Ռինդ գյուղի ամենաշատ այցելվող և սիրված վայրերից մեկը՝ դեպի Վիմափոր եկեղեցի տանող արահետը, այլևս պարզապես քայլարշավային երթուղի չէ, այլ նաև յուրօրինակ բացօթյա պատկերասրահ։ Այժմ ճանապարհորդության ողջ ընթացքում արշավականներին ու ուխտավորներին ուղեկցում են բնական ժայռազանգվածների և քարերի վրա արված տպավորիչ քանդակներ։
Քայլելով լեռնային գեղատեսիլ արահետով՝ այցելուները կարող են հանդիպել տեղանքին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ հպարտ քարայծի, ժայռին ընդառաջ սողացող մողեսի, սավառնող արծվի և այլ կենդանիների պատկերների։
Այս ժայռաքանդակները սոսկ դեկորատիվ բնույթ չեն կրում. դրանք խելացի կերպով տեղակայված են արահետի հենց այն հատվածներում, որտեղ վերելքից հոգնած ուղևորը կանգ առնելու կարիք է զգում։ Քանդակները դառնում են հիանալի առիթ՝ մի պահ շունչ քաշելու, արվեստի գործն ուսումնասիրելու, հիշարժան լուսանկարներ անելու և բնության գրկում նոր էներգիա հավաքելու համար։
Արահետին նոր շունչ հաղորդող այս նախագիծը տեղացի երիտասարդների անձնական նախաձեռնությունն է։ Երկու ընկերներ՝ Վարազդատ Ասատրյանը և Նարեկ Ավետիսյանը, իրենց սեփական միջոցներով, մտահղացումներով և աշխատանքով են կյանքի կոչել այս գաղափարը՝ նպատակ ունենալով ավելի գրավիչ և բովանդակալից դարձնել Ռինդով անցնող արշավային երթուղին։
Սա նաև յուրօրինակ կոչ է համայնքի բնակիչներին ու հյուրերին. եթե կան այլ նախաձեռնություններ, հետաքրքիր գաղափարներ կամ մտքեր՝ ուղղված արշավային տուրիզմի զարգացմանն ու մեր միջավայրի բարեկարգմանը, մենք բաց ենք առաջարկների համար և սիրով կնպաստենք դրանց իրականացմանը։