Շորգեցի Սիմոնի, եղբայրներ Սանասարի, Բաղդասարի տոհմագրությունը

Շորգեցի Սիմոնի, եղբայրներ Սանասարի, Բաղդասարի տոհմագրությունը

Ռինդ գյուղի պատմությունը հյուսված է մարդկային ճակատագրերից, որոնք անցել են պատմական փոթորիկների միջով՝ պահպանելով ազգային ինքնությունն ու սերը հայրենի հողի հանդեպ։ Այդպիսի խորը և հարուստ պատմություն ունի գյուղի հնագույն տոհմերից մեկը, որի արմատները ձգվում են դեպի պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգ։

Տոհմի պատմությունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմության երկու բախտորոշ իրադարձությունների՝ 1604 թվականի Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի հետ։

Ազգագրագետ Երվանդ Լալայանը, ուսումնասիրելով Վայոց ձորի բնակավայրերը, իրավացիորեն նկատել է, որ Ռինդի վերաբնակիչները, թեպետ ներգաղթել են տարբեր վայրերից, սակայն իրենց ծագումով տեղաբնիկ վայոցձորցիներ են։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս տոհմի նախնիները նույնպես, մինչև Պարսկաստանի խորքերը տարվելը, ապրել են Վայոց ձորում։ Ճակատագրի բերումով նրանք շուրջ երկու դար ապրել են Պարսկաստանի Շորագյալ բնակավայրում, ինչի պատճառով էլ հետագայում, վերադառնալով հայրենիք, ժողովրդի կողմից ստացել են «Շորգեցիներ» անունը։

1828 թվականին, օգտվելով պատմական հնարավորությունից, տոհմի նահապետ Գրիգորի և նրա կնոջ՝ Զանազանի չորս որդիները՝ Սիմոնը, Սանասարը, Բաղդասարը և Խաչատուրը, վերադառնում են Արևելյան Հայաստան և հաստատվում Ռինդ գյուղում՝ դառնալով նրա առաջին վերաբնակիչներից։ Նրանք լծվում են ավերված տնտեսության վերականգնմանը՝ դառնալով հողի նվիրյալ մշակներ և գյուղի հենասյուներից մեկը։

Ճյուղավորումները և Սերունդները
1. Ավագ եղբայրը՝ Շորգեցի Սիմոնը
Սիմոնը ծնվել է 1808 թվականին (կինը՝ Հայկանուշը՝ ծնվ. 1814թ․)։ Նա եղել է գերդաստանի ավագը։ Պատմական արխիվներում՝ մասնավորապես 19-րդ դարի Ռինդի կամերալ ցուցակագրման մատյաններում, հստակ հիշատակվում է Շորգեցի Սիմոնի անունը, ինչը վավերացնում է տոհմի արմատները։ Սիմոնն ունեցել է 3 դուստր, 1 որդի և 3 թոռ, սակայն նրա ճյուղը հետագայում արական գծով շարունակություն չի ունեցել։

2. Սանասար և Հաբեթենք
Երկրորդ եղբայրը՝ Սանասարը (ծնվ. 1810թ․, կինը՝ Մարան՝ ծնվ. 1818թ․), ունեցել է բազմանդամ ընտանիք՝ 3 որդի և 4 դուստր։ Որդիներն էին՝ Ստեփանը, Կարոն և Հայրապետը։

Հայրապետի անունով էլ հետագայում ձևավորվել է Հաբեթենց գերդաստանը, որի շառավիղները մինչ օրս ապրում են գյուղում։

3. Բաղդասար և Բաղդոյենք
Երրորդ եղբայրը՝ Բաղդասարը (ծնվ. 1812թ․), դարձել է մեծ ու ճյուղավորված Բաղդոյենց տոհմի հիմնադիրը։ Նա ունեցել է երեք որդի՝ Մկրտիչ, Խաչատուր և Անտոն։

  • Սիմոնենք (Սիմոնյաններ). Սկիզբ են առնում Բաղդասարի ավագ որդու՝ Մկրտիչի զավակ Սիմոնից։
  • Խաչատուրի ճյուղը. Բաղդասարի միջնեկ որդին՝ Խաչատուրը, ունեցել է երկու որդի՝ Զաքարա և Գարեգին։
  • Անդոնենք (Անտոնյաններ, Գրիգորյաններ). Բաղդասարի կրտսեր որդին՝ Անտոնը (ծնվ. 1853թ․), հիմք է դրել Անդոնենց գերդաստանին։ Անտոնն ունեցել է հինգ որդի՝ Մկրտիչ, Սարգիս, Լյուդվիկ, Երանոս և Գրիգոր։ Այսօր Ռինդում բնակվող նրա ժառանգները կրում են հիմնականում Անտոնյան և Գրիգորյան ազգանունները։

4. Խաչատուր և Կարապետյաններ
Կրտսեր եղբայրը՝ Խաչատուրն (ծնվ. 1822թ․), ունեցել է երկու որդի՝ Վասակ և Կարապետ։

  • Վասակի երեք որդիներն են Համայակը, Ալեքսանը և Հովհաննեսը։
  • Կարապետի Սեդրակ որդին ունեցել է երկու որդի՝ Ռազմիկ և Մյասնիկ։ Նրանց սերունդները, ի պատիվ իրենց նախնու, կրում են Կարապետյան ազգանունը։

Տոհմի հիշատակարանը հարստանում է նաև մերօրյա արխիվային բացահայտումներով։ «Ժողովրդի հիշողություն» (Память народа) պետական արխիվային տվյալների համաձայն՝ տոհմի ներկայացուցիչ Ջանշիկ Լյուդվիկի Անտոնյանը (ծնված 1916թ., Ռինդ), ով Անդոնենց գերդաստանից էր, Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով (հրաման №78, 1985թ.): Սա վկայում է տոհմի զավակների նվիրումի և հայրենասիրության մասին։

Տոհմի տարբեր շառավիղներ այժմ էլ ապրում ու արարում են Ռինդում՝ դառնալով գյուղի պատմական տարեգրության անբաժանելի և կենսունակ մասը։

Այս հոդվածով փորձել եմ ամբողջացնել մեր գյուղի հիմնադիր տոհմերից մեկի պատմությունը։ Սակայն գիտակցում եմ, որ արխիվային տվյալները և բանավոր զրույցները կարող են թերի լինել։ Եթե Դուք հանդիսանում եք այս գերդաստանի շառավիղը, եթե ունեք ընտանեկան լուսանկարներ, պահպանված հուշեր տոհմի նշանավոր անձանց, գյուղի կյանքում նրանց ունեցած դերակատարության մասին, կամ եթե նկատել եք անճշտություններ անունների և տարեթվերի մեջ, խնդրում եմ կապ հաստատել։ Իսկ եթե ցանկանաք կազմել ամբողջական տոհմածառը, ապա թվայնացման հարցում կարող եմ օգնել (webtrees-ով rind.am կայքում կամ geni)։