Մայիսի 1-ը Ռինդում

Մայիսի 1-ը Ռինդում

Ռինդ գյուղի տոնացույցում մայիսի 1-ն ունի բացառիկ նշանակություն և յուրահատուկ կարևորություն, որն իր նշանակությամբ և մասսայականությամբ գյուղում կարող է համեմատվել գուցե միայն Ամանորի հետ։ Ռնդեցիների համար սա մի տոն է, որն այնքան խորը արմատներ է գցել մարդկանց կենցաղում և գիտակցության մեջ, որ մանուկ հասակում մեզնից շատերին թվում էր, թե այն համահայաստանյան, նույնիսկ՝ համամարդկային պարտադիր տոն է։ Առաջին մեծ զարմանքն ապրում ես այն ժամանակ, երբ պարզում ես, որ հարևան որոշ գյուղերում կամ քաղաքներում այս օրն անցնում է գրեթե աննկատ, մինչդեռ Ռինդում այն իսկական համաժողովրդական տոնախմբություն է։

Թեև Մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր, ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ցույցերի, սակայն Ռինդում այն լայն տարածում և ժողովրդականություն է ստացել 20-րդ դարի 50-ական թվականներից։ Գյուղի տարեցները վկայում են, որ տոնը հատկապես սկսել է սիրվել և զանգվածաբար նշվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ռնդեցու համար սա ոչ թե քաղաքական կամ գաղափարախոսական տոն է, այլ, առաջին հերթին, իր ապրուստը հողից քամող, քրտնաջան աշխատանքով վաստակող հայ գյուղացու, արարող մարդու տոնն է։ Սա կարծես գարնանային գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներից առաջ մի փոքր շունչ քաշելու, բնության զարթոնքը վայելելու և համայնքային կապերն ամրապնդելու յուրահատուկ ծիսակարգ լինի։

Մայիսի մեկը Ռինդում զուտ մեկօրյա իրադարձություն չէ։ Տոնի շունչը գյուղում զգացվում է դեռ ապրիլի 30-ից, երբ սկսվում է նախապատրաստությունների ու գնումների եռուզեռը, և ավարտվում է մայիսի 2-ին։ Այն նշում են գրեթե բոլորը՝ առանց բացառության, և յուրաքանչյուր տարիքային խումբ ունի նշելու իր ձևաչափը։

Ընտանեկան և մանկական ձևաչափ: Փոքր երեխաները տոնը նշում են ընտանիքների հետ։ Մայիսի 1-ի առավոտյան ընտանիքներն ուղևորվում են դաշտ կամ սար՝ մինչև երեկո անցկացնելով բնության գրկում։ Կազմակերպվում են խաղեր, վայելում են գարնանային արևը և, իհարկե, պատրաստում ավանդական խորովածը, որն այս օրվա անբաժանելի մասն է և հաճախ մատուցվում է օրվա ընթացքում երկու անգամ։

Դպրոցական ընկերություն: 5-6-րդ դասարանից սկսած՝ ավանդույթը փոխվում է։ Երեխաներն արդեն սկսում են տոնը նշել ոչ թե ընտանիքի, այլ իրենց դասընկերների ու հասակակիցների հետ։ Այս ավանդույթը ձևավորում է ընկերական ամուր կապեր, որոնք պահպանվում են տասնամյակներ։

Երիտասարդներ: Երիտասարդների շրջանում ընդունված է դաշտ ուղևորվել հենց ապրիլի 30-ին։ Նրանք գիշերն անցկացնում են դաշտում՝ խարույկների շուրջ, երգ ու պարով դիմավորելով մայիսյան լուսաբացը։

Ավանդական վայրերը՝ Հին Ռինդից մինչև մեր օրեր

Հետաքրքիր է, որ ընկերական խմբերը տարիների ընթացքում ձեռք են բերել տոնը նշելու իրենց սիրելի ու մշտական վայրերը, որոնք հիմնականում գտնվում են գյուղից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած տարածքներում։ Շատերը հենց այդ վայրերում տարիների ընթացքում կառուցել են հարմարավետ տաղավարներ, ստեղծել խաղահրապարակներ, տնկել ու խնամել են ծառեր՝ այդ վայրերը դարձնելով իսկական հանգստի գոտիներ հաջորդող սերունդների համար։

Պատմական ակնարկ անելով՝ կարելի է նշել, որ Հին Ռինդի բնակիչները տոնը հիմնականում նշել են գյուղի հարակից հյուսիսային շրջաններում՝ հատկապես Բաղչաջուղ գյուղատեղիում, որտեղ հաճախ խաչվում էին նաև հարևան Աղավնաձորի բնակիչների տոնական ճանապարհները։

Տոն, որը սահմաններ ու տարիք չի ճանաչում

Մայիսի 1-ը Ռինդում տարիք չի հարցնում։ Ասվածի վկայությունն այն է, որ տարիներ առաջ ականատես եղա ինչպես 85-անց երկու դասընկեր՝ Մինասենց Ռաֆիկը ու Բաղդոյենց Լևոնը, որոնց մյուս ընկերներն արդեն հեռացել էին կյանքից, խանութից իջնում էին՝ իրենց համար փոքր գնումներ կատարած և պատրաստվում էին մի ծառան տակ նստել ու նշել աշխատավորի օրը։

Ռինդում Մայիսի 1-ը պարզապես գարնանային խնջույք չէ։ Դա աշխատանքի հանդեպ հարգանքի, ընկերության, հողի հետ կապի և սերնդեսերունդ փոխանցվող գեղեցիկ ավանդույթի տոն է։