Ռինդ գյուղի պատմության ամենաառանցքային դրվագներից մեկը կապված է ոչ միայն նրա հիմնադրման, այլև առաջին բնակիչների համառության և աշխատասիրության հետ: Գյուղի վերածնունդն ու հետագա բարգավաճումն անհնար կլիներ առանց մի կենսական պայմանի՝ ոռոգման ջրի: Իսկ այդ ջուրը գյուղ հասցնելու պատմությունը իսկական համայնքային կամքի դրսևորում էր:
Ռինդի վերահիմնադրումը սկսվեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո: Թեև ստույգ տարեթիվը հայտնի չէ, արխիվային տվյալներն ու տոհմական հիշողությունը փաստում են, որ 1830-ական թվականներին գյուղն ուներ յոթ հիմնադիր տնտեսություն: Այդ ընտանիքների նահապետներն էին՝
Շորգեցի Սիմոնը
Մելիք Բալին (Մելիք-Սաֆարի ավագ որդին)
Մուղսի Աղաբաբը (Մելիք-Սաֆարի միջնեկ որդին)
Գրիգորը (Մելիք-Սաֆարի կրտսեր որդին)
Մինասը (Մելիք-Բալիի քրոջ որդին)
Զարգար Թադևոսը (Զարգյարենց տոհմ)
Պողոսը (Թադևոսի հայրը)
Հաստատվելով նոր բնակավայրում՝ հիմնադիր յոթ ընտանիքներն անմիջապես գիտակցեցին, որ գյուղատնտեսություն զարգացնելու և մշտական բնակություն ապահովելու համար ջուր է պետք: Որոշվեց օգտագործել Ուլգյուրի լեռներից սկիզբ առնող աղբյուրների ջրերը: Սակայն կար մի լուրջ բնական արգելք. ջուրը Ռինդ հասցնելու միակ ճանապարհն անցնում էր հարևան Աղավնաձորի դաշտերով և շուրջ 2 կիլոմետր երկարությամբ ձգվող ամայի, ապառաժոտ ու անանցանելի տեղանքով:
Այդ ժամանակ Աղավնաձորն արդեն ուներ 15 տնտեսություն՝ Մելիք Մաթոսի գլխավորությամբ: Ռինդի ներկայացուցիչները գնում են նրա մոտ՝ խնդրելով թույլ տալ առուն անցկացնել իրենց տարածքով: Մելիք Մաթոսի պատասխանը շատ բնութագրական էր այդ ժամանակի և տեղանքի բարդության համար. «Դա անհնարին է: Բայց եթե դուք հնարավոր եք համարում՝ գնացեք, առուն հանեք ու ջուրը տարեք»:
Աղավնաձորցիների համաձայնությունը (թեկուզ և թերահավատ) ստանալուց հետո, ռինդեցիներն անցնում են գործի: Յոթ ընտանիքներն աշխատանքը բաժանում են զարմանալի կազմակերպվածությամբ:
Մուղսի Աղաբաբը, ով հմուտ դարբին էր, ստանձնում է գործիքների ապահովումը. նա գիշեր-ցերեկ կոփում ու սրում էր բահեր, չիվեր, լոմեր ու քլունգներ: Մնացած վեց տնտեսություններից մեկական տղամարդ ամեն առու էր հանում: Քար առ քար, ապառաժները կտրելով ու փորելով, նրանք աշխատում են ավելի քան մի ամբողջ տարի:
Կառուցված առուն Ուլգյուրի ջրերը թեքել է դեպի արևմուտք՝ հասցնելով մինչև գյուղի հյուսիսային բարձունքները, որտեղից էլ ջուրը Սպիտակ քար (քարի ջուր) հուշարձանի վրայից գահավիժել է Ռինդի դաշտեր:
Ավելի քան մեկ տարվա ծանր ու համառ աշխատանքն ի վերջո տվեց իր պտուղները: Երբ պատրաստի առվով առաջին անգամ ջուրը հասավ Ռինդ, գյուղում իսկական տոն էր: Հիմնադիր ընտանիքները խնջույք կազմակերպեցին, մատաղներ արեցին և նշեցին իրենց առաջին մեծ, համատեղ հաղթանակը բնության և դժվարությունների նկատմամբ:
Այդ ջուրը կենսական նշանակություն ունեցավ գյուղի համար: Դրա շնորհիվ Ռինդի ներքևի դաշտերում և բլրալանջերին տնկվեցին առաջին խաղողի այգիներն ու պտղատու ծառերը՝ հիմք դնելով այգեգործական այն հարուստ ավանդույթին, որով Ռինդը հայտնի է մինչ օրս:
2°