Վայոց ձորի հրամանատարական կազմը

Հուշեր Մհերի մասին. Ռինդի և Վայոց ձորի պաշտպանը

Ռինդի պատմությունը հարուստ է հերոսական դրվագներով, սակայն դրանց մեջ առանձնանում է մի կերպար, որի անունը հոմանիշ է դարձել ֆիզիկական անհավանական ուժի, բնածին ռազմական տաղանդի և հայրենիքին անմնացորդ նվիրումի։ Խոսքը դաշնակցական ֆիդայի Մհերի մասին է՝ Ռինդեցի Մկրտիչի որդին, Բալինի թոռը, Մելիք-Սաֆարի ծոռը։

Լինելով Վայոց ձորի հրամանատարական խմբի անդամ, Յապոնի և Անդրանիկի զինակիցը՝ Մհերը իր հետքն է թողել ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ։ Սակայն չոր փաստերից զատ, շատ ավելի խոսուն են ժամանակակիցների վկայությունները։

Ստորև ներկայացնում եմ բացառիկ հուշեր Մհերի մասին, որոնք գրի է առել Հայաստանի Առաջին Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի վարիչ, ականավոր ռազմական գործիչ Արշալույս Աստվածատրյանը։ Նյութը տպագրվել է «Հայրենիք» ամսագրի 1949 թվականի հոկտեմբերի համարում։

Բնածին մարտիկը

Աստվածատրյանը Մհերին հիշում է որպես Վայոց ձորի կամավոր զինվորների մեջ եզակի երևույթի՝ թե՛ իր հոգեկան հատկանիշներով, թե՛ արտաքին տեսքով։ Համեմատելով նրան ժամանակի այլ հայտնի ֆիդայիների՝ էրդափինցի Ալեքսանների կամ մալիշկեցի Խեչոյի հետ, հեղինակը նշում է.

«Մհերը մի բան աւելի էր: Նա, եթէ կարելի է այսպէս ասել, ինքնաբոյս, ինքնածին, բնածին մարտիկ էր: Քիչ բան ունէր դրսից, շրջապատից ստացած: Ամէն ինչ բխում էր իր ներքին էութիւնից: Այն տպաւորութիւնն ունէի, որ բացատրութիւնների կարիք չունէր. մի ակնարկից հասկանում էր թէ ե՞րբ, ի՞նչ եւ ի՞նչպէս պէտք է անել: Այդպիսիների մասին մեր գիւղացիք ասում էին՝ «թելին տաս կը հասկանայ»»։

Ֆիզիկական ուժն ու համեստությունը
Մհերի արտաքինը ահռելի տպավորություն էր թողնում։ Աստվածատրյանը գրում է, որ նրան տեսնելիս մտքով անցել է, թե հայտնի «Որսորդ Ավոյի Մհերը ոչինչ է եղել իր համեմատությամբ»։

«Այժմ էլ չեմ կարողանում զսպել իմ ժպիտը, երբ յիշում եմ Մհերի փոքրահասակ ու նրբակազմ կնոջը, որ ամուսնոյն նայելիս՝ գլուխը վեր էր թեքում այնպէս, ինչպէս սովորաբար մարդս կ՝անի՝ բարձր ծառի գագաթը նայելիս: Բարձրահասակ ու թիկնեղ ֆիզիքական անխորտակելի ուժի մարմնացումն էր Մհերը»:

Սակայն այս հսկան զարմացնում էր իր համեստությամբ։ Ի տարբերություն շատերի, ովքեր գիտեին իրենց «արժեցնել» ըստ հանգամանքների, Մհերը գործի մեջ առաջինն էր, իսկ գործից դուրս՝ սովորական գյուղացի։ Գյուղացիները պաշտում էին նրան՝ համարելով Ռինդի պարծանքը։

Ռինդի անվտանգության երաշխավորը
Ռինդը գտնվում էր հայկական և թրքական գիւղերը բաժանող վերջին գծի վրա և վտանգի դեպքում առաջինն էր հարձակման ենթարկվելու։ Թեև հարևան Աղավնաձոր և Արփա (Արենի) գյուղերը պատրաստ էին օգնության հասնել, բայց ռինդեցիների համար Մհերի ներկայությունը ամենագլխավոր երաշխիքն էր։

Սակայն, Մհերն այն օրերին ոչ գյուղացիներին էր պատկանում, ոչ էլ իրեն. նա տեղական կազմակերպության տրամադրության տակ էր և ուղարկվում էր այնտեղ, ուր հարկավոր էր նկատվում:

«Հայ-թրքական ընդհարումների ժամանակ Մհերը, միայնակ, մի ամբողջ խմբի արժէք ունէր իւրայինների աչքում: Եւ երբ նա գիւղումն էր, համագիւղացիք հանգիստ էին: Իսկ երբ նա բացակայում էր, Ռինդը իրեն վտանգուած էր համարում»:

