Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը (ավազանի անունը՝ Գևորգ) Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռի ականավոր ներկայացուցիչներից է, աստվածաբան և բարերար, ով իր բազմամյա գործունեությամբ անգնահատելի ավանդ է ներդրել Սյունյաց և Վայոց ձորի թեմերի հոգևոր-մշակութային կյանքի վերազարթոնքի, ինչպես նաև հայրենի Ռինդ գյուղի զարգացման գործում։
Վաղ կյանքը և կրթությունը
Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 27-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում՝ Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքում։ Սերում է Ռինդ գյուղի տոհմերից մեկից, որի մասին կանդրադառնամ առանձին նյութով։ Նրա հայրական տունը մինչ օրս կանգուն է հայրենի գյուղում։
Նախնական կրթությունը ստացել է Ռինդի միջնակարգ դպրոցում (1968-1978 թթ․)։ Ուսումնատենչ ոգին և հոգևոր կոչումը նրան տարել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ 1982-1986 թթ․ ուսանել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում։ Ճեմարանն ավարտել է գերազանցության դիպլոմով՝ պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» թեմայով ավարտաճառը, որն արդեն իսկ վկայում էր նրա գիտական հետաքրքրությունների մասին։
Գիտելիքների խորացման նպատակով 1989-1992 թթ․ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Հոգևոր ծառայությունը և եկեղեցական աստիճանները
Աբրահամ Սրբազանի հոգևոր ուղին եղել է սրընթաց և բեղմնավոր.
- 1986 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
- 1987 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
- 1989 թ. ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները (ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի)։
- 1996 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է եպիսկոպոս։
- 2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով նրան շնորհվել է Արքության պատիվ (արքեպիսկոպոսի կոչում)։
Թեմակալ առաջնորդի առաքելությունը
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեծ ներդրում ունի Հայաստանի հարավային շրջանների եկեղեցաշինության և հոգևոր կյանքի վերականգնման գործում։
1993-2010 թթ. եղել է վերակազմավորված Սյունյաց թեմի առաջնորդը։ Այս տարիներին նրա ջանքերով վերաբացվել են բազմաթիվ եկեղեցիներ, հիմնվել են կիրակնօրյա դպրոցներ և երիտասարդական միություններ։
2010 թ. դեկտեմբերի 10-ից մինչ օրս հանդիսանում է Վայոց ձորի թեմի առաջնորդը։
Գիտական և մանկավարժական գործունեությունը
Զուգահեռ հոգևոր ծառայությանը, Սրբազանը ծավալել է ակտիվ գիտական և մանկավարժական գործունեություն։ Տարբեր տարիների դասախոսել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում, աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար, ապա՝ տնօրեն։ Հեղինակ է մի շարք աստվածաբանական և պատմագիտական աշխատությունների, այդ թվում՝
- «Նախաշավիղ քրիստոնեական կրթության»
- «Հայր Մեր»-ի մեկնությունները ըստ Գրիգոր Տաթևացու» (վարդապետական թեզ)
- «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»
- «Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը» (թեկնածուական ատենախոսություն, 2006 թ․)
Ավանդը Ռինդ գյուղի և համայնքի զարգացման գործում
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գործունեության առանցքում միշտ եղել է հայրենի բնօրրանը՝ Ռինդը։ Նրա նախաձեռնություններն ուղղակիորեն փոխել են գյուղի սոցիալ-տնտեսական և մշակութային պատկերը։
Ռինդի ջրագծի կառուցումը (1997 թ.)
Սրբազանի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Ռինդ գյուղի ոռոգման ցանցի հիմնումն էր։ 1997 թվականին, օգտագործելով իր անձնական կապերը և հեղինակությունը, նա նախաձեռնեց Նորավանքի ձորից՝ Սուրբ Փոկասի մատուռի մոտից, խողովակաշարով ոռոգման ջրի տեղափոխումը դեպի Ռինդ։ Այս ռազմավարական ծրագրի շնորհիվ երբեմնի չոր և անջրդի հողատարածքները վերածվեցին կանաչ անդաստանների՝ հիմք դնելով գյուղատնտեսության բուռն զարգացմանը։ Ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը Սրբազանի հրավերով մասնակցել է Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչը պատմական իրադարձություն էր գյուղի համար։
Կրթական աջակցություն
Հավատարիմ մնալով «Գիտություն և Հավատք» սկզբունքին՝ Սրբազանը մեծապես աջակցում է մարզի երիտասարդների կրթությանը։ Նրա հովանավորությամբ Եղեգնաձոր քաղաքում գործում են աշակերտների վերապատրաստման և լեզուների ուսուցման դասընթացներ, որտեղ դասավանդելու են հրավիրվում Երևանի առաջատար բուհերի անվանի դասախոսներ։ Հոգ տանելով գյուղաբնակ երեխաների մասին՝ նա տրամադրել է անվճար տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են աշակերտների անվտանգ երթևեկությունը գյուղերից դեպի կրթական կենտրոններ։
Աջակցություն Արցախին
Աբրահամ Սրբազանը մշտապես կանգնած է եղել Արցախի և արցախահայության կողքին։ Արցախյան պատերազմների և դրանց հաջորդած տեղահանությունների ընթացքում նա գործուն աջակցություն է ցուցաբերել տուժած ընտանիքներին։ Նրա անմիջական ջանքերով բազմաթիվ տեղահանված ընտանիքներ ապահովվել են կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով՝ ստանալով հոգևոր և նյութական աջակցություն։
-2°