Ռինդ գյուղի ամենամեծ տոհմը Մելիք-Սաֆարի գերդաստանն է, որը եղել է գյուղի հիմնադիր տոհմերից մեկը և որի պատմությունը ձգվում է միջնադարյան Անիից մինչև Սյունիք, Նախիջևան և Վայոց ձոր։ Պատմական աղբյուրները վկայում են, որ 1828 թվականին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ Արևելյան Հայաստանում սկսվեց հայերի զանգվածային վերաբնակեցումը, մոտ երկու դար լքված Հին Ռինդ գյուղը նոր շունչ ստացավ։ Հենց այս ժամանակաշրջանում Հին Ռինդում հաստատվեցին Մելիք-Սաֆարի երեք որդիները՝ Բալինը, Աղաբաբ Մուղսին և Գրիգորը ու մյուս 4 ընտանիքների հետ հիմնադրեցին Ռինդը։
Ազգագրագետ Երվանդ Լալայանի ուսումնասիրությունները վկայում են, որ տոհմի նախահայր Ստեփանը ապրել և գործել է Բագրատունյաց մայրաքաղաք Անիում, որտեղ ստացել է մելիքական տիտղոս (սարդար) և զորապետության պաշտոն։ 1319 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Անին ամբողջությամբ լքվեց, և ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ է տոհմը հեռացել Անիից։
Անիից հեռանալուց հետո տոհմը կարճ ժամանակով հաստատվել է Էջմիածնի շրջանի Շահրիար (ներկայիս Նալբանդյան) գյուղում։ Պատմաբան Հենզել Առաքելյանի «Բռնակոթի պատմություն» գրքում (1997թ.) նշվում է, որ այստեղ նրանք հակամարտություն են ունեցել տեղի Շահխաթունիների հետ, ինչը հանգեցրել է արյունահեղության և ստիպել տոհմին կրկին գաղթել։
Նախիջևան (Ճահուկ)
Առնվազն 14-րդ դարի երկրորդ քառորդից մինչև 19-րդ դարի սկիզբը տոհմի հիմնական հանգրվանը եղել է Նախիջևանի Ճահուկ գյուղը։ Թեև գրավոր աղբյուրներն այս պահին սակավ են, բանավոր հիշատակումները վկայում են Ճահուկի եկեղեցիներից մեկի կառուցման գործում տոհմի ունեցած դերակատարման մասին։
Նախիջևանից դուրս գալիս տոհմը ներկայացված էր հինգ եղբայրներով, որոնց հայրը, ըստ արխիվային նյութերի, եղել է Մեծ Աղա Բաբան (Աղաբաբը)։ Երվանդ Լալայանը նշում է, որ նրանց հոր անունը եղել է Ստեփան, ով ավագ որդու հետ հաստատվել է Բռնակոթում։ Ճակատագիրը եղբայրներին տարավ տարբեր ուղղություններով.
Մելիք-Թանգի Ա
Ավագ եղբայրը շարունակելով հոր մելիքական տիտղոսը՝ հաստատվել է Սյունիքի Բռնակոթ գյուղում՝ հիմք դնելով նշանավոր Մելիք-Թանգյանների գերդաստանին։ Տոհմը հզորացել է հատկապես Մելիք-Թանգի Բ-ի օրոք, ով կառուցել է Բռնակոթի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատունը (որտեղ էլ գտնվում է նրա տապանաքարը) և Որոտան գետի վրա հայտնի Մելիք-Թանգու կամուրջը։ Այս ճյուղից են սերում պատմության, գիտության և մշակույթի մի շարք երևելի դեմքեր.
- Ներսես Մելիք-Թանգյան – Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս և պատմաբան։
- Սիմոն բեկ Մելիք-Թանգյան – Ներսես սրբազանի ավագ եղբայրը և Գարեգին Նժդեհի լեռնահայկական զորաբանակի մատակարարը։
- Անդրանիկ Թանգյան – Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Սուսաննա Թանգյան – ՀՀ վաստակավոր արտիստուհի, Արամ Մերանգուլյանի և Թաթուլ Ալթունյանի անվան համույթների մեներգչուհի։ Նա արվեստի հանդեպ իր սերն ու տաղանդը ժառանգել է պապից՝ հայտնի ժողովրդական երգիչ Բալաբեկից, և հորից՝ Գորիսի պետական թատրոնի դերասան Հայկ Թանգյանից։
Մելիք-Սաֆարի և Մելիք-Թանգիի եղբայրներից երեքի մասին ստույգ ինֆորմացիա չհաջողվեց գտնել այս պահին։ Անուններն են՝ Հովսեփ, Ավթանդիլ, Թավաթ-Սուլթան։ Վերջինս եղել է Օսմանյան կայսրության խորհրդարանի (մեջլիսի) պատգամավոր։ Տոհմի ներկայացուցիչներից Սաֆարյան Կամոն տարիներ առաջ ինձ հայտնել է, որ եղբայրներից մեկը, հավանական է, որ տեղափոխվել է Թավրիզ, մյուսը՝ Արցախ։
Բաշգառնեցի խմբապետ Մարտիրոսը «Հայրենիք» ամսագրի 1956թ փետրվար-մարտ համարում պատմելով 1920-ի դեկտեմբերին Մհեր Բալյանի տանը իր և Հայաստանի ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի հյուրընկալության մասին՝ հայտնում է, որ Մհեր Բալյանի, Ներսիս Մելիք-Թանգյանի և Սերգեյ Մելիք-Յոլչյանի պապերը (նախապապերը) եղբայրներ են։ Թանգյանների հետ ազգակցական կապը փաստագրված է, իսկ Մելիք-Յոլչյանների հետ կապի մասին առայժմ չեմ կարողանում ինֆորմացիա ստանալ (եթե ունեք նման ինֆորմացա, խնդրում եմ կապ հաստատել իմ հետ)։
Մելիք-Սաֆար (ծնվ. 1756թ.)
