Յապոն

Յապոն (Հովհաննես Պարոնյան)

Հայ դաշնակցական վրիժառու, ազգային ազատամարտիկ և Վայոց ձորի գավառի ռազմական հրամանատարը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին։ Նրա անունն ու գործունեությունը մեծապես կապված են Ռինդի պատմության հետ։

Հովհաննես Պարոնյանը ծնվել է 1878 թվականի ապրիլի 21-ին, Զանգեզուրի գավառի Ներքին Գորիս գյուղում։ Թեև այդ տարիներին գավառի միակ դպրոցը գտնվում էր հենց իր հայրենի գյուղում, նա կրթություն չի ստացել, սակայն հետագայում ինքնակրթությամբ լրացրել է այդ բացը։ «Յապոն» մականունը նրան տվել են համագյուղացիները՝ կարճահասակ լինելու և արտաքինով ճապոնացու նմանվելու պատճառով։

1892 թվականին, 14 տարեկան հասակում, մեկնել է Բաքու, որտեղ եղբոր՝ Համբարձումի օգնությամբ աշխատել է որպես վաճառող և զուգահեռաբար սովորել գրել-կարդալ։ 1898-ին զորակոչվել է ռուսական բանակ, ծառայել Կարսի 158-րդ Կուբինսկի գնդում և ավարտել զինվորական դպրոցը՝ ստանալով ավագ ենթասպայի կոչում։ Կարսում նա ծանոթացել է դաշնակցական գործիչների հետ, ինչը վճռորոշ է եղել նրա՝ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվելու գործում։

Մարտական ուղին

Յապոնի գործունեությունը եղել է բուռն և վճռական.

  • 1903 թ. Կազմակերպել է զինված դիմադրություն ընդդեմ ցարական ոստիկանության՝ հայ եկեղեցու կալվածքների բռնագրավման ժամանակ։
  • 1905-1906 թթ. Հայ-թաթարական բախումների ժամանակ իրականացրել է հատուցման գործողություններ, այդ թվում՝ Շուշիում ցարական պաշտոնյաների ահաբեկումներ։
  • 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին Դրոյի հրամանատարությամբ մասնակցել է Ապարանի ճակատամարտին։
  • 1918-1920 թթ. Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանային պաշտպանության կազմակերպիչներից մեկը, հատկապես Զանգեզուրում և Վայոց ձորում։
  • 1920 թ. Խորհրդայնացումից հետո դարձել է հակախորհրդային պայքարի կազմակերպիչներից։ Ձերբակալվել է Կարմիր բանակի կողմից և նույն թվականի հոկտեմբերին գնդակահարվել Գորիսի բանտում։

Յապոնը վճռորոշ դեր է խաղացել Ռինդ գյուղի անվտանգության ապահովման գործում։ 17-րդ դարից սկսած, երբ Շահ Աբասը տեղահանեց հայ բնակչությանը, տարածաշրջանում հաստատվեցին քոչվոր թաթարական ցեղեր։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռինդի հյուսիս-արևմուտքում՝ Կաքավաձոր հանդամասում, ամրացել էր Ղզլջա (Ղոզուլջա) գյուղը։ Այս բնակավայրը դարձել էր ավազակային հարձակումների կենտրոն. նրանք պարբերաբար թալանում էին Ռինդի այգիները, գողանում անասուններն ու բերքը։

Յապոնն իր հուշերում նկարագրում է մի դրվագ, որը վերջ դրեց այս անպատժելիությանը.

«Մայիսի սկզբներին Ղզլջա թուրք գիւղի զինուած ոյժը քշեցին Ռինդ հայ գիւղի 200-ի չափ ոչխարները… Երբ ինձ լուր բերին այդ մասին, գրութիւն ուղարկեցի, որ անմիջապէս քշուած ոչխարները յետ դարձնեն: Իւրաքանչիւրին մէկ շաբաթ ժամանակ տուի` զգուշացնելով, որ պահանջս չկատարելու դէպքում ամբողջ գիւղը պատասխանատու պիտի նկատուի:

Տրուած ժամանակամիջոցը անցաւ, եւ ոչ մէկ պատասխան ստացայ:

Առի գումարտակը, երկու թնդանօթներն ու գնդացիրը, եւ շարժուեցի նախ դէպի Ղզլջա… Լուսաբացին կրակ բացինք, եւ մինչեւ կէս օր գրաւեցինք գիւղը, որի ամբողջ ինչքը ոչխարատէր գիւղին [Ռինդին] բաժին ընկաւ, իսկ լքուած տները հրամայեցի այրել»:

Այս գործողության շնորհիվ վերացվեց դարավոր անարդարությունը, և Ռինդի բնակիչներն ազատվեցին մշտական սպառնալիքից։

Հովհաննես Պարոնյանը՝ Յապոնը, հայոց պատմության այն նվիրյալներից է, ով ոչ միայն պաշտպանում էր հայրենիքի սահմանները, այլև ապահովում էր հասարակ գյուղացու խաղաղ աշխատանքը։ Ռինդի համար նա ավելին էր, քան զորավար. նա արդարադատության սուրն էր, որը մաքրեց հայկական հողը ավազակախմբերից՝ վերականգնելով գյուղացու արժանապատվությունն ու սեփականության իրավունքը։

Վայոց ձորի հրամանատարական կազմը
Վայոց ձորի հրամանատարական կազմը. Յապոնը՝ կենտրոնում։ Նրա կողքին են նստած Ռինդ գյուղից Մհերը և Ենոքը։