Ներկայիս Ռինդ գյուղի բնակեցվել է 1966-1969 թվականներին, երբ բնակչությունն ամբողջությամբ տեղափոխվեց Հին Ռինդ գյուղից, որը տեղակայված է ներկայիս բնակավայրից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Արխիվային վավերագրերի համաձայն՝ Հին Ռինդը հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին՝ յոթ ընտանիքների կողմից։ Այս երկու բնակավայրերը պատմաժողովրդագրական և տրամաբանական մեկ ամբողջություն են։ Այնուամենայնիվ, պատմական ավելի վաղ շերտերի ուսումնասիրությունը, մասնավորապես բնակավայրի տեղանքի և «Ռինդ» տեղանվան ընտրությունը, պահանջում է համալիր աղբյուրագիտական մոտեցում։
Ժողովրդագրական պատկերը և ինքնընկալումը
Ռինդի վերաբնակիչների գերակշիռ մասը տեղաբնիկ հայերի շառավիղներ են։ Սրանով է պայմանավորված նրանց խոսվածքը (Վայոց ձորի միջբարբառը) և էթնիկ ինքնընկալումը։ Տարածաշրջանում Ռինդի բնակիչներին ավանդաբար անվանում են «հին հայեր»։ Այս եզրույթը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարի սկզբին՝ տարանջատելու համար տեղաբնիկներին Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքից գաղթած բնակչությունից, որոնց տեղացիներն անվանում էին «թազա (նոր) հայեր», իսկ նրանց խոսվածքը՝ «թազա հայերեն»։ Տոհմաբանական նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հին Ռինդը հիմնադրած ընտանիքները, թեև լինելով Վայոց ձորի և Նախիջևանի տեղաբնիկներ, անմիջականորեն չեն հանդիսանում Ռինդի կամ նրա հետ ասոցացվող հնագույն բնակավայրի նախկին բնակիչների անմիջական ժառանգները։ Հետևաբար, գլխավոր խնդիրը կայանում է նրանում՝ արդյոք 1830-ականներին հիմնադրվել է միանգամայն նոր բնակավայր նոր անվանումով, թե՞ այն հանդիսանում է պատմական որևէ այլ բնակավայրի ժառանգորդը։
Աղբյուրագիտական վկայություններ (Օրբելյան, Ալիշան, Լալայան, Քաջբերունի)
Ռինդի և նրա նախորդող բնակավայրի նույնականացման հարցը քննարկվել է 19-րդ և 20-րդ դարերի հայ պատմագիտության և ազգագրության մեջ։ Ուսումնասիրողները՝ Երվանդ Լալայանը, Ղևոնդ Ալիշանը և Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), որպես պատմական հենք են ընդունել 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը։
Ա. Օ. Խաչատրյանը 1974 թվականին լույս տեսած «Վայոց ձորի մի շարք պատմական բնակավայրերի տեղադրության մասին» հոդվածում նշում է, որ Օրբելյանի հարկացուցակի 87-րդ գյուղը Ըռեդին է։ Համաձայն արդի տեղագրության և ազգագրական վկայությունների (մասնավորապես՝ «Ազգագրական հանդես», 1904, N12, էջ 281), այդ գյուղատեղին գտնվում է Ղոզուլշա գետակի ակունքներում և հայտնի է «Ուլգյուր» անվամբ։ Այստեղ պահպանվել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը (կառուցված 1292 թ.)։ Դրանից դեպի արևելք գտնվում է մեկ այլ կիսավեր եկեղեցի և 13-14-րդ դարերի խաչքարեր («Վանքի դուզ» տեղամասում)։ Այս տեսակետը հաստատում են նաև Ի. Շոպենը և Ղ. Ալիշանը՝ արձանագրելով, որ հենց սա է եղել Ռինդ գյուղի նախորդը։
Գրող և ճանապարհորդ Քաջբերունին իր «Ճանապարհորդական նկատողություններ» աշխատության մեջ (էջ 127) հստակ արձանագրում է. «Ռինդ գյուղը իսկապես այժմյանը չէ, այլ սրանից դեպի հյուսիս-արևելք գտնվող Յուլգյուրդ անունով ավերակն է։ Ռինդ գյուղը գուցե լինի Օրբելյանի ցուցակի մեջ հիշատակված Ըռեդի գյուղը»։
