորգեցի Սիմոնը և Սանասարի որդիները
Ավագ եղբայրը՝ Շորգեցի Սիմոնը (ծնվ․ 1808թ․, կինը՝ Հայկանուշ), ունեցել է միայն դուստրեր և արական գծով շարունակություն չի թողել։ Սակայն, լինելով գերդաստանի ավագը և ամենահեղինակավոր դեմքը, նրա անունով հաճախ կոչել են ողջ տոհմը կամ նրա առանձին ճյուղերը (օրինակ՝ «Սիմոնենց Սանասար», «Սիմոնենց Ստեփան», չնայած որ Ստեփանը եղել է Սանասարի որդին)։
Այս ազգագրական նրբությունը հետաքրքիր արտացոլում է գտել Ռուսական կայսրության մատյաններում։ Կամերալ գրագիրները, լսելով «Սիմոնենց» տոհմանունը, այն հաճախ շփոթել են հայրանվան հետ և Շորգեցի Սիմոնի եղբոր՝ Սանասարի (ծնվ. 1810թ., կինը՝ Մարան) որդիներին գրանցել են իբրև Սիմոնի զավակներ։ Որպեսզի շտկեն այս խառնաշփոթը, պաշտոնյաները ցուցակներում փակագծերի մեջ հավելել են «он же Санасаров» (նույն ինքը՝ Սանասարի)՝ վավերագրելով նրանց իրական կենսաբանական ծագումը։ Այն փաստը, որ 1886թ. ցուցակներում Սանասարի որդիներից և ոչ մեկի ընտանիքում բուն Շորգեցի Սիմոնը չի հիշատակվում, վերջնականապես ապացուցում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե խնամակալությանը, այլ զուտ ավանդական տոհմանվանը։
Սանասարի զավակներն են.
- Ստեփանը (ծնվ. ~1833/1839թթ.), ում որդիներն են Հովհաննեսը (ծնվ. 1869թ.), Խաչատուրը (ծնվ. 1874թ.) և Վահանը (ծնվ. 1880թ.)։
- Խաչատուրը (ծնվ. ~1849թթ.), ում որդիներն էին Վասակը (ծնվ. 1874թ.) և Կարապետը (ծնվ. 1877թ.)։ Վասակի որդիներն են Ալեքսանը (ծնվ. 1898թ.), Հովհհաննեսը (ծնվ. 1902թ.) և Համայակը (ծնվ. 1908թ.)։ Կարապետի որդիներից արական գծով շարունակություն է ունեցել Սեդրակի (ծնվ. 1904թ.) ճյուղը։
- Կարապետը (ծնվ. ~1852թ.), ում որդին է Լիպարիտը (ծնվ. 1877թ.)։ Լիպարիտի որդին Գևորգն է (ծնվ. 1914թ.)։
- Հայրապետը (ծնվ. ~1855թ.), ում անունով էլ հետագայում ձևավորվել է Հաբեթենց ճյուղը։ Նրա որդիներն են Նիկոլան (ծնվ. 1880թ.) և Մնացականը (ծնվ. 1885թ.)։
2. Բաղդասար (Բաղդոյենք)
Երրորդ եղբայրը՝ Բաղդասարը (ծնվ. ~1810-1812թթ.), դարձել է մեծ ու ճյուղավորված Բաղդոյենց տոհմի հիմնադիրը։ Նա ունեցել է երեք որդի՝ Մկրտիչը, Խաչատուրը և Անտոնը, որոնցից սկիզբ են առել գերդաստանի հիմնական ճյուղերը.
- Սիմոնենք (Սիմոնյաններ). Սկիզբ են առնում Բաղդասարի ավագ որդու՝ Մկրտիչի զավակ Սիմոնից։ Սիմոնի որդիներն են Հարությունը (ծնվ. 1905թ.), Համայակը (ծնվ. 1908թ.), Արամը (ծնվ. 1909թ.), Համբարձումը (ծնվ. 1923թ.) և Մկրտիչը (ծնվ. 1926թ.)։
- Խաչատուրի ճյուղը. Բաղդասարի միջնեկ որդին՝ Խաչատուրի զավակներից արական գծով շարունակություն են ունեցել Զաքարան (ծնվ. 1888թ.) և Գարեգինը (ծնվ. 1901թ.)։
- Անդոնենք (Անտոնյաններ, Գրիգորյաններ). Բաղդասարի կրտսեր որդին՝ Անտոնը (ծնվ. 1853թ․), հիմք է դրել Անդոնենց գերդաստանին։ Անտոնն ունեցել է հինգ որդի՝ Մկրտիչ, Սարգիս, Լյուդվիկ, Երանոս և Գրիգոր։ Այսօր Ռինդում բնակվող նրա ժառանգները կրում են հիմնականում Անտոնյան և Գրիգորյան ազգանունները։
Տոհմի հիշատակարանը հարստանում է նաև մերօրյա արխիվային բացահայտումներով։ «Ժողովրդի հիշողություն» (Память народа) պետական արխիվային տվյալների համաձայն՝ տոհմի ներկայացուցիչ Ջանշիկ Լյուդվիկի Անտոնյանը (ծնված 1916թ., Ռինդ), ով Անդոնենց գերդաստանից է, Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով (հրաման №78, 1985թ.): Սա վկայում է տոհմի զավակների նվիրումի և հայրենասիրության մասին։

Տոհմի տարբեր շառավիղներ այժմ էլ ապրում ու արարում են Ռինդում՝ դառնալով գյուղի պատմական տարեգրության անբաժանելի և կենսունակ մասը։
Այս հոդվածով փորձել եմ ամբողջացնել մեր գյուղի հիմնադիր տոհմերից մեկի պատմությունը։ Սակայն գիտակցում եմ, որ արխիվային տվյալները և բանավոր զրույցները կարող են թերի լինել։ Եթե Դուք հանդիսանում եք այս գերդաստանի շառավիղը, եթե ունեք ընտանեկան լուսանկարներ, պահպանված հուշեր տոհմի նշանավոր անձանց, գյուղի կյանքում նրանց ունեցած դերակատարության մասին, կամ եթե նկատել եք անճշտություններ անունների և տարեթվերի մեջ, խնդրում եմ կապ հաստատել։ Իսկ եթե ցանկանաք կազմել ամբողջական տոհմածառը, ապա թվայնացման հարցում կարող եմ օգնել (rind.am կայքում կամ geni)։