Ջնդրախաչ

Ջնդրախաչ

Ջնդրախաչ (նաև Ջնդրաղաչ, ջնդր, գրաբար՝ ճանդարի, սոսի և խաչ բառերից), սրբավայր-մատուռ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի հյուսիս-արևմտյան մասում, Ջնդրաղաչի սարավանդի վրա։

Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը գտնվում է բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Այն պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»։

Ստուգաբանություն
Սրբավայրի անվանումը բաղկացած է ջնդր և աղաչ բառերից։ «Աղաչը» թուրքերենում նշանակում է «ծառ»։ «Ջնդր» արմատի հետ կապված կա երկու տարբեր կարծիք։ Առաջինի համաձայն այն գրաբարի ճանդարի (ջանդարի, ճանդար, ճանտարի) բառն է, որի մեջ ա>ը հնչյունափոխությունն է եղել։ Բառն ունի սոսի, չինարի իմաստը։ Համաձայն այս տարբերակի, հնագույն ժամանակներում սրբավայրի տեղում եղել է սոսու ծառ, իսկ նախաքրիստոնեական շրջանում Հայաստանում ընդունված է եղել այդ ծառի պաշտամունքը։

Երկրորդ վարկածի համաձայն այն ջընքըռ (ջընգըռ), ջնթա բառն է, որը տարածաշրջանի խոսվածքում ունի քուրձ, լաթ, ցնցոտի, քրքրված շոր իմաստը։

Պատմություն
Սրբավայրի տեղում Հին Ռինդի և թրքաբնակ Չիվայի միջև գտնվող Ջնդրաղաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախեցին և Ջնդրաղաջու դիրքերից դուրս շպրտեցին Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Այլ հուշարձաններ