Ջուր

Ռինդի խմելու ջուրը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին

Վերջերս իրականացրել եմ Ռինդ գյուղի խմելու ջրի որակի ստուգում՝ ժամանակակից թվային սարքերի միջոցով: Չափումներն արել եմ երեք տարբեր թաղամասերում՝ անմիջապես ծորակից։ Վերցրել եմ չֆիլտրված ջուրը, ինչը թույլ է տվել գնահատել Սպիտակ վանք և Ուլգյուր գյուղատեղիներից եկող խմելու ջրի մաքրությունը:

Չափումների արդյունքները.

  • pH մակարդակը՝ 7.84
    Սա ջրածնային ցուցիչն է, որը ցույց է տալիս ջրի թթվայնությունը կամ ալկալիականությունը: 7.84 ցուցանիշը նշանակում է, որ Ռինդի ջուրը թույլ ալկալիական է: Սա համարվում է օպտիմալ մակարդակ մարդու օրգանիզմի համար, քանի որ նման ջուրը նպաստում է նյութափոխանակությանը և օգնում պահպանել թթվահիմնային հավասարակշռությունը:
  • TDS (Total Dissolved Solids)՝ 40 ppm
    TDS սարքը չափում է ջրում լուծված պինդ մասնիկների (հանքանյութեր, աղեր) քանակը: 40 ppm ցուցանիշը վկայում է այն մասին, որ ջուրը բացառիկ մաքուր է: Համեմատության համար նշենք, որ խմելու ջրի համար գերազանց ցուցանիշ է համարվում մինչև 50-150 ppm միջակայքը: Մեր ջուրը մոտ է լեռնային աղբյուրների ամենաբարձր մաքրությանը:

Ռինդի աղբյուրների ջուրը ոչ միայն պահպանել է իր լեռնային մաքրությունը, այլև իր բաղադրությամբ կարող է մրցել շուկայում վաճառվող լավագույն շշալցված ջրերի հետ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է մեր բնաշխարհի խմելու ջրի ակունքների բացառիկ արժեքը: