Ռինդի պատմական տարեգրության մեջ իր առանցքային տեղն ունի Մինասենց մեծ գերդաստանը։ Լինելով գյուղի ամենամեծ տոհմերից մեկը՝ նրանց նախնիները Ռինդում հաստատվել են բնակավայրի հիմնադրման վաղնջական փուլում՝ դառնալով համայնքի ձևավորման ակունքներում կանգնած առաջին վերաբնակիչներից։
Տոհմի ծագումնաբանությունը տանում է մեզ դեպի Մեծ Հայքի Այրարատ նահանգ։ Ըստ ավանդապատումների և տոհմի ներկայացուցիչների հիշողությունների՝ նախնիները գաղթել են Ցոլակերտ քաղաքից (ներկայիս Իգդիր) կամ հարակից գյուղերից։ Աշխարհագրորեն սա համընկնում է պատմական Ճակատք և Մասյացոտն գավառներին։ Թեև երբեմն շրջանառվում է նաև Պարսկահայքի Սալմաստ գավառից տեղափոխվելու վարկածը, սակայն պատմական և ազգագրական տվյալներն առավել հակված են հաստատելու Ցոլակերտի տարբերակը։
Տեղափոխությունը դեպի Վայոց ձոր, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քառորդում՝ կապված 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի և դրան հաջորդած հայերի մեծ ներգաղթի հետ։
Մինչև Ռինդ հասնելը, Մինասենց նախնիները անցել են պատմական որոնումների ճանապարհով.
Հորբատեղ. Սկզբնական շրջանում նրանք բնակություն են հաստատել Վայոց ձորի Հորբատեղ գյուղում։ Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ մինչ օրս Հորբատեղում պահպանվել են աշխարհագրական տեղանուններ, որոնք տեղացիները կոչում են «Մինասենց» անունով։
Աղավնաձոր. Հետագայում տոհմի նախահայրերը տեղափոխվել են Աղավնաձոր։ Այս դրվագը հիշատակվում է Ֆրունզե Եսայանի «Աղավնաձորի պատմությունը» գրքում։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ Մինասը կենցաղային հողի վրա բախում է ունեցել տեղացի Խոյցի Հարութի հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ նա թողնի Աղավնաձորը և վերջնականապես հաստատվի Ռինդում։
Տոհմի ճյուղերը
Մինասենց տոհմի հաստատումը Ռինդում տեղի է ունեցել մինչև 1850 թվականը, քանի որ այդ թվականի Ռինդի ծխական ցուցակագրման փաստաթղթերում արդեն իսկ հանդիպում է Գևորգի որդի Մինասի անունը։
Տոհմի հիմնադիր նահապետը Վայոց ձորում եղել է Գևորգը (ծնված 1786թ.), ում հայրը Տեր Հովհաննեսն էր։ Գևորգն ունեցել է չորս որդի, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է դրել մի մեծ ճյուղի։ Թեև Մինասը եղբայրներից միայն մեկն էր (ավագը), սակայն ավանդաբար ամբողջ գերդաստանը հիշատակել են նրա անունով՝ Մինասենք։
Մինաս (ծնվ. 1814թ.). Ունեցել է 5 որդի՝ Ավետիս (1858թ.), Ստեփան, Հարություն, Կարապետ և Առաքել (վերջինս եղել է անժառանգ)։
Ազգանունները՝ Մինասյան, Ավետիսյան, Ստեփանյան, Կարապետյան։
Վարդան (ծնվ. 1821թ.). Նրանից սկիզբ առած ճյուղը գյուղում հայտնի է որպես Վարդանենք։
Ազգանունը՝ Վարդանյան։
Եղո. Ունեցել է 2 որդի՝ Վահան և Ստեփան։ Ազգանունը՝ Եղյան։
Ղազար. Ունեցել է մեկ որդի՝ Կարապետը։ Կարապետի որդիներից առանձնանում է Զաքարայի մեծ ճյուղը։
Ազգանունները՝ Կարապետյան, Ղազարյան։
Թեև այս չորս ճյուղերը ձևավորվել են դեռևս 19-րդ դարում, տոհմի ներկայացուցիչները պահպանում են արյունակցական ամուր կապը՝ գիտակցելով իրենց ընդհանուր ծագումն ու պատմությունը։
Մոտ երկու դար բնակվելով Ռինդում՝ Մինասենք եղել են ոչ միայն հմուտ հողագործներ ու շինականներ, այլև ակտիվ դերակատարում են ունեցել համայնքի կրթական և հասարակական կյանքում։ Տոհմը տվել է բազմաթիվ արժանավոր զավակներ.
- Հենրիկ Վարդանյան. Վարդանի ճյուղի շառավիղներից։ Նա դարձավ Արցախյան շարժման առաջին նահատակներից մեկը՝ զոհվելով 1988-ի հունիսին՝ ինքնաշեն զենքի փորձարկման ժամանակ, երբ պատերազմը դեռ նոր էր թակում դուռը։ (Նրա սխրանքի մասին մանրամասն կարող եք կարդալ կայքի համապատասխան բաժնում)։
- Մանվել Հարությունյան. Գիտնական, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ 1977-2016 թթ. ծավալել է գիտամանկավարժական գործունեություն Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ որպես Փիլիսոփայության ամբիոնի դոցենտ։
- Ռազմիկ Մինասյան. Վաստակաշատ մանկավարժ, ով 1964-1980 թվականներին ղեկավարել է Ռինդի միջնակարգ դպրոցը՝ մեծ ավանդ ներդնելով սերունդների կրթության գործում։
- Խաչիկ Ստեփանյան. Խորհրդային տարիներին եղել է Ռինդի կոլտնտեսության նախագահ՝ ղեկավարելով գյուղի տնտեսական զարգացումը։
- Փափազ Ստեփանյան. Մաթեմատիկայի երկարամյա ուսուցիչ, ով 1996-1999 թվականներին ստանձնել է դպրոցի տնօրենի պաշտոնը։
- Տոհմի անվանի և մեծ հարգանք վայելող ներկայացուցիչներից է եղել Սկրյաբին Ստեփանյանը։ Լինելով անվանի մաթեմատիկոս՝ նա զբաղեցրել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը՝ վայելելով մեծ հեղինակություն գիտական շրջանակներում։
- Գառնիկ Թորոսյան. Խորհրդային տարիներին Ռինդի գլխավոր գյուղատնտեսը՝ օժտված մասնագիտական բարձր որակներով։
- 20-րդ դարասկզբի բարդ ժամանակներում իրենց գործունեությամբ հիշատակվում են նաև Կարապետ և Առաքել Հարությունյանները։
Անցնելով գաղթի և վերաբնակեցման դժվարին ճանապարհով՝ Մինասենց տոհմը խարիսխ գցեց Ռինդի հողում՝ դառնալով նրա անցյալի հիշողությունը և ապագայի կերտողներից մեկը։
Եթե հոդվածում նկատեք բացթողում կամ անճշտություն, խնդրում եմ կապ հաստատել կայքում նշված կապի միջոցներով (email)։
5°