Երեք խաչքարեր Ռինդի հարավ-արևելքում
Գյուղից հարավ-արևելյան հատվածում, դեպի Արենի տանող ճանապարհի աջ եզրին, մեղմաթեք բլրի վրա և ձորակի մեջ կանգնած են միջնադարյան մշակույթի երեք հիասքանչ կոթողներ։
Այս երեք խաչքարերը, որոնք ընդգրկված են Ռինդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, լուռ վկաներն են 13-14-րդ դարերի ակտիվ կյանքի, հավատքի և շինարարական գործունեության։ Ստորև ներկայացնում եմ դրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու վիմագրական առանձնահատկությունները։
1. Եկեղեցի կառուցողի և այգի հիմնողի խաչքարը (1301 թ.)
(Պետական ցուցիչ՝ 11.37/8)
Խմբի ամենաուշագրավ խաչքարերից մեկը թվագրվում է 1301 թվականով (հայկական տոմարով՝ ՉԾ)։ Գեղաքանդակ այս կոթողը կանգնեցված է պատվանդանի վրա։ Թեև խաչքարի անկյունները ժամանակի ընթացքում կոտրվել են, ստորին մասում պահպանվել է 7 տողանի չափազանց կարևոր արձանագրություն.

«ԱՅՍ ԱՐՁԱՆ ԱԻԾԵԱԼ (օծյալ) ԱՆՄԱՀ ԱՐՔԱԻՆ ՅԻ (Յիսուսի). Ի ՓՐԿՈՒԹԻ ՀՈԳՈ ՀԱՄԲԵԼԻՆ ԵՒ… ԵՒ ԵՂԲԱՐՑ ԻԻՐՈՑ ՈՐ ՇԻՆԵՑ ԶԵԿԵՂԵՑԻՍ ԵՒ ՏՆԿԵԱՑ ԶԱՅԳԻՍ»։
Արձանագրությունը պատմում է Համբելի (հնարավոր է սխալ վերծանած լինեմ) և նրա եղբայրների մասին, ովքեր ոչ միայն հոգևոր գործ են կատարել՝ կառուցելով եկեղեցի, այլև զբաղվել են գյուղատնտեսությամբ՝ հիմնելով այգի։ Հետաքրքիր հարց է առաջանում՝ ո՞ր եկեղեցու մասին է խոսքը։ Մեզ հայտնի է Հին Ռինդի միջնադարյան եկեղեցին, սակայն բացառված չէ, որ խաչքարի հենց այս տեղանքում ժամանակին եղել է մեկ այլ՝ փոքր եկեղեցի կամ մատուռ, որը դարերի ընթացքում ոչնչացել է, և այս խաչքարը մնացել է որպես այդ կորսված սրբավայրի միակ հիշատակ։
2. Սարգսի և ազնվական տիկնանց խաչքարը (13-14-րդ դդ.)
(Պետական ցուցիչ՝ 11.37/9)
Նախորդի հարևանությամբ գտնվում է 13-14-րդ դարերով թվագրվող մեկ այլ խաչքար։ Այն առանձնանում է անձնանունների առատությամբ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի տոհմական կապերի և անվանակոչության մասին։ Քիվին և ճակատի խաչերի արանքներում ու շրջանակներին փորագրված է.
Պատվիրատուն Սարգիսն է, սակայն հիշատակվում են բազմաթիվ անուններ՝ Կարապետ, Տեր Սմբատ, Մարգարա, Թումա։ Հատկապես ուշագրավ են կանանց անունները՝ Խուանդ Խաթուն, Խութլու Խաթուն, Թամթիկ, որոնք բնորոշ են Օրբելյանների շրջանի և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի հայկական ազնվականությանը։

«[ԵՍ] ՍԱՐԳԻՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՍԻՐԱՄԷՔ… | ԿԱՐԱՊԵՏ ԻՐ ՄԷՐ ՀԱԶԱՐԴԵՂ. ՏՐ. ՍՄԲԱՏ ԽՈՒԱՆԴ ԽԱԹՈՒՆ ԽՈԻԹԼՈՒ ԽԱԹՈՒՆ ՄԱՐԳԱՐԱՅ, ՄԱՄՔՍՆ, ԹԱՄԹԻԿ, | ԶԹՈՒՄԱ ՅԻՇԵՑԷՔ»։
3. Սարկավագ Ազիզբեկի՝ Մխիթարի խաչքարը (13-րդ դար)
(Պետական ցուցիչ՝ 11.37/7)
Երրորդ խաչքարը, որն ընդունված է անվանել «Մխիթարի խաչքար», վերագրվում է 13-րդ դարին։ Այն ևս գտնվում է նախորդների մոտակայքում։ Քիվի և ճակատային հատվածի արձանագրությունները հայտնում են.
Խաչքարը կանգնեցրել է Ազիզբեկ սարկավագը։ Արձանագրության մեջ խնդրում են հիշել Տեր Գրիգորի որդիներին, ինչպես նաև Մխիթարին։ «Սարկավագ քահանայի» արտահայտությունը և հոգևոր դասի ներկայացուցիչների (Տեր Գրիգոր, սարկավագներ) հիշատակումը հուշում է, որ այս տարածքը եղել է նվիրական վայր Ռինդի հոգևորականության համար։

«ՍԱՐԿԱԻԱՔ ԱԶԻԶԲԷԿ ԿԱՆԿՆԵՑԻ ՈՐ | ՅԻՇԵՑԷՔ ՈՐԴԻՔՆ ՏՐ ԳՐԻԳՈՐԻ ԱՆԱՂՈՒՏ… ԶՄԱՄԷՆ ՅԻՇԵՑԷՔ. ՋԱՍԼԻՄ, ՍԱՐԿԱՒԱԳ ՔԱՀԱՆԱԻ ԶՄԱՄԷՆ ՀԻՇԵՑԵՔ ԶՄԽԻԹԱՐ ՀԻՇԵՑԷՔ Ի ՔՍ (Քրիստոս)»։
Այս երեք խաչքարերը միասին կազմում են բացօթյա մի փոքրիկ պատմական համալիր, որտեղ այցելուն կարող է շոշափել Ռինդի 700-ամյա պատմությունը: Խաչքարերին միակ գիտական անդրադարձը, այն էլ միայն արձանագրություններին, եղել էր 1967 թվականին, ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Դիվան հայ վիմագրության» շարքում։
Նշում. Եկեղեցական տոմարով թվականը գրիգորյան տոմարով փոխարկելու համար կարող եք օգտվել մեր կայքի այս էջից։
1°