Ջրի բացում

Կյանքի ջուրը Ռինդի համար. Նորավանքի ջրագծի բացումը, 1996թ

Ռինդի նորագույն պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք բաժանում են ժամանակը երկու մասի՝ «առաջ» և «հետո»։ 1996 թվականի նոյեմբերի 1-ը հենց այդպիսի օր էր՝ օր, երբ իրականություն դարձավ անհավանական թվացող երազանքը, և գյուղ մտավ կենարար ջուրը։

1966 թվականին հին բնակավայրից նոր տարածք տեղափոխվելուց հետո Ռինդը կանգնել էր լրջագույն խնդրի առջև՝ ոռոգման ջրի բացակայությունը։ Գյուղատնտեսական հարուստ ավանդույթներ ունեցող համայնքի համար սա գոյաբանական հարց էր։ Տեղային փոքր լուծումները բավարար չէին նույնիսկ կենցաղային կարիքների համար, իսկ հողը մնում էր ծարավ։ Ժամանակին մշակվել էր Աղասի Խանջյանի նախագիծը, որով նախատեսվում էր Եղեգիս գյուղի մոտից խողովակներով ջուր հասցնել այս տարածաշրջան, սակայն ծրագիրը ձգձգվում էր, իսկ խնդիրները՝ շատանում։ Պետք էր գտնել նոր, համարձակ լուծում։

Լուծումը գտնվեց, և այն նույնքան համարձակ էր, որքան անիրագործելի էր թվում առաջին հայացքից։ Նախագծի հեղինակը ծնունդով Ռինդից Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն էր։

Գաղափարը հետևյալն էր. Նորավանքի ձորից՝ պատմական Սուրբ Փոկաս մատուռի հարակից հատվածից, վերցնել Արփա գետի ձախ վտակ Գնիշիկի ջուրը և ինքնահոս եղանակով, բարդ ռելիեֆի միջով հասցնել Ռինդի հյուսիսային հատված։ 20-րդ դարի ավարտին այս մտահղացումը մարմին առավ։ Սյունյաց թեմի և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի (ի դեմս Հայ Օգնության Ֆոնդի) համատեղ ջանքերով կառուցվեց 24 կիլոմետրանոց «Նորավանք-Ռինդ» ջրագիծը։

1 նոյեմբերի, 1996թ.

Եվ ահա, 1996 թվականի աշնանը շինարարական աշխատանքներն ավարտվեցին։ Նոյեմբերի 1-ը Ռինդում վերածվեց համազգային տոնախմբության։ Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, հարևան բնակավայրերից ժամանած հյուրերը հավաքվել էին՝ ականատեսը լինելու ջրի մուտքին։

Միջոցառման կարևորությունն ընդգծվում էր ներկաների ներկայացուցչական կազմով։ Բացման արարողությանը մասնակցելու համար Ռինդ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Քեսաբցին։ Նրա ներկայությունը օրհնություն էր բերում ոչ միայն ջրին, այլև ողջ համայնքին։

Պատվավոր հյուրերի թվում էին.

  • Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,
  • ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարար Աշոտ Ոսկանյանը,
  • Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը,
  • Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Նաթան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը,
  • Հոգեշնորհ Արտակ աբեղա Տիգրանյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը,
  • ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Եզնիկ Պալյանը։

Մթնոլորտը հագեցած էր ցնծությամբ և երախտագիտությամբ։ Հատուկ շնորհակալական խոսքեր ուղղվեցին նախագծի բոլոր աջակիցներին, մասնավորապես՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և ՀՕՖ-ի ողջ անձնակազմին, որոնց անմիջական ջանքերով անապատ հիշեցնող հողերը վերածվեցին ծաղկուն այգիների։

Օրվա գագաթնակետը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հայրապետական օրհնությունն ու պատգամն էր։ Վեհափառ Հայրապետն իր խոսքում ջուրը բնութագրեց ոչ միայն որպես նյութական բարիք, այլև հոգևոր վերածննդի խորհրդանիշ՝ կոչ անելով ռինդեցիներին ամուր կառչել հայրենի հողին և շենացնել այն։

Նորավանք-Ռինդ ջրագծի բացումը դարձավ շրջադարձային կետ գյուղի տնտեսական զարգացման համար՝ հիմք դնելով այն այգեգործական հաջողություններին, որոնցով Ռինդն հպարտանում է այսօր։

Ստորև ներկայացնում եմ Վեհափառ Հայրապետի խոսքն ամբողջությամբ.