Դեռ մինչև բուն կռիվների սկսվելը, հայկական կողմը զենքի խիստ պակաս ուներ։ Ամբողջ Վայոց ձորում կար ընդամենը 5 պետական հրացան։ Թշնամուն զսպելու համար տեղական գործիչները դիմում էին խորամանկության՝ ստեղծելով ֆիդայական մեծ ջոկատների պատրանք։

«Տեղական ընկերների հետ պարզապէս դերասանութիւն էինք անում հարեւան թուրքերի վրայ տպաւորութիւն ձգելու համար… կազմել էինք մի ձիաւոր խումբ եափունջիներով, ծոպաւոր փափախներով, որի մի մասը զինել ձեռքի տակ ունեցած հրացաններով եւ որը ուշ երեկոները սրարշաւ քշում-անցնում էր թրքական գիւղերի մօտով ու անհետանում խաւարում…»:

Սա աշխատում էր. հաջորդ օրը թուրքերը գալիս էին հայկական գյուղեր՝ հավատացնելու իրենց «բարիդրացիական» տրամադրությունների մասին։

Զենքի տեղափոխումն ու վտանգավոր խաչմերուկը
Շուտով Վայոց Ձորի կոմիտեն մարդ է ուղարկում Երևան՝ զենք բերելու։ Հաջողվում է ձեռք բերել հրացաններ և փամփուշտներ։ Վերադարձի ճանապարհին, երբ զենքով բեռնված խումբը պետք է անցներ թուրքական գյուղերի միջով, ստեղծվում է օրհասական վիճակ։

Աստվածատրյանը որոշում է ձիով առաջ ընկնել, հասնել Ռինդ և զգուշացնել Մհերին, որպեսզի նա ընդառաջ գա և ապահովի զենքի անցումը վտանգավոր հատվածով։

«Երբ բաւական մօտեցել էի վտանգաւոր տեղին, նկատեցի, որ ճանապարհը ճիւղաւորւում էր: Հասկացայ, որ մէկը տանում էր դէպի թրքական գիւղը, իսկ միւսը՝ դէպի Ռինդ… Խնդիրը լուծեց ձիս՝ վստահութեամբ վերցնելով դէպի ձախ ընկած լուրը տանող ուղին»:

Ձին սխալվում է։ Աստվածատրյանը գնում է ուղիղ դեպի թշնամու գյուղը։ Ընկերները հետևից գոռում են, զգուշացնում։ Այդ պահին նրան նկատում է մի թուրք պատանի։ Աստվածատրյանը ռուսերենով խաբում է, թե գնում է Քեշիշ-քենդ (Եղեգնաձոր) և սխալվել է ճանապարհը, ապա սրարշավ փախչում դեպի Ռինդ։ Պատանին վազում է գյուղ՝ լուր տալու։

Հասնելով Ռինդ՝ Աստվածատրյանը կանգ է առնում Մհերի տան դիմաց։ Մհերը տանն էր։

«Վայրկեանապէս հասկացաւ թէ բանն ինչումն է ու, մի ահագին մահակ առնելով, դուրս թռաւ տանից: Մի վայրկեան եւս, եւ մի քանի հոգի հետն առնելով՝ դուրս թռան գիւղից՝ դէպի մերոնք»:

Բարեբախտաբար, հայկական խումբը հասցրել էր անցնել վտանգավոր գիծը, իսկ թուրքերը ուշացել էին։ Սկսվել էր լեզվակռիվ, որը, սակայն, վերջանում է Մհերի հայտնվելով։ Կռվի մեջ մտնել պատրաստվող թուրքերն անմիջապես զգում են պահի լրջությունը և հետ են քաշվում, երբ հեռվից տեսնում են Մհերին։ Նրանք լավ գիտեին Մհերի ուժը։

«Լեզուակռիւը վերջացել էր Մհերի երեւալով: Թուրքերը խոհեմօրէն յետ էին դարձել: Զէնքերը պահ տուինք Մհերին եւ շարունակեցինք մեր ճանապարհը»:

Արշալույս Աստվածատրյանը իր հուշերը եզրափակում է Մհերի կերպարի գնահատմամբ։ Նա նշում է, որ այդ ժամանակ Մհերը կլիներ 20 տարեկան։

«Այն ժամանակ Մհերը կը լինէր քսան տարեկան: Կասկած չունեմ, որ ինչ որ էր քսան տարեկան հասակում, նոյնն էլ մնացել է թեւակոխելով եօթերորդ տասնամեակը, այսինքն՝ շինական պարզ ու անարատ հոգով ու մեծ զգացումով՝ դէպի իր հայրենիքը, դէպի իր ազգը… Բանտարկել-պատժել Մհերի պէս մարդկանց, կնշանակէ դաւել հայրենիքի եւ ազգի դէմ: Այն ձեռքը, որ բարձրանում է Մհերի կամ նրա նմանների վրայ, հայի ձեռք չէ։»: