Վայոց ձորի հրամանատարական կազմը

Մհեր Բալյան

Ռինդի պատմությունը հարուստ է հերոսական դրվագներով, սակայն դրանց մեջ առանձնանում է մի կերպար, որի անունը հոմանիշ է դարձել ֆիզիկական անհավանական ուժի, բնածին ռազմական տաղանդի և հայրենիքին անմնացորդ նվիրումի։ Խոսքը լեգենդար ֆիդայի Մհերի՝ Նիկոլա Բալյանի մասին է։

Նա ծնվել է 1878 թվականի հունվարի 4-ին։ Արյունով և ոգով իսկական ազնվական էր, ում արմատները գալիս էին պատմական հռչակավոր տոհմից՝ նա Մելիք-Սաֆարի ծոռն էր, Մելիք-Բալինի թոռը, Մկրտիչի որդին։ Նա իր հայրենիքի պատմությունը գրեց ոչ թե գրչով, այլ սրով ու անօրինակ անձնազոհությամբ։

Մհերի ռազմական ուղին սկսվել էր դեռևս 1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, երբ նա զինվորագրվել էր Վայոց ձոր մարտական ուժերի ղեկավար Առյուծ Ավագին, ապա գործակցել հայտնի ֆիդայիներ Կոտոյի Հաճու, Ցոլակ Արամի և Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հետ։

Սակայն նրա կյանքի ամենաշրջադարձային դրվագներից մեկը գրանցվեց 1913-1915 թվականներին՝ Դիլմանի ճակատամարտի ժամանակ։ Նիկոլան իր համագյուղացիներ Լևոն Մինասյանի, Լյուդվիկ Բաղդասարյանի, Ավագ Մինասյանի և Պատվական Օհանյանի հետ ծառայում էր ռուսական բանակի՝ գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի զորամասում։

Մարտերի ժամանակ թուրքերը մոտակա բարձրունքից անընդհատ ծանր վնասներ էին հասցնում հայկական ուժերին։ Զորավար Անդրանիկը շարք է կանգնեցնում զինվորներին և հարցնում, թե ով կարող է 100 զինվորի օգնությամբ գրավել այդ մահաբեր բարձրունքը։ Երկրորդ անգամ հարցը հնչեցնելուց հետո շարքից դուրս է գալիս ռնդեցի Նիկոլան և վստահորեն ասում. «Ես կգրավեմ 4 զինվորով»։

Զորավարը սկզբում ընդդիմանում է, բայց տեսնելով զինվորի վճռականությունը՝ համաձայնում է նրա մարտավարությանը։ Ըստ Նիկոլայի ծրագրի՝ իր 4 զինակիցներին հագցնում են թուրքական հարյուրապետի (յուզբաշու) համազգեստ, իսկ իրեն՝ թուրքական հազարապետի (մինբաշու)։ Նա պատվիրում է տղաներին պարզապես ապահովել իր թիկունքը և շարժվում է առաջ։ Մինչ թշնամին կհասկանար, որ իրենց մոտեցողը յուրային հրամանատար չէ, Նիկոլան կայծակնային արագությամբ թրով գետնին է տապալում 15-20 թուրք զինվորի։ Այդ խառնաշփոթից օգտվելով՝ Անդրանիկի զորամասը շրջապատում է բարձրունքն ու ոչնչացնում հակառակորդին։

Բարձրունքը գրավելուց հետո Անդրանիկը, անսահման հպարտությամբ բռնելով Նիկոլայի թևը և համբուրելով նրա ճակատը, ամբողջ զորամասի առաջ հայտարարում է.

«Նիկոլա՛, քո անունը ես դնում եմ Մհեր։ Այսուհետև դու Նիկոլա չես, այլ Մհեր ես»։

Զորավարի այցը Ռինդ և հանդիպումը Մհերի հետ
Անդրանիկը երբեք չէր մոռանում իր քաջերին։ 1918 թվականի գարնանը լուր է տարածվում, որ Զորավարը Շուշիից դուրս գալիս ասել է՝ «Գնում եմ հանդիպելու Մհերին»։ Ճանապարհի բոլոր գյուղերում նրան աղ ու հացով են դիմավորում, բայց նա շտապում էր Ռինդ։

