Ռինդ գյուղի պատմությունը սոսկ մի բնակավայրի տարեգրություն չէ, այլ հայ ժողովրդի հարատևման խտացված պատկերը։ Այն սկսվում է երկրաբանական հնագույն դարաշրջաններից և հասնում մինչև մեր օրերի արդիականացվող համայնք։
Ռինդի տարածքը բացառիկ է իր երկրաբանական անցյալով։ Գյուղի տարածքից գտնված և Հայաստանի պատմության թանգարաններում այսօր ցուցադրվող գտածուները՝ քարացած խեցիներն ու ծովային օրգանիզմների մնացորդները, անհերքելիորեն վկայում են, որ Պալեոգենի և Էոցենի դարաշրջաններում (շուրջ 56-34 միլիոն տարի առաջ) այս ամբողջ տարածքը ծածկված է եղել Թետիս հնագույն օվկիանոսի ջրերով։
Օվկիանոսի նահանջը տեղի է ունեցել Էոցենի վերջում և Միոցենի սկզբում՝ Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման հետևանքով սկսված հզոր լեռնակազմական գործընթացների արդյունքում։ Ջրերի հեռացումից հետո բարձրացած կրաքարային լեռներն ու ձորերը դարձան հարմարավետ օթևան մարդու բնակության համար։
Տարածաշրջանը տեղաբնիկ հայերով ակտիվ բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա 2-րդ հազարամյակից։ Այդ են փաստում բազմաթիվ հնագիտական շերտերը Ռինդի Կաքավաձոր հանդամասում, Սպիտակ քարի հարակից շրջանում և Գոմադրունք լեռան հարավ-արևմտյան լանջին։
Վարչական պատկանելությունը պատմական տարբեր շրջաններում
Դարերի ընթացքում Ռինդի տարածքը եղել է հայկական պետականության և վարչական միավորների անբաժանելի մասը.
- Մեծ Հայքի թագավորության շրջանում (մ.թ.ա. 189 – մ.թ. 428 թթ.) գյուղի տարածքը գտնվել է Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի հյուսիս-արևմտյան մասում։ Բնակավայրի մասին հստակ վկայություն չունենք։
- Բագրատունյաց թագավորության շրջանում (885-1045) տարածքը եղել է Սյունյաց գահերեց իշխանների տիրույթների կազմում՝ որպես հզորացող հայկական թագավորության ռազմավարական նշանակություն ունեցող գավառ։ Բնակավայրի մասին հստակ վկայություն չունենք։
- Օրբելյանների իշխանության ներքո (12-14-րդ դարեր). Բագրատունիների թագավորության կործանումից հետո, Զաքարյանների կողմից Հայաստանի ազատագրման արդյունքում, Վայոց ձորն անցնում է Օրբելյան իշխանական տանը։ Ռինդը դառնում է այս հզոր տոհմի տիրույթների մի մասը, ինչն էլ պայմանավորում է գյուղի հետագա հիշատակումը պատմական ժամանակագրություններում։
Ռինդ գյուղի մասին պատմական առաջին հստակ գրավոր վկայությունը ստանում ենք 13-րդ դարից։ Պատմաբանները միակարծիք են, որ Ռինդը հայ մեծ պատմագիր և աստվածաբան Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում հիշատակված Ըռեդի գյուղն է։ Թեև Օրբելյանը գյուղի մասին լայնածավալ նկարագրություն չի թողել, սակայն այն հիշատակված է Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկում, ինչը վկայում է միջին մեծության և կայացած տնտեսություն ունեցող բնակավայրի մասին։
Ռինդի շուրջը սփռված են բազմաթիվ պատմական գյուղատեղիներ.
