Հին Ռինդ գյուղը

Ռինդի հարսանիքները 19-րդ դարում

Ամեն մի բնակավայրի իրական դիմագիծը երևում է ոչ միայն նրա քարեղեն հուշարձաններում, այլև այն սովորույթներում ու ծեսերում, որոնք դարերով ուղեկցել են մարդկանց իրենց կյանքի ամենակարևոր հանգրվաններում։ Ռինդ գյուղի պատմական անցյալը ուսումնասիրելիս առանձնահատուկ տեղ են գրավում հարսանեկան ավանդույթները։

Այս հոդվածը գրելիս օգտվել եմ ազգագրագետ Երվանդ Լալայանի 1906 թվականին տպագրված «Վայոց ձոր. Ազգագրութիւն» արժեքավոր հանդեսի, Ռինդ գյուղի չափաբերական մատյանների և տարբեր տարիների կամերալ ցուցակագրման տվյալների նյութերից։ Տարեցների բանավոր հիշողություններն այս պարագայում բավարար չէին կարող լինել, քանզի դրանք լավագույն դեպքում կարող էին փոխանցել միջնորդավորված, երեք սերունդ առաջ կատարված իրադարձությունների արձագանքները։ Ստորև ներկայացված է 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ Ռինդում ձևավորված ընտանեկան և հարսանեկան մշակույթի վավերական պատկերը։

Ամուսնության տարիքն ու ընտրությունը
19-րդ դարում Ռինդում աղջիկներին ամուսնացնում էին հիմնականում 13-ից 17, իսկ տղաներին՝ 16-ից 35 տարեկան հասակում։ Ավելի վաղ ամուսնության դեպքեր գրեթե չեն գրանցվել, ինչն ուներ երկու հիմնական պատճառ. նախ, լեռնային բնաշխարհագրական պայմաններում ֆիզիկական հասունացումը վրա էր հասնում հենց այս տարիքային շեմին։ Երկրորդ՝ ի տարբերություն Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների, որտեղ հաճախ մանկահասակ աղջիկներին պսակում էին օտար բռնակալների (թուրքի կամ սարդարի) հարեմներն ընկնելու վտանգից փրկելու համար, Ռինդում և Վայոց ձորում ընդհանրապես տիրում էր համեմատաբար ավելի ազատ և պաշտպանված մթնոլորտ։ Այդուհանդերձ, 19-րդ դարի չափանիշներով 18 տարին բոլորած աղջիկն արդեն «պառաված» էր համարվում։

Ամուսինը, գրեթե առանց բացառության, ավելի տարեց էր լինում կնոջից՝ սովորաբար 5-ից 15 տարով։ Խիստ հազվադեպ էր պատահում, որ այրիացած տղամարդը կնության առներ դեռահաս աղջկա, կամ այրի կինն ամուսնանար ամուրի երիտասարդի հետ։

Խնամիական կապեր հաստատվում էին բացառապես հայերի հետ։ Մեծամասամբ ամուսնությունները կնքվում էին հենց գյուղի ներսում։ Արտագյուղական կապերի դեպքում առաջնահերթությունը տրվում էր ամենամոտ հարևանին՝ Աղավնաձորին, ապա՝ Արփային (ներկայիս Արենիին) և Խաչիկին։ Հիշատակություններ կան նաև Գնիշիկ գյուղի հետ խնամիության մասին։ Այս բոլոր բնակավայրերի բնակիչները համարվում էին Վայոց ձորի տեղաբնիկներ՝ «հին հայեր», որոնց լեզուն էլ ժողովուրդն անվանում էր «հին հայերեն»։

Այլադավանների հետ ցանկացած կապ խստորեն դատապարտվում ու պախարակվում էր ոչ միայն ծնողների և հոգևորականության, այլև ողջ համայնքի կողմից։ Այս անհանդուրժողականության ցայտուն վկայությունն է Խաչիկ գյուղում տեղի ունեցած դեպքը, երբ մի քուրդ փախցնում է Ամիրզադայի աղջկան և անցնում Տաճկահայաստան։ Խաչիկցիները չեն հաշտվում նախատինքի հետ. նախ սպանում են այդ քրդի բարեկամներից մեկին, այնուհետև հատում են սահմանը, Վանում գտնում են փախցնողին ու աղջկան և սպանում երկուսին էլ։