Սիրելի՛ հոգեւոր եղբայրներ, հարգարժան ներկայացուցիչներ մեր պետական իշխանության՝ հանձին գյուղատնտեսության նախարար պարոն Մանուկյանին եւ շատ սիրելի՛, թանկագին զավակներ Ռինդ գյուղի եւ շրջակա գյուղերի.
Այս օրը մի պայծառ օր է շրջանի պատմության մեջ, եւ իմ առաջին խոսքով ես ուզում եմ ձեզ բոլորիդ հայտնել, որ նոյեմբերի 1-ը մեր Եկեղեցու պատմության մեջ, Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատմության մեջ, պատմագրքի պայծառ էջերից մեկում, պիտի արձանագրվի որպես Ռինդ գյուղի օր։ Բնականորեն, ես էլ զգում եմ, դուք էլ զգում եք, որ սովորական մի դեպք չէ Ամենայն Հայոց մի Կաթողիկոսի համար՝ գտնվել բոլոր գյուղերում։ Ես կարող էի այսօր ուղարկել մի եպիկոպոսի, մի ներկայացուցչի, որպեսզի ձեր բոլորի առջեւ ներկայացներ մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Բայց պիտի ասեմ, պիտի խոստովանեմ, որ ցանկանալով ցանկացա անձամբ գալ։
Եկա՝ առաջին հերթին ներքին մի մղումից առաջնորդված, որովհետեւ ես ծնվել եմ գյուղի մեջ, մեծացել եմ հողի մեջ, ջրել եմ հողը եւ իմ կյանքը խառնել եմ, մինչեւ իմ տասնչորս տարեկան լինելը, հողի հետ, գյուղի մեջ եւ գեղջկական կյանքի այլազան արտահայտություններուն։ Տասներեք տարի իմ կյանքումս ես էլեկտրականություն ասված բանը չեմ տեսել։ Մոմի լույսի տակ եմ սերտել, ուսում առել, մախրի (նաեւ՝ մարխ) լույսով եմ պարտեզները երբեմն գիշերները ման եկել։
Գյուղն իմ մեջ ապրում է այնպես, ինչպես արյունը իմ մարմնի մեջ։ Գյուղի կյանքն ինձ համար սքանչելի այն կյանքի ձեւն է, որտեղ Աստուծո ստեղծած բնությունը եւ Աստուծո ստեղծած մարդն իրարու հետ կշաղախվեն ու գյուղից, հողից կյանք դուրս կբերեն։ Քաղաքները, բնականորեն, մարդկային ընկերության զարգացման մեջ կարեւոր դեր ունեն։ Ես ապրել եմ նաեւ մեծ քաղաքներում, շատ մեծ քաղաքներում, բայց գյուղի հոգին երբեք չի մեռել, երբեք չի մարել իմ հոգու մեջ եւ այսօր ձեր գյուղի միջից ողջունում եմ մեր գյուղական բոլոր շրջանները Հայաստան աշխարհում։
Այսօր, այս պայծառ ու կապույտ երկնքի ներքո, այս ձյունաբարձ լեռնային գագաթների, այս լեռնային շրջապատի մեջ ես հարց եմ տալիս. Աստված երկնքից ինչպե՞ս է նայում մեզ։ Ես զգում եմ, որ Աստված ժպտում է երկնքից՝ ձեզ տեսնելով, տեսնելով ձեր այս հավատարիմ կապվածությունը մեր հողին, Հայրենիքին, պետությանը եւ Եկեղեցիին։ Եվ նա, ով ժպիտ կպատճառի Աստծուն, Աստուծո արժանի զավակն է, որովհետեւ մենք կյանք ենք ստացել Նրանից։ Նա է տվել մեզ հողը, մենք մեր ձեռքով չենք ստեղծել հողը, եւ ձեռքերը եղել են՝ հողից կյանք հանելու համար։
