Մոմիկ վարդպետ

Մոմիկ վարդպետ

Հոդվածն այս բաժնում զետեղելու համար նախապես ցանկանում եմ նշել, որ Մոմիկն ուղիղ և դասական իմաստով Ռինդ գյուղից չէ, և նրա ապրած ժամանակաշրջանում (13-14-րդ դարեր) Ռինդ բնակավայրի մասին հստակ վկայություններ քիչ են։ Սակայն մեծն վարպետի կյանքի սկիզբը, միգուցե նաև մայրամուտը և նրա տոհմի հանգրվանը անխզելիորեն կապված են Ուլգյուր միջնադարյան բնակավայրի հետ, որն այսօր գտնվում է Ռինդից 6 կմ հյուսիս-արևելք և հանդիսանում է ռինդեցիների հոգևոր ու կենցաղային միջավայրի անբաժան մասը։

Մոմիկը Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք հայտնի ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է, ամենայն հավանակությամբ, 13-րդ դարի 60-ական թվականներին: Ապրել ու ստեղծագործել է Սյունիքում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել: Գեղեցիկ առասպելներով է հյուսվել Մոմիկ վարդպետի կենսագրությունը: Մանրանկարչություն, խաչքարագործություն, ճարտարապետություն. բազմաշնորհ վարդպետը գեղեցկացրել ու ծաղկեցրել է այն ամենն, ինչին դիպչել է՝ ոգի հաղորդելով մագաղաթին ու քարին, կենդանացրել ու վեհացրել է ճարտարապետական կառույցը` այն որպես քարեղեն աղոթք փոխանցելով սերունդներին:

Նա Օրբելյան իշխանական տան գլխավոր ճարտարապետն էր, ում անվան հետ են կապվում Նորավանքի եկեղեցու գավիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքում Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին, նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։ Նա ծաղկել է չորս ձեռագիր ավետարաններ՝ 1292, 1302 (կամ՝ Ստեփանոս Օրբելյանի), 1283 (չստորագրված) թվականների Ավետարանները, 1283-84 թվականների հավաքածուն։

Մոմիկի անվանն առաջին անգամ հանդիպում ենք 1283-1284 թթ. Գլաձորի համալսարանում գրված մի ձեռագրի հիշատակարանում (պահվում է Վիեննայում՝ Մխիթարյան միաբանության մատենադարանում, Ձեռ. թիվ 571, թերթ 24ա)։ Հիշատակագրությունը զետեղված է բուսական ոլորազարդերով կազմված գլխազարդի ներսի՝ անսպասելի մի հատվածում, որտեղ երիտասարդ վարպետը թողել է հետևյալ գրառումը.

«զՄոմիկ նկարիչ խորանիս յիշեցեք, աղաչեմ»

Այս գրառումը վկայում է, որ Մոմիկն իր ստեղծագործական ուղին սկսել է որպես ծաղկող-մանրանկարիչ՝ հետագայում հասնելով «Վարդպետի» (ճարտարապետի) բարձրագույն կոչմանը։

Մոմիկի կապը ներկայիս Ռինդի տարածքի հետ հաստատվում է հնագիտական կարևորագույն գտածոներով։ Վերին Ուլգյուր (Վերին Ուլնոց) գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել են 10-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը։ 1955 թվականին այս ավերակ եկեղեցու գերեզմանատանը հայտնի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը հայտնաբերել է մի խաչքար, որի արձանագրությունը լույս սփռեց վարպետի անձնական կյանքի վրա։ Արձանագրության մեջ հիշատակվում են հայ մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկի որդին՝ Ասկանդարը, և վերջինիս որդին՝ Շատոնիկը։ Այս փաստը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մոմիկի գերդաստանը բնակվել է հենց Ուլգյուրում։ 2004 թվականին կատարված պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Մոմիկի ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի` Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանա­քարերը։

Այսօր Ուլգյուրը պարզապես լքված գյուղատեղի չէ։ Ռինդեցիների համար այն կենդանի միջավայր է։ Գյուղի խմելու ջրի հիմնական պաշարները գալիս են Ուլգյուրի սառնորակ աղբյուրներից՝ խորհրդանշական կերպով կապելով անցյալն ու ներկան։ Տարածքը ծառայում է որպես խոտհարկ, բայց, որ ավելի կարևոր է՝ այն դարձել է յուրօրինակ սրբատեղի և հանգստի գոտի։ Ռինդի բնակիչները հաճախ են այցելում այնտեղ՝ հաղորդակցվելու Մոմիկի դարաշրջանի շնչին, որտեղ բնությունն ու պատմությունը միաձուլված են։

Ինչպես նշվում է ուսումնասիրություններում, Մոմիկը ոչ միայն քարի վարպետ էր, այլև լույսի։ Տարբեր մեկնությունների ու ենթադրությունների տեղիք է տվել «Մոմիկ» անունը, որը չի հանդիպում ոչ գրավոր աղբյուրներում, ոչ ժողովրդական բանահյուսության մեջ։ Կարելի է ենթադրել, որ նա եղել է փոքրամարմին, նուրբ կառուցվածքով մի մարդ, և «մոմիկը» նրան տվել են որպես մականուն, որը հետագայում նա վերցրել է որպես հիմնական անուն։ Կարելի է ասել, որ իր կյանքը մի մոմ էր, որը վառված էր Աստծո տաճարում՝ Աստծո փառքի համար։ Նրա անունը գուցե վկայում է նրա՝ Աստծո տունը լուսավորելու առաքելության մասին։ Եվ այդ լույսը մինչ օրս ճառագում է Ուլգյուրի հինավուրց քարերից։