Ուշագրավ է նաև ռինդեցիների վերաբերմունքը 19-րդ դարում Վայոց ձոր գաղթած այլ հայերի նկատմամբ։ Ռնդեցիները խուսափում էին իրենց աղջիկներին կնության տալ գաղթականներին, պատճառաբանելով, թե նրանք «վատ են հարս պահում, շատ են ճնշում ու չարչարում»։ Սակայն, հակառակը միանգամայն ընդունելի էր. նրանք սիրով աղջիկ էին ուզում գաղթականներից՝ համոզված լինելով, որ իրենց տանը հարսն ավելի լավ և գոհունակ կյանքով կապրի։

Խնամախոսություն և Նշանդրեք
Ամուսնության որոշումը հնում բացառապես ծնողների մենաշնորհն էր։ Ընտրությունը կատարելիս մեծ ուշադրություն էին դարձնում գենետիկային ու դաստիարակությանը. աղջիկ ընտրելիս նայում էին նրա մորը, իսկ տղայի դեպքում՝ հոր արժանիքներին։ Իդեալական էին համարվում «հալալ կաթնակեր» հարսնացուն և «հոր որդի» փեսացուն։ Միայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսեցին հաշվի առնել նաև երիտասարդների կամքը. երբեմն մայրը թաքուն հարցնում էր որդուն, թե արդյոք նա սրտով հավանած աղջիկ ունի։

Թեև աղջիկ փախցնելու դեպքեր ևս արձանագրվել են, հիմնական և ընդունված ճանապարհը խնամախոսությունն էր։ Նախքան պաշտոնապես աղջկա ձեռքը խնդրելը, միջնորդների միջոցով փորձում էին հող նախապատրաստել և հասկանալ ընտանիքի տրամադրվածությունը։ Ապա տղայի հորեղբայրը կամ մորեղբայրը (բայց երբեք ոչ հայրը) գնում էր աղջկա տուն։

Առաջարկը հնչում էր ավանդական բանաձևերով. «Եկել ենք ձեր [անունը] աղջկան ուզենք մեր [անունը] տղին» կամ ավելի փոխաբերական՝ «Եկել ենք ձեր տանից մի ճրագ տանենք»։ Որքան էլ աղջկա ծնողները համաձայն լինեին, միանգամից խոսք չէին տալիս՝ պահպանելով «գնալ-գալու» արարողակարգը։ Մերժելիս էլ քաղաքավարի էին լինում. «Էս տարի կարալ չենք տալ, հացերնիս պագաս ա»։ Հատկանշական է, որ մինչև վերջնական համաձայնությունը աղջկա ընտանիքը խնամախոսներին ոչինչ չէր հյուրասիրում (չնայած հայտնի հյուրընկալությանը), քանի որ գործում էր չգրված օրենքը. «Եթե էլչուն հաց տաս, բդի աղջիկդ էլ տաս»։

Համաձայնությունը ստանալուն պես խնամախոսները հանում էին իրենց հետ բերած օղին, և կնքվում էր նախնական դաշինքը։ Նույն օրվա երեկոյան տղայի հարազատները (այդ թվում՝ կանայք) գալիս էին աղջկա տուն։ Այստեղ տղայի կողմի ամենատարեց տղամարդը պաշտոնապես խնդրում էր աղջկա ձեռքը նրա ընտանիքի ավագից, և ստանում էր սպասված պատասխանը. «Տա՛ր, խերը տես»։ Հնչում էին օրհնանքներ ու բարեմաղթանքներ. «Աստված շնորհավոր անի, Աստված բարի վայելում տա, ամեն ազաբին էլ արժանացնի»։ Տղայի կողմը արծաթե մատանի և գլխաշոր էր փոխանցում հարսի մորը։ Այս ամբողջ արարողությանը՝ նշանդրեքին, ո՛չ հարսնացուն (որն այդ ժամանակ գնում էր բարեկամի տուն), ո՛չ էլ փեսացուն ներկա չէին լինում։