Դուք իմացել եք, անշուշտ, Աստվածաշնչի այն առաջին խոսքերից մեկը, որն ասում է. «Մարդն է, որ գործէ զերկիր», եւ որ քո ճակտի քրտինքովը պիտի շահես քո կյանքը։ Դա է Աստուծո տված պատգամը։ Մեր ձեռքերը եղել են այս հողից կյանք հանելու համար։ Քիչ առաջ, երբ դուք ծափահարում էիք ձեր Հայր Սուրբին, մեր պետության ներկայացուցիչների խոսքերից հետո, մտքովս մի մտածում անցավ։ Այս ձեռքերը չեն եղել միայն ծափի համար, այս ձեռքերը չեն եղել միայն ուտելու, խմելու եւ ծխելու համար։ Որքան պակասեցնենք ձեռքերի գործածությունը ծուխի համար, որքան պակասեցնենք ձեռքերի գործածությունը խմիչքի համար, որքան զորացնենք ձեռքերի գործածությունը գրիչի համար, դո՛ւք՝ դպրոցական երեխաներ, իմ պատվական ժողովրդի զավակնե՛ր, որքան ուժեղացնեք ձեր ձեռքերի հպումը հողին, այնքան բարիք կքաղեք, այնքան երջանիկ կլինեք։
Սիրելինե՛ր, ես, որ ապրել եմ օտար երկրներում, զգում եմ, տեսել եմ ուրիշների մեջ հպարտությունն իրենց պետության համար։ Եվ նախ ով իրեն չի հարգի, թող չսպասի ուրիշից հարգանք։ Մենք է, որ մեզ պիտի հարգենք, մենք է, որ մեր պետությունը պիտի զորացնենք։ Եվ այսօր, հանձին գյուղատնտեսության նախարարին, ես ողջունում եմ մեր պետության հոգածությունը հանդեպ իր ժողովրդին։ Եվ իբրեւ Կաթողիկոս, Հայր ամենեցուն՝ այսօր ասում եմ. սիրելի՛ պետական ներկայացուցիչներ, եթե մինչեւ հիմա մեկ էիք արել, սրանից հետո երկու եւ երեք պետք է անեք, որպեսզի արժանի լինեք այս ժողովրդի սիրույն եւ հարգանքին։ Եվ, ահավասիկ, այս գաղափարով ողջունում եմ ձեզ եւ մեր սիրելի մարզպետին՝ պարոն Մանուկյանին եւ նաեւ բոլոր պատասխանատուներին այս գյուղերին, որպեսզի իրենք իրենց մասնակցությունը լայնորեն բերեն ձեզ՝ բոլորի սրտաբաց, պատրաստակամ մասնակցությամբ։
Ասելիք ունեմ տակավին։ Բոլորդ էլ, վստահ եմ, սպասում եք, որովհետեւ իմ այս ասելիքը ես քաղում եմ ձեր բոլոր-բոլորի սրտերից եւ, ծաղկեփունջի նման, իմ այս ասելիքը, իբրեւ գնահատանքի խոսք, ուղղում եմ հոգեւոր առաջնորդին եւ մեր հոգեւոր զավակին՝ Հայր Աբրահամին՝ գնահատելու համար նրա նվիրվածությունը, բացառիկ կարգի նվիրվածությունը։ Իրեն հիմիկվանից մի խոսք եմ ասելու. եպիսկոպոս լինես, կաթողիկոս լինես, բայց վարդապետ լինելուց չդադարես։
Իմ գնահատանքի խոսքն եմ ուղղում մեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի Առաջնորդ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանին, թեմական խորհրդին եւ նաեւ Հայ 0գնության Ֆոնդին եւ նրա ղեկավարներին՝ գլխավորված պարոն Եզնիկ Պալյանի կողմից։ Ես շատ լավ եմ ճանաչում բոլորին, եղել եմ այնտեղ՝ Ամերիկայում, տեսել եմ նրանց։ Եվ նրանց հոգածությունը ես նկատում եմ որպես արտահայտությունը կենդանի, շոշափելի, թանձրացական արտահայտությունն իրենց սիրույն՝ հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հանդեպ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հայաստանաբնակ զավակներին եւ հանդեպ ձեզ՝ այս շրջանի գյուղի բնակիչներին։
