Ավոյենց տոհմը Ռինդի ամենամեծ և հնաբնակ գերդաստաններից մեկն է։ Նրանք Հին Ռինդի առաջին վերաբնակիչներից են, որոնց պատմությունը սերտորեն կապված է 19-րդ դարի պատմաքաղաքական տեղաշարժերի և գյուղի վերածննդի հետ։
Տոհմական ավանդազրույցների համաձայն՝ նախնիների հեռավոր արմատները սկիզբ են առնում Վանի վիլայեթի Հաշփշատ գյուղից։ Կան նաև վարկածներ տոհմի՝ պատմական Վիրքից (Հայկական լեռնաշխարհի հյուսիս) սերելու մասին, ինչը դեռևս լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Տոհմն իր անունը ստացել է նախահայր Ավետիսի (Ավո) անունից։ Ավետիսը Ռինդ է տեղափոխվել 19-րդ դարի երկրորդ քառորդում՝ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրին հաջորդած վերաբնակեցման տարիներին։ Ինձ հաջողվեց ստանալ 1852 թվականի մարդահամարի տվյալները, ըստ որի Ավետիսի հայրանուն նշված է Մարտիրոս։ Մարդահամարի պահին նա եղել է 43 տարեկան (ծնված 1809 թ.): Ավետիսն ունեցել է երկու որդի՝ Ազիզը (ծնված 1840 թ.) և Գալուստը: Հենց նրանց անուններով էլ ձևավորվել են տոհմի հիմնական ճյուղերը։
Այսօր Ավոյենց գերդաստանի ներկայացուցիչները կրում են չորս հիմնական ազգանուն.
- Ավետիսյաններ
- Ազիզյաններ
- Գալստյաններ
- Մակարյաններ (Ազիզի որդի Մակարի անունով)
Ազիզի որդիներն էին Գրիգորը, Մակարը, Խեկարը, Եղիան, Ենոքը, Ստեփանը և Համբարձումը, իսկ Գալուստի որդիները՝ Նահապետը և Դանիելը։ Ժամանակի ընթացքում տոհմը նաև աշխարհագրական սփռում է ունեցել. օրինակ՝ Ենոքի ժառանգները հաստատվել են Փոքր Վեդիում, սակայն տոհմի մեծ մասը մինչ օրս բնակվում և արարում է հայրենի Ռինդում։
Պատմականորեն Ավոյենց տոհմի ներկայացուցիչները եղել են հողի մշակներ և շինականներ: Սակայն աշխատանքին զուգահեռ, նրանք մշտապես պատրաստ են եղել հայրենիքի պաշտպանությանը. տոհմն ունեցել է մասնակիցներ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, Արցախյան ազատամարտում և հաջորդող բոլոր ինքնապաշտպանական մարտերում։ Այսօր էլ գերդաստանի զավակների շարքում կան բարձրաստիճան զինվորականներ, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ՀՀ Զինված ուժերում:
Այսպիսով, Հայկական լեռնաշխարհի խորքերից սկիզբ առած Ավոյենց տոհմի պատմությունը տասնամյակների ընթացքում ամրանում ու շարունակվում է Ռինդում՝ մնալով գյուղի պատմական տարեգրության անբաժանելի և կենսունակ մասը։
0°