Ռինդը բոլոր 20 տները 1859 թվականին

Ռինդը բոլոր 20 տները 1859 թվականին

Պատմական արխիվների ուսումնասիրությունը շարունակում է նոր լույս սփռել Ռինդ գյուղի կայացման և նրա հիմնադիր տոհմերի պատմության վրա։ Ինձ հաջողվեց ձեռք բերել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի (գուբերնիայի) Շարուր-Դարալագյազի գավառի (ուեզդի) Ռինդ գյուղի 1859 թվականի ծխական ցուցակագրման (կամերալ նկարագրության) բացառիկ փաստաթուղթը։

Ըստ այս պաշտոնական արձանագրության՝ 1859 թվականին Ռինդն ունեցել է ուղիղ 20 ծուխ (տնտեսություն)։ Գյուղի ընդհանուր բնակչությունը կազմել է 136 մարդ, որից 62-ը՝ տղամարդ, 74-ը՝ կին։ Կարևոր եմ համարում նշել, որ հարկահավաքության և զինվորագրության նպատակներով կազմված այս ցուցակներում անվանապես նշվում և տարիքով գրանցվում էին միայն արական սեռի ներկայացուցիչները, իսկ կանանց դեպքում նշվում էր միայն ընդհանուր թվաքանակը։

Ազատ և պետական գյուղացիներ
Արխիվային փաստաթղթի առաջին էջի վերծանումը պատմական չափազանց կարևոր մի փաստ է արձանագրում.

Деревни Рындъ.
Казенные крестьяне сущіе на казенной земл.
(Ռինդ գյուղի. Պետական հողի վրա բնակվող պետական գյուղացիներ)։

Հին ռուսական բյուրոկրատական տերմինաբանության մեջ «Казенные крестьяне» (պետական կամ արքունի գյուղացիներ) եզրույթը վկայում է այն մասին, որ Ռինդի բնակիչները եղել են ազատ և որևէ կալվածատիրոջ չեն պատկանել։ Նրանք ազատ գյուղացիներ էին, ովքեր տնօրինում և մշակում էին պետական հողերը՝ իրենց հարկերը վճարելով անմիջապես Ռուսական կայսրության գանձարանին։ Սա խոսում է գյուղացիների ինքնուրույնության և համեմատաբար անկախ կարգավիճակի մասին։

Ցուցակագրումը ցույց է տալիս նաև, որ 1850-ականներին Ռինդը շարունակել է համալրվել նոր ընտանիքներով, որոնք տեղափոխվել են հարևան բնակավայրերից՝ Աղավնաձորից, Արփայից (Արենի) և Ամաղուից։ Սա վկայում է, որ գյուղն ունեցել է գրավիչ պայմաններ՝ հավանաբար արդեն իսկ լուծված ոռոգման ջրի (Ուլգյուրից բերված առվի) և բերքատու հողերի շնորհիվ։

Ռինդի 20 ծխերը՝ ըստ 1859 թ. մարդահամարի
Ստորև ներկայացնում եմ Ռինդի 20 ընտանիքների ցանկը՝ ըստ տանուտերերի, նրանց արական սեռի ժառանգների և ազգականների։ Փակագծերում նշված է անձի տարիքը մարդահամարի պահին (1859 թ.)։

1. Խաչատուր Թադևոսի (30) (Զարգյարենց տոհմ)

  • Եղբայրները՝ Մնացական (25), Դավիթ (20), Հովհաննես (18), Առաքել (16), Հարություն (10)։
  • Նրանց հայրը՝ Թադևոս (60)։

2. Մելիք-Բալի Սաֆարի (70) (Մելիք-Սաֆարի ավագ որդին, Բալինենց տոհմ)

  • Որդիները՝ Խաչատուր (33), Մկրտիչ (27), Ասատուր (15)։
  • Խաչատուրի որդիները՝ Կարապետ (9), Հովհաննես (1)։