Ղևոնդ Ալիշանն իր «Սիսական» աշխատության մեջ (էջ 167) տալիս է հետևյալ նկարագրությունը. ««Ի ձորագլուխ արեւմտեան օժանդակին կայ աւերակ գիւղատեղի Իւլգիւրտ (ներկայիս Ուլգյուրը) կոչեցեալ այժմիկ. որոյ փոքր ինչ մերձաւոր ըստ ձայնին և ըստ դասաւորութեան գիւղից՝ գտանի ի հին Ցուցակին օտարոտի իմն կամ սխալ գրեալ Որգոյերեգի թէպէտ տեղայինք ասեն զայն լինել հին Ռինտ գիւյ, որոյ փոխան բացագոյն կայն նորն, զոր և ընդ հուպ տեսուցք։ Առ երի աւերակաց տանց ամայացեալ գեղջս մնան և որմունք քարաշէն եկեղեցւոյ միոյն յանուն Սրբոյն Ստեփաննոսի, որպես ցուցանէ արձանագիրն աղաւաղեալ՝ որ ի ճակատ բեմին, ունենալով զթուական 1292 ամի.»։
Ալիշանը «Սիսականի» 168-րդ էջում նորաշեն Ռինդի մասին թողել է ևս մեկ ուշագրավ հիշատակություն՝ նշելով նաև տնտեսությունների քանակը. «Մղոնաւ կամ դոյզն աւելի ի Մ. Հր. Ըղնաձորի յուրոյն ձորակի առ ջրովն կայ Ռինտ նորաշէն գիւղ Հայոց գաղթականաց ի Պարսից բաժնէ, յորում 23 տունք էին յամի 1873»։ Հատկանշական է, որ մեծանուն պատմաբանը ռնդեցիներին անվանում է «գաղթականաց ի Պարսից»։ Այս անճշտությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է 19-րդ դարի վիճակագրական ընդհանրացումներով, երբ 1828-30-ական թվականներին կազմավորված գրեթե բոլոր համայնքները փաստաթղթերում իներցիայով վերագրվում էին Պարսկաստանից եկած մեծ գաղթին, մինչդեռ ազգագրական և տոհմաբանական տվյալները հաստատում են Ռինդի հիմնադիրների տեղաբնիկ («հին հայ») լինելու փաստը։
Տեղանվան ստուգաբանությունը և պատմական հիշողությունը
1830-ական թվականներին գյուղը հիմնադրած 7 ընտանիքները քիչ հավանական է, որ բնակավայրն անվանակոչեին առանց որևէ պատմական հիմնավորման։ Լեզվաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «ռինդ, ռինտ, ըռունտ, ըռինդ» արմատն ունեցել է «գեղեցիկ, գրավիչ, վայելուչ, հպարտության արժանի» իմաստները, սակայն լեզվաբանական տվյալների հիման վրա քիչ հավանական է համարվում, որ 19-րդ դարի սկզբի խոսակցական լեզվում այս վաղմիջնադարյան բառն ակտիվ կիրառություն ունենար գյուղ անվանակոչելու համար։
Առավել գիտական և պատմականորեն հիմնավորված կարելի է համարել այն վարկածը, որ վերաբնակիչները տեղաբնիկների պատմական հիշողության հիման վրա փոխառել են Ստեփանոս Օրբելյանի ցանկում հիշատակված Ըռեդի անվանումը։ Ուշագրավ է, որ ավագ սերնդի խոսվածքում պահպանվել էր գյուղը «Ըռինդ» ձևով հնչերանգելու ավանդույթը, ինչը հնչյունաբանորեն խիստ մոտ է պատմական Ըռեդիին։
Համադրելով առկա պատմագրական, ազգագրական և աշխարհագրական վկայությունները՝ կարող ենք եզրակացնել, որ 19-րդ դարում հիմնադրված Ռինդ (Հին Ռինդ) գյուղը պատմական և տոպոնոմիկական առումով հանդիսանում է Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Ըռեդի բնակավայրի ժառանգորդը, որի նախնական տեղադրությունը համապատասխանում է ներկայիս Ուլգյուր գյուղատեղիին։
Թեև դարերի ընթացքում բնակավայրը (ներկայիս Ռինդը) աշխարհագրորեն տեղաշարժվել է իր վաղմիջնադարյան ակունքներից, բնակչության պատմական հիշողությունն ու հոգևոր կապը սկզբնավայրի հետ չեն խզվել։ Ուլգյուրը ռնդեցիների կողմից մինչ օրս ընկալվում է որպես հոգևոր կենտրոն և ուխտատեղի։ Այս խորքային կապի լավագույն դրսևորումներից է այն տնտեսական վավերագիրը, ըստ որի՝ 1830-ականներին գյուղի հիմնադրումից անմիջապես հետո (2-3 տարի անց), հիմնադիր ընտանիքները ձեռնամուխ եղան հենց Ուլգյուրի տարածքից դեպի նոր բնակավայր ոռոգման ջուր քաշելուն՝ շուրջ մեկ տարի տևած ծանր աշխատանքների գնով։
Ստորև ներկայացնում եմ օգտագործված գրականությունից բնօրինակ հատվածներ։