Ուլգյուր (Ուլնոց) – Հայտնի է իր հին եկեղեցիներով և խաչքարերով։
Սպիտակ վանք – Գտնվում է Քարկատարի Ցոլասար և Աղջկանվագ լեռները բաժանող ձորակում։
Վարդանես, Ճգնավոր, Գոմադրունքի հվ-արմ գյուղը – Նախաքրիստոնեական և վաղմիջնադարյան հայկական բնակավայրեր։
Հայաթափում և Մեծ աքսոր (14-17-րդ դարեր)
14-րդ դարից սկսած գյուղի բնակչությունը սկսեց նվազել։ Պատճառները բազմաթիվ էին՝ մոնղոլական ավերիչ արշավանքները, տարածաշրջանում բռնկված համաճարակներն ու բնական աղետները։ Սակայն գյուղի պատմության ամենաողբերգական էջը գրվեց 17-րդ դարի սկզբին։ 1604 թվականին պարսից Շահ Աբբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի հետևանքով, երբ Արևելյան Հայաստանից շուրջ 300 հազար հայ տեղահանվեց Պարսկաստան, Ռինդը նույնպես ամբողջությամբ հայաթափվեց և դատարկվեց։ Այդ պահից սկսած մինչև 19-րդ դարի սկիզբը գյուղը չի ունեցել մշտական բնակչություն։
Վերածնունդ
Ռինդը վերաբնակեցվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Առաջին վերաբնակիչը եղել է Շորգեցի Սիմոնը։ Շուտով այստեղ են հաստատվել Մելիք-Սաֆարի որդիները՝ Մելիք Բալին, Աղաբաբը և Գրիգորը, ինչպես նաև Զարգար Թադևոսն ու այլ ընտանիքներ։ Բնակչության մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։
Մելիք-Սաֆարի տոհմի նախահայր Ստեփանը, ըստ ազգագրագետ Երվանդ Լալայանի, ապրել և հռչակվել է Բագրատունյանց մայրաքաղաք Անիում, ստացել մելիքական տիտղոս (սարդար) և զորապետության պաշտոն։ Նրա եղբայր Մելիք-Թանգին հաստատվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում (Մելիք-Թանգյանների տոհմ)։
Ռինդի ժողովրդագրական պատկերը (1873-1931 թթ.)
Զավեն Կորկոտյանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս գյուղի կայուն վերելքը.
| Տարեթիվ | Բնակչություն | Ազգային կազմը |
| 1873 | 228 | հայ |
| 1886 | 351 | հայ |
| 1897 | 426 | հայ (Ռուսական առաջին մարդահամար) |
| 1914 | 506 | հայ |
| 1919 | 896 | հայ (գագաթնակետ՝ գաղթականների հաշվին) |
| 1922 | 717 | հայ (նվազում՝ պատերազմի և սովի պատճառով) |
| 1931 | 914 | հայ |
1919 թվականի կտրուկ աճը պայմանավորված էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Վայոց ձորում ապաստանած գաղթականների մեծ ներհոսքով։
Պայքար հողի, ջրի և ազատության համար
19-րդ դարի կեսերին ռինդեցիները ստիպված էին պաշտպանել իրենց իրավունքները կապալառուների դեմ։ 1849 թվականին շուշեցի Սարգիս Թառումյանը փորձեց խաբեությամբ տիրել Ռինդին և զրկել նրան Ուլգյուրի ջրից, սակայն գյուղացիները դիմեցին գավառապետին և վերականգնեցին արդարությունը։
Նորագույն շրջանում Ռինդի հարակից Ջնդրախաչի սարահարթը դարձավ հայ-թուրքական բախումների թատերաբեմ։ 1919 թ. նոյեմբերի 29-ին Աղավնաձորի և Ռինդի աշխարհազորը ջախջախեց Խալին բեյի հրոսակներին՝ թույլ չտալով նրանց մտնել գյուղ։