Սիրելի՛ք, մի վայրկյան մտածեք։ Սրանից հազարավոր մղոններով հեռու՝ Նյու Յորք քաղաքի մեջ նստած հայեր կամ Ամերիկայում տարածված հայեր, որոնք Հայաստանը չեն տեսել, բայց սիրտը, հոգին աշխարհագրություն չի ճանաչի, կսիրեն այն։ Սերը սահման չունի։ Նրանք աշխատում են, բայց իրենց աշխատանքից բաժին են հանում իրենց Հայրենիքին, իրենց Եկեղեցու զավակներին։ Մենք պետք ունենք մեր կյանքն ըմբռնելու որպես ծառայություն Աստուծո, եւ Աստծուն, Հայրենիքին, Եկեղեցուն, մշակույթին, դպրոցին, գրքին, գրականությանը մատուցված ծառայությունն է, որ մեզ կերջանկացնի։ Հետեւաբար՝ ուզում եմ նրանց էլ հայտնել իմ բարձր աստիճանի գնահատանքը եւ բոլոր այն անձերին, որոնք անհատապես կամ որպես կազմակերպություն՝ ամերիկյան կամ հայկական, իրենց բաժինը բերին այս շքեղ, այս կենսական գործի հաջողության համար։
Վերջապես՝ ջուրն Ավետարանի մեջ ամենից շատ գործածված բառերից մեկն է։ Ջուրը հացին եւ լույսին պես կենսական է։ Առանց ջրի, առանց հացի եւ առանց լույսի կյանք չի կարելի երեւակայել։ Հիսուս Ինք ասաց. «Ես եմ ջուրը կենդանի»։ Ջուրը նյութական է։ Ջուրը մեր ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ է։ Բայց կա ուրիշ ջուր, հոգեկան աղբյուր, հոգիի ջուր, այն ջուրը, որ երբ մարդ կըմպե, այն գիտակցությունը, այն գաղափարը, այն հավատքը, այն սերը, այն զոհողությունը կզգա, թե մարդս կկենդանացնե, թե այն կենդանի ջուր է։
Մենք միս ու ոսկո՞ր ենք միայն, ֆիզիկական գոյությո՞ւն ենք միայն, ուտել-խմելու, հաճոյանալու եւ մեռնելու կյանքի ընթա՞ցք ունենք միայն։ Ո՛չ, եղբայրներ ու քույրեր։ Կյանքը հոգեկան ապրումների, մտավորական ապրումների վայելք է նաեւ։ Եվ դրա համար անքան ուրախացա այսօր, երբ քայլելով այս գյուղի զառիվերը բարձրացա եւ տեսա այս երեխաներին։ Դո՛ւք, սիրելի՛ դպրոցականներ, այնքան ուրախացրիք ինձ։ Ես ուզում եմ, որ ձեր դեմքերի վրա միշտ ժպիտ լինի, միշտ, նույնիսկ՝ ցավի մեջ։ Ժպիտն Աստուծո ներկայությունն է մեր մեջ։ Կյանքը մենք պետք է լավատեսությամբ դիմավորենք։
Մենք այլեւս հասել ենք մի այնպիսի գիտակցության, որ այս երկրի ծառան եւ տերը միանգամայն մենք ենք։ Մենք այս երկրի տերը չենք կարող լինել՝ առանց այս հողի ծառան լինելու։ Ես չեմ կարող Եկեղեցու պետ լինել, առանց այս Եկեղեցու ծառաների ծառան լինելու։ Ես չեմ եղել որպես Կաթողիկոս Աթոռի, գրասենյակի համար։ Ես ուզում եմ լինել Կաթողիկոս ժողովրդի համար, ժողովրդի մեջ եւ ժողովրդի հետ։ Այս է քրիստոնեական ըմբռնումը մեր Եկեղեցու, եւ այսօր եկել եմ այս օրը ձեզ նվիրելու՝ որպես Աստուծո թարգմանությունը ձեր կյանքում, եւ այս ջուրը թող լինի ոչ միայն նյութեղեն ջուր՝ ձեր հողերը ոռոգելու համար, այլ այս ջուրը լինի նաեւ հոգեւոր, բարոյական, ազգային, մշակութային վերանորոգում այս երեխաների եւ գալիք սերունդների համար։

Եթե այդ օրվանից ունեք որակյալ նկարներ, կարող եք ուղարկել ինձ (կայքի ներքևում նշված էլեկտրոնային հասցեով), կավելացնեմ նյութին։