Սուսաննա Սաֆարյան

Սուսաննա Սաֆարյան

Հայկական ժողովրդական և աշուղական երգարվեստի պահպանման ու փոխանցման գործում իր ուրույն տեղն ունի ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանը։

Նա ծնվել է 1955 թվականի հուլիսի 5-ին Վեդի քաղաքում, սակայն նրա արմատները սերտորեն կապված են Վայոց ձորի հետ։ Նա Ռինդի հայտնի Մելիք-Սաֆարի տոհմից է (Գրիգորի որդի Սաֆարի որդի Նիկոլայի որդի Ամբիկի դուստրը)։ Նրա հայրը՝ Ամբիկ Սաֆարյանը, գեղանկարիչ էր և Վեդիի մշակույթի տան տնօրենը, իսկ մայրը արմատներով հարևան Ելփին գյուղից էր։ Սաֆարյանների ընտանիքում, որտեղ մեծանում էին երեք տղա և երկու աղջիկ, երաժշտությունը կարևոր տեղ ուներ. ընտանիքի անդամներն օժտված էին երաժշտական ունակություններով։

Մասնագիտական կրթությունը Սուսաննան ստացել է Երևանի երաժշտա-մանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում (դասախոս՝ Վերգինե Հովհաննիսյան), այնուհետև ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի դասարանը՝ հայտնի երաժիշտ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ։ Կոնսերվատորիայի ասպիրանտուրայում նրա գիտական աշխատանքի թեման եղել են հայկական օրորոցայինները։ Նա ուսումնասիրել և վերականգնել է դրանք՝ հետագայում իր գիտելիքները փոխանցելով ուսանողներին արդեն որպես կոնսերվատորիայի դասախոս։

Ստեղծագործական ուղի
Որպես մենակատար՝ Սուսաննա Սաֆարյանը հանդես է եկել հայկական մի քանի առաջատար երաժշտական կոլեկտիվներում.

  • 1976 թվականից՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։
  • 1990 թվականից՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում։
  • 1995 թվականից՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում։

Բացի կատարողական գործունեությունից, նա ակտիվորեն զբաղվել է երգահավաքությամբ, գրի է առել և մշակել ժողովրդական հին երգեր՝ ձայնագրելով դրանք «Գանձեր» համույթի ու պետական նվագախմբերի հետ։ Հեռուստատեսության և ռադիոյի ոսկե ֆոնդում են պահպանվում նրա «Պանդխտության երգեր», «Հույզի մեղեդի», «Հավերժող կրակ», «Հայկական օրորներ» և «Մայրս» համերգաշարերը։ Նա նաև հեղինակում է բանաստեղծություններ և երգեր, որոնք հնչում են իր մենահամերգների ժամանակ։

Համերգային գործունեություն և կոչումներ
Սուսաննա Սաֆարյանը հայկական ժողովրդական երգը ներկայացրել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սենեգալում և Գվինեայում։

Իր երկարամյա և վաստակաշատ գործունեության համար նա արժանացել է.

  • ՀԼԿԵՄ դափնեկրի կոչման,
  • Սայաթ-Նովայի անվան մրցույթի 1-ին մրցանակի,
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման (2008 թ.)։

Կապը հայրենի բնության հետ
Ակտիվ ստեղծագործական կյանքին զուգահեռ՝ երգչուհին, պահպանում է ամուր կապը բնության հետ։ Նա անձամբ է խնամում և մշակում իր այգին՝ դրանում տեսնելով յուրահատուկ իմաստ.

«Երբ ջրում եմ այգու ծառերը, հստակ գիտակցում եմ, որ հայրենիքիս թթվածինն եմ ավելացնում»։

Ռինդում միշտ հպարտությամբ են նշում իրենց հայրենակցի ձեռքբերումները։ Սուսաննա Սաֆարյանի անցած ուղին և արվեստը կարևոր ներդրում են հայկական ժողովրդական երգի պահպանման ու հանրահռչակման գործում։

Ներկայացնում եմ նրա անզուգական կատարումներից մեկը.