Մեր նախագիծը կիրականացվի մասնակցային բյուջետավորման ծրագրով

Նոր զբոսայգի և պուրակ Ռինդ գյուղում

Արենի խոշորացված համայնքում անցկացված «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի շրջանակներում Ռինդի ներկայացրած նախագիծը գերլարված պայքարում ու քվեարկության արդյունքում ճանաչվել է հաղթող։

Հաղթած նախագծի շրջանակներում 2026 թվականի ընթացքում Ռինդում կկառուցվի նոր, ժամանակակից պուրակ՝ հագեցած մանկական խաղահրապարակով։ Նոր հանգստի գոտին տեղակայված է լինելու գյուղի մարզադաշտի հարևանությամբ՝ դառնալով երեխաների և մեծահասակների ակտիվ ժամանցի ու հանգստի սիրված վայր։

Հիշեցնենք, որ քվեարկության քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները գեներացված էին Արհեստական բանականությամբ (AI) և կրում էին էսքիզային բնույթ։ Նախագծի վերջնական ճարտարապետական տեսքն ու հատակագիծը կհաստատվեն շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ:

Փետրվարի առաջին կեսին ընթացող առցանց քվեարկությունն աչքի ընկավ մեծ մրցակցությամբ։ Նախագծի հաջողությունը հնարավոր դարձավ Ռինդի բնակիչների, ինչպես նաև Արենի համայնքի մյուս բնակավայրերի մեր ընկերների ու աջակիցների աննախադեպ համախմբվածության շնորհիվ։

Շնորհակալություն բոլորին
Սա մեր բոլորի համատեղ աշխատանքի փայլուն արդյունքն է, որն ապացուցում է՝ միասին մենք կարող ենք դրական և շոշափելի փոփոխություններ բերել մեր հայրենի գյուղում։ Շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրին, ով չզլացավ, տրամադրեց իր ժամանակը, գրանցվեց հարթակում և իր մեկ քվեով նպաստեց այս հրաշալի գաղափարի իրագործմանը։