3. Գրիգոր Սաֆարի (40) (Մելիք-Սաֆարի կրտսեր որդին, Գրիգորենց տոհմ)

Որդիները՝ Սաֆար (14), Սիմոն (10), Հարություն (5)։

4. Աղա Բաբա [Աղաբաբ Մուխսի] Սաֆարի (45) (Մելիք-Սաֆարի միջնեկ որդին, Մխսոնց տոհմ)

  • Որդիները՝ Սահակ (15), Ավետիս (12)։

5. Մկրտիչ Բաղդասարի (10) (Բաղդոյենց տոհմ)

  • Եղբայրը՝ Խաչատուր (2)։
    (Այստեղ, ամենայն հավանականությամբ, ընտանիքի հայրը մահացած է եղել, իսկ տնտեսությունը ղեկավարել և երեխաներին մեծացրել է մայրը, ում անունը, որպես կին, չի արձանագրվել արական ցուցակում)։

6. Սարգիս Սանասարի (56)

  • Որդիները՝ Սահակ (23), Գևորգ (21), Խաչատուր (16), Սաղաթել (4), Հովակիմ (1)։

7. Գրիգոր [Ամիրի/Ամիրով] (40) (Հայրանունը բնօրինակում դժվարընթեռնելի է)

  • Որդին՝ Կարապետ (3)։

8. Սարգիս Հովհաննեսի (45)

  • Որդիները՝ Մարտիրոս (17), Գրիգոր (16)։

9. Աբրահամ Ասլանի (23)

  • Եղբայրը՝ Մանուկ (29)։

10. Ավետիս Մարտիրոսի (40) (Ավոյենց տոհմ)

  • Որդիները՝ Ազիզ (6), Գալուստ (3)։

11. Գրիգոր Ասատուրի (45)

  • Եղբայրը՝ Վարդան (30)։

12. Մինաս Գևորգի (40) (Մինասենց տոհմ)

  • Որդիները՝ Առաքել (16), Հարություն (12), Ստեփան (10), Կարապետ (2)։
  • Մինասի եղբայրները՝ Եղիա (30), Ղազար (20)։

13. Վարդան Գևորգի (35) (Վարդանենց տոհմ, Մինասի եղբայրը)

  • Որդիները՝ Հովհաննես (10), Թևոս (1)։

14. Սարգիս Տեր-Պետրոսի (30) (Սուդյենց տոհմ)

  • Որդին՝ Մարտիրոս (2)։
  • Եղբայրը՝ Ղազար Տեր-Պետրոսի (29)։

15. Սարգիս Հովհաննեսի (45)

  • Որդիները՝ Ստեփան (14), Կարապետ (16), Մկրտիչ (11), Հովհաննես (3)։

16. Աբգար Վարդանի (35)

  • Որդիները՝ Սարգիս (14), Բարսեղ (11), Հարություն (1)։

17. Սիմոն Գրիգորի (40)

  • Զարմիկները (եղբոր/քրոջ որդիները)՝ Ստեփան (26), Խաչատուր (10), Կարապետ (7), Հայրապետ (7)։

18. Թադևոս Պողոսի (35) (Թաթոսենց տոհմ)

  • Որդիները՝ Սիմոն (8), Հարություն (6)։
    (Արխիվային նշում. Այս ընտանիքը տեղափոխվել է նույն տեղամասի Այնազուր [Աղավնաձոր] գյուղից)։

19. Սարգիս Ղարիբի (30)

  • Որդին՝ Մակար (3)։
    (Արխիվային նշում. Տեղափոխվել է Արփա [Արենի] գյուղից 1853 թվականին)։

20. Բաբա Հարությունի (55)

  • Որդին՝ Հարություն (35)։
  • Թոռները (Հարությունի որդիները)՝ Ղազար (10), Նազար (8)։
    (Արխիվային նշում. Այս ընտանիքը տեղափոխվել է Դարալագյազի տեղամասի Ամաղու գյուղից 1854 թվականին)։