Հենրիկ Վարդանյան

Հենրիկ Վարդանյան

Ռինդի պատմության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով և անգամ մահով դարձել են սթափության կոչ և գալիք պայքարի նախակարապետ։ Այդպիսին էր Հենրիկ Վարդանյանը՝ մարդ, ով դեռ 1988-ի գարնանը կանխազգում էր մեծ պատերազմի շունչը և փորձում էր պատրաստ լինել դրան։

Հենրիկ Վարդանյանը ծնվել է 1941 թվականի մարտի 21-ին, Ռինդ գյուղում։ Մասնագիտությամբ էլեկտրիկ էր, օժտված ինժեներական սուր մտքով և նորարարական ձիրքով։ Աշխատել է Երևանի խոշոր պանելային տնաշինության գործարանում՝ որպես էլեկտրափականագործ։ Ապրում էր Երևանում՝ կնոջ և երկու երեխաների հետ, սակայն հոգով միշտ կապված էր հայրենի գյուղին։

1988 թվականի Սումգայիթյան ջարդերը շրջադարձային եղան Հենրիկի համար։ Ըստ ժամանակակիցների՝ նա նմանվել էր վանդակի պատերին զարնվող վիրավոր առյուծի։ Չէր կարողանում հաշտվել անարդարության, հայերի հանդեպ իրագործվող գազանությունների և Մոսկվայի լռության հետ։

Մինչ շատերը դեռ հույսը դնում էին խորհրդային իշխանության արդարադատության վրա, Հենրիկը սթափ էր դատում։ Նա համոզված էր, որ սա միայն սկիզբն է, և որ ավելի դժվար օրեր են գալու։ Նա հաճախ էր կրկնում, որ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերը՝ Խաչիկը, Արենին, Ռինդը, պետք է պատրաստ լինեն ինքնուրույն դիմակայելու թշնամու հարձակումներին։ Նա անգիր գիտեր տարածքի ամեն քարն ու թուփը և մշակում էր պաշտպանական ծրագրեր։

Հենրիկը բավարարվող տեսակ չէր։ Նա գիշեր-ցերեկ աշխատում էր գծագրերի ու սխեմաների վրա։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել ինքնաշեն, հզոր պաշտպանական միջոցներ ու զենքեր, որոնք կկարողանային բեկում մտցնել սպասվող պայքարում։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին հող ու այգի մշակել, սկսեցին կռել վրեժի ու պաշտպանության գործիքներ։

Նա գործում էր ծայրահեղ գաղտնի՝ հարազատներից ու համագյուղացիներից թաքուն, հասկանալով պահի լրջությունը։

1988 թվականի հունիսի 10-ին Ռինդում լսվեց հզոր պայթյուն։ Հենրիկ Վարդանյանը զոհվեց իր իսկ պատրաստած պայթուցիկ սարքի փորձարկման ժամանակ։

Այդ պայթյունը դարձավ յուրօրինակ ահազանգ։ Այն արթնացրեց և սթափեցրեց համագյուղացիներին՝ հուշելով, որ խաղաղ կյանքն այլևս վտանգված է, և պետք է պատրաստվել պաշտպանության։ Թեև նրա ծրագրած գործողությունն ավարտին չհասավ, սակայն նրա նվիրումն ու կանխատեսումը դարձան ուղենիշ հետագա ազատամարտիկների համար։

Հենրիկ Վարդանյանը Արցախյան շարժման առաջին նահատակներից է, ում պայքարը սկսվել էր ռազմաճակատի բացվելուց դեռ ամիսներ առաջ։

Հանգչում է Ռինդի գերեզմանատանը։