Բարգեահը և Երեստեսնուկը
Նշանդրեքից օրեր անց տղայի ծնողները հավաքում էին ազգականներին ու քահանային, և փոքրիկ խնջույքից հետո ուղևորվում հարսնացուի տուն։ Նրանք դատարկաձեռն չէին գնում. տանում էին մրգեր, կերակուրներ, թոնրում խորոված գառ կամ ուլ (խրով), մի գլուխ շաքար և հարսի համար նախատեսված հանդերձանք։ Այս ծեսը կոչվում էր բարգեահ։

Խնջույքի ժամանակ բերված «խրովը» դրվում էր երեցփոխի առաջ, ով այն բաժանում էր սեղանակիցներին։ Ընթրիքից հետո տեղի էր ունենում հուզիչ մի պահ՝ երեստեսնուկը։ Հարսնացուն, որի դեմքը ծածկված էր նշանդրեքին բերված գլխաշորով, մոտենում էր հյուրերին և համբուրում քահանայի ձեռքը։ Հարազատներն այս ընթացքում նվերներ էին տալիս, որոնք հրապարակավ հայտարարվում էին և հանձնվում հարսի հորը։ Հայրն իրավունք չուներ ծախսելու այդ նվիրատվությունները. դրանք հարսի սեփականությունն էին և հետագայում օժիտի հետ տրվում էին նրան։

Միայն այս ամենից հետո փեսացուն իրավունք էր ստանում գաղտնի այցելել հարսնացուին։ Նա մրգերով գիշերը գնում էր զոքանչի մոտ, ով թաքուն ընդունում էր նրան, հյուրասիրում ձվածեղով և թույլ տալիս տեսնել աղջկան։ Ժամանակի ընթացքում այս խիստ ծածուկ հանդիպմանը փոխարինելու եկավ պաշտոնական «փեսականչը»։

Նշանված շրջանը կարող էր տևել վեց ամսից մինչև երեք տարի։ Այս ընթացքում բոլոր մեծ տոներին (Տեառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Վարդավառ) խնամիները միմյանց նվերներ՝ «հարսնեփայ» կամ «փեսափայ» էին ուղարկում։

Քավորի դերը և նախահարսանեկան ծեսերը
Ռինդում քավորությունը սրբազան և անքակտելի ինստիտուտ էր։ Քավորը տոհմական էր, և այն կարող էր փոխվել միայն մեկ դեպքում՝ եթե քավորի ընտանիքում արու ժառանգ չէր լինում։ Այսօր էլ գյուղում կան ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ պահպանել են իրենց տոհմական քավորությունը։

Հարսանիքին նախորդող օրերն աչքի էին ընկնում յուրօրինակ արարողություններով.

Շորձևեք: Հարսանիքից օրեր առաջ փեսացուի մայրը հավաքում էր կանանց, հյուրասիրում, ապա ցուցադրում այն կտորը, որից պետք է կարվեր հարսանեկան զգեստը։ Կտորը վստահում էին մի «հաջողակ» կնոջ։ Նա մկրատը դնում էր կտորին, բայց հրաժարվում էր կտրել՝ դժգոհելով, թե մկրատը բութ է, մինչև որ փեսայի մորից և մյուս կանանցից նվերներ չէր ստանում։ Նույն սկզբունքով հինգշաբթի օրն ընտրում էին նաև հաջողակ «ալյուր մաղող» կնոջը։

Շորձևեքի օրը փեսացուն քավորի և քահանայի հետ այցելում էր գյուղի սգավոր տները։ Քահանան աղոթք էր կարդում, քավորը գինի էր բաժանում ու մխիթարանքի խոսքեր ասում, իսկ փեսացուն սգավորներին պաշտոնապես հրավիրում էր իր հարսանիքին՝ խնդրելով նրանց դուրս գալ սգից։

Գինեթափեք (Կարասթափեք). Հարսանիքին նախորդող հինգշաբթի երեկոյան փեսացուի տանը հավաքվում էին տղամարդիկ։ Ընտրվում էր մառանապետ, ում վստահվում էր խմիչքի և մթերքի տնօրինումը, և սեղանապետ (թամադա), ով ոչ միայն ղեկավարում էր կենացները, այլև ողջ արարողակարգը։