Գյուղի ծերերը՝ Մինասենց Ստեփանի և Վարդանենց Պետրոսի գլխավորությամբ, 500 ձիավորների ուղեկցությամբ ժամանած Զորավարին դիմավորում են մեծ շուքով և հյուրընկալում Մինասենց Ստեփանի տանը։ Այդ օրը երեկոյան Մհերը վերադառնում էր Չիվայի կռվի դաշտից։ Գյուղամիջում Անդրանիկի զինվորները, տեսնելով մինչև ատամները զինված անծանոթ հսկային, պահանջում են հանձնել զենքերը։ Իմանալով, որ նրանք Անդրանիկի զինվորներն են, Մհերը անխոս հանձնում է զենքերն ու մոտենում տանը։

Դրսում զրուցելիս Անդրանիկը ներսից լսում է Մհերի ծանոթ ձայնն ու անմիջապես հրավիրում ներս։ Զինակիցների հանդիպումը չափազանց ջերմ էր. Մհերի զենքերը անմիջապես վերադարձվում են, և հաջորդ առավոտյան ամբողջ Ռինդը սրտաբաց ճանապարհում է Զորավարին։

Հայաստանի Առաջին Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի վարիչ Արշալույս Աստվածատրյանը 1949թ. իր հուշերում առանձնահատուկ հիացմունքով է նկարագրում Մհերին։ Համեմատելով նրան ժամանակի հայտնի այլ ֆիդայիների հետ՝ նա գրում է.

«Մհերը մի բան ավելի էր… Ինքնաբույս, ինքնածին, բնածին մարտիկ էր։ Այն տպավորությունն ունեի, որ բացատրությունների կարիք չուներ. մի ակնարկից հասկանում էր՝ երբ, ինչ և ինչպես պետք է անել։ Այդպիսիների մասին մեր գյուղացիք ասում էին՝ «թելին տաս՝ կը հասկանայ»»։

Նրա արտաքինը ահռելի էր։ Աստվածատրյանը հիշում է, որ հայտնի «Որսորդ Ավոյի Մհերը ոչինչ է եղել այս հսկայի համեմատությամբ»։ Ֆիզիկական անխորտակելի ուժի մարմնացում լինելով հանդերձ՝ Մհերը բացառիկ համեստ էր։ Տպավորիչ էր նաև տեսնել նրա փոքրամարմին ու նրբակազմ կնոջը, ով իր հսկա ամուսնուն նայելիս գլուխը վեր էր թեքում այնպես, ինչպես մարդ նայում է բարձր ծառի գագաթին։

Մհերն իր ժամանակին պարզապես զինվոր չէր, այլ մի ամբողջ կայազոր։ Ռինդը գտնվում էր հայկական և թուրքական գյուղերը բաժանող վերջին գծի վրա։ «Երբ նա գյուղումն էր, համագյուղացիք հանգիստ էին: Իսկ երբ նա բացակայում էր, Ռինդը վտանգված էր», – գրում է Աստվածատրյանը։

Մի դրվագում, երբ Աստվածատրյանը գաղտնի զենք տեղափոխելիս մթության մեջ սխալմամբ հայտնվում է թուրքական գյուղի ճանապարհին ու հազիվ փախչում, հասնում է Ռինդ՝ Մհերի տան մոտ։ Վայրկյանապես հասկանալով իրավիճակը՝ Մհերը մի ահագին մահակ առած, մի քանի հոգու հետ դուրս է թռչում գյուղից՝ ընդառաջ գնալով զենք տեղափոխողներին։ Կռվի պատրաստվող թուրքերը, հեռվից տեսնելով Մհերին, անմիջապես լռում են ու նահանջում. նրանք շատ լավ գիտեին հայ հսկայի ուժը։

1921-ի հունիսյան հերոսամարտն ու Ռինդի պատվի պաշտպանությունը
1921 թվականի գարնանը, երբ Կարմիր բանակի ճնշման տակ դաշնակցական ուժերն ու ժողովուրդը նահանջել էին դեպի սարերը, հունիսին սկսվեց հայկական ուժերի հակահարվածը Վայոց ձորն ազատագրելու համար։