Մելիք-Սաֆարը ծնվել է 1756 թվականին։ Նախիջևանից Վայոց ձոր տեղափոխվելիս նախնիները կարճ ժամանակով հանգրվանել են Արփա (Արենի) գյուղում։ Հենց այստեղ էլ մահացել է տոհմի հայրը՝ Սաֆարը։ Նրա տապանաքարը պահպանվել է առ այսօր և գտնվում է Հին Արփա գյուղատեղիում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ՝ պատմական այն տարածքում, որտեղ ժամանակին եղել է Օրբելյանների իշխանական տան նստավայրը։
Ռինդ տեղափոխվելուց առաջ տոհմի նախահայրերը որոշ շրջան բնակվել են նաև Հորբատեղ գյուղում։ Այժմ էլ այնտեղ կան աշխարհագրական շատ օբյեկտներ, որոնք կոչվում են Սաֆարի և Բալինի անուներով։ Այդտեղ ավագ եղբայր Բալինը իր քրոջն ամուսնացնում է Մինասենց տոհմի հիմնադիր Գևորգի հետ։
Ռինդի հիմնադրման պահին գյուղում եղել են 7 ընտանիքներ՝ Բալինը, Աղաբաբ Մուխսին, Գրիգորը, Շորգեցի Սիմոնը, Բալինի քրոջ որդի Մինասը, Զարգյար Թադևոսը և իր հայր Պողոսը (կամ Ասատուրը)։
Մելիք-Սաֆարի երեք որդիները՝ Բալինը, Աղաբաբը և Գրիգորը, Ռինդում հիմք դրեցին երեք մեծ ճյուղերի։ Չնայած մեծ ճյուղավորմանը, տոհմի ներկայացուցիչները պահպանում են արյունակցական կապի զգացումը՝ միմյանց ընդունելով որպես հարազատներ՝ հորեղբոր որդիներ։
1. Բալինի ճյուղ (Բալինենք)
Ավագ որդին՝ Բալինը, ծնվել է 1787 թվականին։ Որդիներն են Ասատուրը, Մկրտիչը, Խաչատուրը, Աբգարը (Պալյոզ)։ Նրանց ճյուղավորումներն էլ են մեծ տոհմեր ստեղծել (Մկրտիչենք, Ասոյենք, Խաչոյենք, Պալյոզենք)։
- Խաչատուրի որդիներն են Կարապետը, Հովհաննեսը և Սմբաթը։ Ճյուղը կրում է Խաչատրյան ազգանունը։
- Ասոյի որդիներն են Առաքելը, Արամը, Տիգրանը, Պարսամը և Միսակը։ Տոհմը կրում է Ասատրյաններ, Արամյաններ ազգանունները։
- Աբգարի որդիներն են Աթոն և Սաքոն։
- Մկրտիչի որդիներն են Նիկոլայ-Մհերը, Ենոքը, Եղոն, Մարգարը, Զաքարան և Հայրապետը (Հաբո)։ Ռինդում տոհմի ներկայացուցիչներն այժմ կրում են Մկրտչյաններ ազգանունը։ Արենիում կան Ենոքի ժառանգներից (Ենոքյաններ)։
Տոհմի նշանավոր ներկայացուցիչ է Մկրտիչի որդի, 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Նիկոլայ-Մհեր Բալյանը, ում «Մհեր» անունով կնքել է Զորավար Անդրանիկը։ Եղել է Վայոց ձորի հրամանատարական կազմում, Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հետ կազմակերպել է գավառի ինքնապաշտպանությունը թաթարական հրոսակախմբերից։ Իր մասին առանձին կենսագրական հոդված եմ հրապարակել կայքում։
2. Աղաբաբ-Մուխսիի ճյուղ (Մխսոնք)
Միջնեկ որդին՝ Աղաբաբը, ծնվել է 1812 թվականին։ Աղաբաբը հայտնի է նաև «Մուխսի» անունով։ Բառը (մահտեսի) ստուգաբանվում է որպես Երուսաղեմ ուխտի գնացած հավատավոր (Էդուարդ Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան», 1976, էջ 959)։