Բուն Հարսանիքը
Ուրբաթ կեսօրին թամադայի հրահանգով «կանչողները» դհոլ-զուռնայի նվագակցությամբ շրջում էին փողոցներով և գյուղացիներին հրավիրում հարսանիքի։ Այնուհետև թամադան ժողովրդից թույլտվություն էր խնդրում մորթել փեսայի հոր եզը։ Հետաքրքիր է, որ հարսանեկան ցանկացած գործողությունից առաջ (մորթել, մաղել, խառնել) ձևականորեն հայտնում էին, թե գործը չի ստացվում, մինչև որ նվերներ կամ դրամ չէին ստանում։

Շաբաթ առավոտյան դհոլ-զուռնան ազդարարում էր «Սահարի» եղանակը։ Խմում էին խնամիների, թագավորի (փեսայի) ու թագուհու (հարսի) և հարս բերողների՝ շոշբիների կենացները։ Փեսացուի կրծքին կարմիր թաշկինակ էին կապում, և հարսբերողները, պարելով ու հրացաններ արձակելով, ուղևորվում էր հարսնացուի տուն։ Փեսացուի ծնողները մնում էին տանը։

Հարսնացուի տանը, որտեղ նույնպես ճաշկերույթ էր, մատուցվում էր միայն գինի։ Քահանան օրհնում էր հարսի հանդերձանքը և եկեղեցու համար գումար (խաչհամբյուր) հավաքում։ Մինչ հարսը հագնվում էր, նրա հարազատներից մեկը կանաչ թաշկինակ էր կապում փեսացուի կրծքին. այսպես փեսան դառնում էր «կարմիր-կանաչ»։ Տղայի կողմի ծերունիներից մեկը դուրս էր բերում հարսին և կանգնեցնում փեսայի կողքին։ Քահանայի օրհնությունից հետո ժողովուրդը, խստորեն պահպանելով դասավորությունը (թագավորի աջին՝ քավորը, ձախին՝ ազաբ բաշին, թագուհու աջին՝ հարսնաքույրը, ձախին՝ հարսնեղբայրը), շարժվում էր դեպի եկեղեցի՝ պսակադրության։

Կիրակի օրը նորապսակներին տանում էին փեսայի տուն (այս անգամ արդեն թագավորի հայրն էր ուղեկցում նրանց)։ Տուն մտնելիս նրանք անցնում էին քավորի սրի տակով։ Հարսն առանձնանում էր մի սենյակում, որտեղ նրա տեղում նստած էր լինում մի փոքրիկ տղա։ Որպեսզի երեխան տեղը զիջեր, հարսը նրան մի զույգ գուլպա էր նվիրում։

Հարսանիքին հաջորդող օրերն ունեին իրենց խիստ կանոնակարգը.

Երկուշաբթի (Խաշի օր). Փեսայի տանը հավաքվում էին միայն տղամարդիկ՝ խաշ ուտելու։

Երեքշաբթի և Չորեքշաբթի. Այս օրերին ընտանիքը զբաղված էր հյուրերին ճանապարհելով, գյուղից հավաքված սպասքը վերադարձնելով և տունը մաքրելով։ Այս ողջ ընթացքում հարսը գիշերում էր հարսնաքրոջ հետ։

Չորեքշաբթի երեկոյան. Հրավիրվում էր քահանան, ով օրհնությամբ քանդում էր փեսայի «կանաչ-կարմիրը», ինչից հետո միայն նորապսակները կարող էին մտնել առագաստ։ Առավոտյան նրանց մատուցում էին մեղրով ձվածեղ և խավիծ։

Ութ օր անց (Գլուխլվա). Հարսի մայրը բարեկամուհիների հետ գալիս էր աղջկա նոր տուն՝ բերելով նրա մնացած զգեստները, գաթա, հալվա և նվերներ։

Ռինդի հարսանեկան յուրաքանչյուր ծես, երգ ու շարժում իր մեջ կրում էր դարերի խորությունից եկող իմաստություն, ընտանիքի ամրության հանդեպ հավատ և համայնքային անքակտելի համերաշխություն։ Այս ավանդույթներն են, որ հարյուրամյակներ շարունակ կռել են վայոցձորցու անկոտրում ոգին ու ազգային նկարագիրը։

Ներկայացնում եմ «Սահարի» պարեղանակի մի տարբերակ.