Ֆուտբոլը Ռինդում մարզաձևից բացի նաև համայնքային կյանքի, ժամանցի և առողջ ապրելակերպի անբաժանելի մասն է։ Գյուղում այս սպորտաձևն ունի իր ուրույն ավանդույթներն ու մեծ մասսայականությունը, և ռինդցիները երբեք անմասն չեն մնացել ֆուտբոլային անցուդարձից։
Թեև Հին Ռինդում ֆուտբոլի պատմության մասին տեղեկություններն այս պահին դեռ ամբողջական չեն (բաժինը կթարմացվի նոր նյութեր հայտնաբերելուն պես), նոր բնակավայր տեղափոխվելուց հետո սպորտային կյանքն այստեղ ստացել է նոր որակ և ենթակառուցվածքներ։
Մարզական ենթակառուցվածքները
Նոր գյուղում ձևավորվել է ֆուտբոլային երկու հիմնական հարթակ, որոնք ծառայում են տարբեր նպատակների։
Դպրոցական դաշտը
Ռինդի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտը, թեև համեմատաբար փոքր է, տարիներ շարունակ եղել է գյուղի մարզական կյանքի կենտրոններից մեկը։ Այն հիմնականում ծառայում է աշակերտների ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների և դպրոցական միջոցառումների համար։ Անցյալում այս դաշտը նաև մեծահասակների սիրելի վայրն էր, որտեղ հաճախ կազմակերպվում էին ընկերական մրցումներ։
Գլխավոր մարզադաշտը
Գյուղի գլխավոր մարզական կառույցը գտնվում է բնակավայրի հյուսիսային հատվածում՝ 13-րդ փողոցից վերև (դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին)։ Այն հիմնովին վերանորոգվել է 2022 թվականին՝ Արենիի համայնքապետարանի միջոցներով, դառնալով ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզահրապարակ։
Մարզադաշտի տեխնիկական բնութագրերը հետևյալն են.
Ընդհանուր տարածքը՝ 72մ x 37մ
Արհեստական խոտածածկի չափերը՝ 47մ x 24մ
Հարմարություններ՝ Գիշերային լուսավորություն, հանդերձարան, խմելու ջուր և մարզասարքեր։
Այս կառույցը դարձել է գյուղի առողջ ապրելակերպի խթանման կարևորագույն օղակը։ Աշխատանքային օրվա ավարտին այստեղ կարելի է տեսնել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների, ովքեր հավաքվում են՝ անցկացնելու ընկերական հանդիպումներ և վայելելու խաղի բերկրանքը։
Ներդրում և աջակցություն
Ֆուտբոլի զարգացումը Ռինդում եղել է նաև անհատական նախաձեռնությունների արդյունք։ Տարիներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ուղղված իմ դիմում-խնդրանքի արդյունքում գյուղին տրամադրվել է զգալի քանակությամբ մարզագույք՝ գնդակներ և մարզահագուստ, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում։



Մարզիչներն ու սերունդները
Ռինդում ֆուտբոլի մասսայականացման և սերունդների կրթման գործում անգնահատելի ավանդ ունի տեղի միջնակարգ դպրոցը, մասնավորապես՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Արա Սաֆարյանը և Վարդան Խաչատրյանը։
Արա Սաֆարյանի ջանքերով գյուղում ձևավորվում և մարզվում են տարբեր տարիքային խմբերի թիմեր։ Նրա սաները պարբերաբար և հաջողությամբ մասնակցում են մարզային և միջհամայնքային մրցաշարերի՝ բարձր պահելով Ռինդի մարզական պատիվը։
Գյուղում ակտիվորեն հետևում ենք նաև կարևոր ֆուտբոլային իրադարձություններին։ Մշակույթի տան բակում տեղադրված է մեծ թվային էկրան, որի շուրջ այս ամռանը համախմբվել և հետևել ենք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ։ Առջևում 2026 թվականի Աշխարհի առաջնությունն է, որի ընթացքում նույնպես հնարավորություն կունենանք մեծ էկրանով միասին հետևելու կարևորագույն հանդիպումներին։


-2°