1921 թվականի գարնան վերջին Վայոց ձորը հայտնվել էր պատմական հորձանուտում։ Կարմիր բանակի առաջխաղացման հետևանքով աշխարհազորայինները, կամավորական խմբերն ու դաշնակցական մարտիկները ստիպված էին քաշվել դեպի բարձրադիր սարերը՝ Գնդեվազի ու Ջերմուկի անմատչելի բարձունքները։ Սակայն հայրենի տունն ու հողը թողնելն անհնար էր. դա մի «լեռնային հեղեղ» էր, որը պատրաստվում էր հորդել ցած ու սրբել իր ճանապարհին ամեն պատնեշ։
Հունիսյան արշավանքի ժամանակ հայկական ուժերը սկսեցին իրենց վերջնական գրոհը։ Ժողովրդական բանակը, շրջանցելով Վերնաշենի սարերը, կայծակնային հարձակմամբ ազատագրեց Եղեգնաձորը։ Կարմիր գնդերը, չդիմանալով հարվածին, խուճապահար նահանջում էին՝ թողնելով զենքն ու զինամթերքի հսկայական պահեստները։
Այս հաղթարշավի ամենափայլուն դրվագներից մեկը կապված է Ռինդեցի Մհեր Բալյանի հետ. մի կերպար, ում անունը կապվում է Վայոց ձորի գյուղերի ինքնապաշտպանության և ազատագրման հետ։ Դաշնակցական մարտիկ Գառնիկ Զաքարյանի (ենթադրում եմ Աղավնաձորցի) հուշերը գրի է առել Արենիից պատմաբան Աշոտ Սիմոնյանը, որի հիման վրա էլ շարադրում եմ հոդվածը։
Այդ օրերին սահմանն անհետացել էր կանոնավոր զորքի և ժողովրդական պարտիզանների միջև։ Ինչպես վկայում է Գառնիկ Զաքարյանը, բոլորը հագնված էին նույն կերպ, զինված՝ ինչով պատահեր։ Ձիերն անգամ առանց թամբերի էին, միայն թե առաջ շարժվեին։ Սա պայքար էր ոչ թե հանուն քաղաքական գաղափարների, այլ հանուն ապրելու իրավունքի և սեփական օջախ վերադառնալու։ Վայոց ձորի ազատագրման կարևորագույն դրվագներից մեկը Ագարակաձորի կամրջի և Եղեգնաձորի գրավումն էր։ Մհերի գլխավորությամբ, Ռինդի, Աղավնաձորի, Արենիի և Ելփինի շրջաններից հավաքված հարյուրակը կայծակնային հարձակման անցավ։
Մհերի մարտավարությունը հստակ էր և հաշվարկված.
Մհերի մարտավարական հանճարը թույլ տվեց գրավել Ագարակաձորի կամուրջը և Գետափի այգիների առուն։ Հակառակորդի զորքը մնաց դեղին հողերի վրա՝ կիզիչ արևի տակ, զրկված ջրից։ Առանց ջրի մնացին նաև նրանց «Վիկերս» գնդացիրները, որոնք անպիտան դարձան ու լռեցին։
Սակայն մարտը դաժան էր. «Օդը թնդում էր ահեղ ձայներից։ Թնդանոթների կրակոցներին ուղեկցում էին գնդացիրներն ու հետևակ վաշտերի կանոնավոր համազարկերը։ Կռվողներն ավելի ու ավելի էին ստվարանում ու խտանում։ Այս փոխադարձ հրաձգությունը տևեց մինչև ուշ երեկո։ Հազարավոր հրացաններից և տասնյակ գնդացիրներից կրակում էին, իսկ չորս թնդանոթները Աղավնաձորի թափից սկսեցին կարկուտի նման ռումբեր տեղալ»։ Այս մարտերում հայ մարտիկները ցուցաբերեցին բացառիկ խիզախություն՝ գրավելով թնդանոթներն ու վերջնականապես կոտրելով հակառակորդի դիմադրությունը։ Այս հաղթանակը Վայոց ձորը մաքրեց օտար ուժերից և հնարավորություն տվեց գյուղացիներին վերադառնալ իրենց տները։