Այդ փառահեղ օրերին Մհերը գլխավորում էր Ռինդի, Աղավնաձորի, Արենիի և Ելփինի շրջաններից հավաքված հարյուրակը։ Նրա մարտավարական հանճարի շնորհիվ հայկական ուժերը կայծակնային գրոհով գրավեցին Ագարակաձորի կամուրջն ու Գետափի այգիները՝ թշնամուն թողնելով դեղին հողերի վրա՝ անջուր և արևի կիզիչ ճառագայթների տակ։ Ջրից զրկվելով՝ շարքից դուրս եկան թշնամու «Վիկերս» գնդացիրները, իսկ հայ մարտիկները գրավեցին թնդանոթներն ու մաքրեցին Վայոց ձորը օտարներից։

Սակայն գաղափարական պառակտման և ուժերի անհավասարության պատճառով հայկական հրամանատարությունը որոշեց նահանջել Զանգեզուր։ Այդ օրերին խաղաղությունը խաթարվեց. թուրքական «Կարմիր թաբորը» մտել էր Ռինդ, բռնություններ գործադրել ծերերի նկատմամբ ու թալանել բնակիչներին։

Ռինդեցիները չէին կարող հանդուրժել պատվի նման ոտնահարում։ Լուրն առնելուն պես Մհերը իր մարդկանցով և Խնկոյի գլխավորած գառնեցիների հեծելազորով կտրեց թուրքական հրոսակախմբի ճանապարհը Եղեգնալճի հատվածում։ «Ի՞նչ. թթու մածուն եք կերել, հայի պատվին դիպել, ծերերին ծեծել…», – սա եղավ թուրքական ջոկատի դատավճիռը։ Ռինդի ջարդից փրկվեցին միայն նրանք, ում բաղդոյենց ծեր Անդոնը խղճալով ցույց տվեց ձորով փախչելու ճանապարհը։

Հայաստանի ռազմական նախարարի հյուրընկալությունը
Խորհրդայնացման օրերին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետության զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը նահանջում էր դեպի Լեռնահայաստան (Զանգեզուր), իր ուղեկիցների (այդ թվում՝ խմբապետ Բաշգառնեցի Մարտիրոսի) հետ նա հանգրվանեց Ռինդում՝ Մհերի խոնարհ հարկի տակ։

Ինչպես հիշում է Մարտիրոսը՝ Ռուբենը ծպտված էր և խնդրել էր իրեն ներկայացնել որպես Գևորգ։ Սակայն Մհերի սուր աչքն անմիջապես որսաց, որ իր տանը հասարակ մարդ չէ։ Նա ծածուկ մոտենում է Մարտիրոսին ու պահանջում. «Էս մարդն ո՞վ է… Ճիշտն ասա, թե չէ՝ քեզ կխփեմ»։ Երբ իմանում է, որ իր տանը հյուրընկալվել է հանրապետության ռազմական նախարարը, Մհերը մոտենում է, ջերմորեն բռնում նրա ձեռքը։

Նման հզոր կենսագրությամբ, ժողովրդի անսահման սիրով ու հեղինակությամբ շրջապատված հայը չէր կարող աննկատ մնալ խորհրդային տոտալիտար համակարգի աչքից։ Խորհրդային իշխանությունը չհանդուրժեց Ռինդի առյուծի գոյությունը. 1937 թվականի բռնաճնշումների ժամանակ Մհերը աքսորվեց և գնդակահարվեց՝ արժանանալով հազարավոր ազգանվեր հայորդիների ողբերգական, բայց հերոսական ճակատագրին։ Նա իրենից հետո թողեց երկու արժանապատիվ զավակների՝ Խորենին և Արամայիսին (Արմոյին)։

Արշալույս Աստվածատրյանը գրել է. «Այն ձեռքը, որ բարձրանում է Մհերի կամ նրա նմանների վրա, հայի ձեռք չէ»։

Ուսումնասիրելով ու ի մի բերելով մեր գյուղի լեգենդի այս բացառիկ կենսագրությունը՝ հասունանում է մի կարևոր գաղափար. Ռինդում կանգնեցնել հուշաքար կամ կոթող՝ նվիրված Նիկոլա (Մհեր) Բալյանին։ Դա ոչ միայն հարգանքի տուրք կլինի մեր հերոս նախնուն, այլև հավերժական հիշեցում գալիք սերունդներին այն մասին, թե ինչպիսի արյուն է հոսում իրենց երակներում։

Գրականություն.

  1. «Յուշերը», «Հայրենիք», 1956թ, փետրվար-մարտ
  2. Ստեփանյան Խաչիկ, Հուշեր, 2005թ
  3. Աշոտ Սիմոնյան. «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում» (2011)