Մուխսի Աղաբաբը եղել է Ռինդի դարբինը և կարևոր դեր է ունեցել գյուղի կայացման և, մասնավորապես, ջրագծի կառուցման գործում։ 1830-ականներին, երբ Ռինդի յոթ հիմնադիր ընտանիքները ձեռնամուխ են լինում Ուլգյուրից ջուր բերելուն, անհրաժեշտ էր առու փորել Աղավնաձորի դաշտի մոտ երկու կիլոմետրանոց ամայի ու քարքարոտ տեղանքով։ Մինչ ընտանիքներից մեկական տղամարդ կտրում էր ապառաժները, Մուխսի Աղաբաբն իր դարբնոցում գիշերուզօր կոփում և սրում էր նրանց աշխատանքային գործիքները՝ բահեր, չիվեր, լոմեր ու քլունգներ։ Ավելի քան մեկ տարի տևած այդ ծանր ու տիտանական աշխատանքը պսակվում է հաջողությամբ և կենսատու ջուրը հասնում է Ռինդ։
Աղաբաբ Մուխսիի որդիներն են Ավետիսը (ծնվ. 1846) և Սահակը (ծնվ. 1844)։
Սահակի որդիներն են Ներսեսը, Մանուկը և Եփրեմը։ Ռինդում տոհմի ազգանուններն են Սահակյաններ, Ներսիսյաններ։
Ավետիսի որդիներն են Կարապետը, Աղաբեկը և Հազարբերկը։ Գյուղում ճյուղի ազգանուններն են Ավետիսյաններ, Կարապետյաններ, Աղաբաբյաններ։ Տոհմի հիշատակարանը հարստանում է նաև մերօրյա արխիվային բացահայտումներով։ «Ժողովրդի հիշողություն» (Память народа) պետական արխիվային տվյալների համաձայն՝ տոհմի ներկայացուցիչ Կարապետի որդի Արիստակես Ավետիսյանը (ծնվ.՝ 1910թ), մասնակցել է հայրենական պատերազմին և պարգևատրվել «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

Ավետիսի թոռան (Գրիգորի) թոռ՝ Ավետիքի որդի Հրաչյա Ավետիսյանը 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ անմահացել է Արցախի Հանրապետության Ջրական բնակավայրում։
3. Գրիգորի ճյուղ (Գրիգորենք)
Կրտսեր որդին՝ Գրիգորը, ծնվել է 1822 թվականին։ Որդիներն են Սիմոնը, Սաֆարը, Մանուկը, Հարությունը։
Սիմոնի որդիներն են Ավանեսը, Զաքարան և Միսակ։ Զաքարայի որդի Ժորժիկ Գրիգորյանը երկար տարիներ եղել է Ռինդի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, որոշ շրջան նաև տնօրեն։
Տոհմի նշանավոր ներկայացուցիչ է Սաֆարի որդի Ենոք Սաֆարյան-Գրիգորյանը, ով 20-րդ դարի սկզբի ամենածանր ու օրհասական պահերին ստանձնեց առաջնորդի պատասխանատվությունը՝ դառնալով Վայոց ձորի ինքնապաշտպանական ուժերի առանցքային հրամանատարներից մեկը։
Գրիգորի ճյուղի ներկայացուցիչ է գրող, թարգմանիչ Մկրտիչ Մկրտչյանը (Գրիգոր > Հարություն > Մկրտիչ > Ասատուր > Բախշի (Մկրտիչ))։
ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանի հայրը՝ Ամբիկ Սաֆարյանը, Գրիգորի որդի Սաֆարի որդի Նիկոլայի որդին է։
Այս ճյուղի հիմնական ազգանուններն են Գրիգորյաններ, Սաֆարյաններ, Մանուկյաններ, Սիմոնյաններ, Հարությունյաններ, Մկրտչյաններ։

Ռինդեցի հրամանատարները Վայոց ձորի զինվորական կազմի հետ, 20-րդ դարասկիզբ։ Լուսանկարում են Մհեր Բալյանը (Բալինի թոռ) և Ենոք Սաֆարյանը (Գրիգորի թոռ)։
Ինքս այս տոհմից եմ. Մելիք-Սաֆարի որդի Աղաբաբ Մուխսիի որդի Ավետիսի որդի Կարապետի որդի Քրիստափորի որդի Հրանտի որդի Աշոտի որդի Նարեկն եմ:
Իմ ունեցած ինֆորմացիայով հավաքել եմ տոհմի թվային տոհմածառը՝ ավելի քան 800 արական անդամներով։ Մշտապես թարմացնում եմ, ավելացնում նոր մարդկանց, փոփոխում, լրացնում բացթողումները։
Թվային տոհմածառը տեսնելու համար կարող եք դիմել կայքում առկա կապի միջոցներով։
9°