1921 թ. ապրիլին, Երևանի անկումից հետո, սկսվեց մեծ նահանջը։ Զաքար Աշխատունու հուշերը վկայում են, որ Յապոնի հրամանատարությամբ նահանջող շուրջ 15,000 մարդ, անցնելով ձյունածածկ լեռներով, ապրիլի 12-ին հասան Ռինդ և Աղավնաձոր։ «Ռինդը փրկարար հանգրվան դարձավ։ Ռինդեցիները բացեցին իրենց դռները, հաց ու ջուր տվեցին հյուծված հայրենակիցներին՝ ուժ տալով նրանց շարունակելու ճանապարհը դեպի Լեռնահայաստան»։
Այս պայքարի առաջամարտիկ էր լեգենդար ֆիդայի Մհեր Բալյանը (Մկրտիչի որդի), ում անունը ու ուժը սարսափ էին ներշնչում թշնամուն։ 1921 թվականի հունիսին օգտվելով այն հանգամանքից, որ Ռինդի ֆիդայինները և աշխարհազորը գտնվում էին գյուղից հեռու, թուրքական ստորաբաժանումների «Կարմիր թաբորը» մտնում է Ռինդ գյուղ։ Նրանք բռնություններ են գործադրում ծերերի նկատմամբ և թալանում բնակիչներին։
Ռինդցիները չէին կարող հանդուրժել իրենց պատվի ոտնահարումը։ Լուրը ստացած Մհերը՝ իր մարդկանցով անմիջապես շարժվում է դեպի գյուղ ու թուրքական հրոսակախմբի ճանապարհը կտրում Եղեգնալճի և դեղին բլուրների հատվածում։ Նրանց է միանում գառնեցիների հեծելազորը Խնկոյի գլխավորությամբ։ Հայկական կողմն առաջինը կրակ բացեց, ինչն էլ որոշեց մարտի ելքը։ Այս ջարդը դարձավ թուրքական ջոկատի վերջը Ռինդում։ Փակում են նաև թուրքերի փախուստի ճանապարհը և մի աննկարագրելի կոտորած են սարքում: Ռինդում գտնվող թուրք ջոկատից մի քանի հոգու է միայն հաջողվում ազատվել, այն էլ սարերով փախչողներից և այն էլ վիրավոր:
Հին գյուղի կարևոր իրադարձություններից էր 1950 թվականին էլեկտրականության մուտքը, որը գյուղը ստացավ Արենիի ՀԷԿ-ից։
Հին Ռինդից դեպի Նոր Ռինդ. Վերածնունդ «Թափ» հանդամասում
1967 թվականին տեղի ունեցած սողանքի պատճառով հին գյուղը դարձավ վտանգավոր բնակության համար։ Խորհրդային իշխանությունն առաջարկեց բնակիչներին տեղափոխվել Էջմիածնի շրջան, սակայն գյուղի մեծերը մերժեցին՝ հավատարիմ մնալով իրենց հողին ու Սպիտակ քարին։ Գյուղը տեղափոխվեց 3 կմ արևմուտք և հիմնվեց «Թափ» հանդամասում։
Նոր գյուղը կառուցվեց հստակ հատակագծով.
1969 թ. Բացվեց միջնակարգ դպրոցը։
1983 թ. Տեղադրվեց Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշարձանը (պատերազմին մասնակցել էր 100-ից ավել ռինդեցի)։
1996 թ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով և Կաթողիկոս Գարեգին Ա-ի օրհնությամբ ոռոգման ջուրը Նորավանքի ձորից հասավ Ռինդ։
Ժամանակակից Ռինդը. Ավանդույթների և տեխնոլոգիաների համադրություն
Այսօր Ռինդը Վայոց ձորի ամենակենսունակ բնակավայրերից է։ Չնայած գազի բացակայությանը, գյուղը դարձել է «կանաչ էներգիայի» կենտրոն՝ տանիքներին տեղադրված արևային պանելներով և ջրատաքացուցիչներով։ Տները հիմնականում երկհարկանի քարաշեն կառույցներ են, որտեղ նախկին ամբարներն ու մառանները վերածվում են ժամանակակից հյուրասենյակների։
Գյուղն ունի գերարագ ինտերնետ (2010-ից), վերանորոգված մարզադաշտ (2022) և հզոր գյուղատնտեսական ներուժ։

Հին Ռինդ գյուղը
4°