Չնայած ռազմական փայլուն հաջողություններին, թշնամին գործի էր դրել մեկ այլ՝ ավելի վտանգավոր զենք՝ գաղափարական պայքարը։ Բոլշևիկյան քարոզչությունը պառակտում էր մտցրել հայության շարքերում։ Շատերը, հոգնած երկարատև պատերազմներից ու հավատալով նոր կարգերի խոստումներին, սկսեցին անցնել կարմիրների կողմը։
Եղբայրը կանգնած էր եղբոր դեմ։ Թեև ռազմի դաշտում դաշնակցական ուժերը հաղթել էին, սակայն ներքին պառակտումն ու գաղափարական շփոթն անհնար դարձրին հետագա դիմադրությունը։ Տեսնելով այս միաձուլումը և չցանկանալով ավելորդ արյունահեղություն՝ դաշնակցական հրամանատարությունը որոշեց նահանջել դեպի Զանգեզուր։ Դա նահանջ էր՝ անվերադարձ։
Ռինդի ջարդը. Պատվի պաշտպանություն
Սակայն խաղաղությունը կարճ տևեց։ Շուտով լուր ստացվեց, որ «Կարմիր թաբորը» (թուրքական ստորաբաժանումներ) մտել է Ռինդ։ Նրանք բռնություններ էին գործադրել ծերերի նկատմամբ և թալանել բնակիչներին։
Ռինդցիները չէին կարող հանդուրժել իրենց պատվի ոտնահարումը։ Լուրը ստացած Մհերը՝ իր մարդկանցով անմիջապես շարժվել էր դեպի գյուղ ու թուրքական հրոսակախմբի ճանապարհը կտրել Եղեգնալճի և դեղին բլուրների հատվածում։ Նրանց էր միացել գառնեցիների հեծելազորը Խնկոյի գլխավորությամբ։ Հայկական կողմն առաջինը կրակ բացեց, ինչն էլ որոշեց մարտի ելքը։
«Ի՞նչ. թթու մածուն եք կերել, հայի պատվին դիպել, ծերերին ծեծել…»։
Այսպես կոչված «ընկերական» (գառնեցիների և ռինդեցիների) ջարդը դարձավ թուրքական ջոկատի վերջը Ռինդում։ Ասում են՝ միայն նրանք փրկվեցին, ում Բաղդոյենց ծեր Անդոնը խղճալով ցույց տվեց ձորով փախչելու ճանապարհը։
Հետաքրքիր է նկատել մի խորհրդանշական փաստ. դեռ ապրիլի սկզբին, երբ Երևանի ու Գառնիի ապստամբ ուժերը նահանջում էին Կարմիր բանակի ճնշման տակ, հազարավոր գաղթականներ ու մարտիկներ իրենց առաջին հուսալի հանգրվանը գտան հենց Ռինդում և Աղավնաձորում։ Եվ ահա հունիսին, երբ Մհերը Ռինդ գյուղի պատվի կռիվն էր տալիս թուրք հրոսակների դեմ, Գառնիի ձիավոր տղերքը՝ Խնկոյի գլխավորությամբ թև ու թիկունք դարձան նրանց։
Վայոց ձորի 1921 թ. հունիսյան իրադարձությունները մեր պատմության դառը, բայց հերոսական դրվագներից են։ Ռինդցի Մհերի կերպարը այս պատմության մեջ մարմնավորում է այն շինականին, ով անհրաժեշտության դեպքում դառնում է զորավար՝ պաշտպանելու իր հողը, ջուրն ու արժանապատվությունը։ Նրա անունը մնաց Վայոց ձորի սարերում՝ որպես հիշեցում այն մասին, որ «լեռնային հեղեղին» ոչ մի պատնեշ չի կարող կանգնեցնել։
Գրականության ցանկ. Աշոտ Սիմոնյան. «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում» (2011)
-1°