Մաճկալ թերթ, 1925

Ռինդը մեկ դար առաջ. վավերագրերը «Մաճկալ» թերթից

Պատմական արխիվների ուսումնասիրությունը երբեմն իսկական գոհարներ է ի հայտ բերում՝ թույլ տալով կենդանի պատկերացում կազմել, թե ինչպես են ապրել ու արարել մեր նախնիները մեկ դար առաջ։ «Մաճկալ» թերթի 1925 թվականի ապրիլի 26-ի (կիրակի) համարում պահպանվել են երկու ուշագրավ թղթակցություններ՝ Ռինդ գյուղի առօրյայի, համայնքային կյանքի և դպրոցի մասին։

Հոդվածների հեղինակը Սուրեն Սարինգյուլյանն է, ով մեծ ոգևորությամբ նկարագրում է գյուղի վերականգնման ու զարգացման աշխատանքները։

Գյուղի վերականգնումն ու «Փոխօգկոմի» աշխատանքը
1920-ական թվականներին գյուղերում գործում էին Փոխօգկոմները (Փոխադարձ օգնության կոմիտե), որոնց նպատակը գյուղի չքավոր խավին աջակցելն ու համայնքային հարցերը լուծելն էր։ Առաջին հոդվածը պատմում է Ռինդի Փոխօգկոմի ծավալած ակտիվ գործունեության մասին.

«ՌԻՆԴ ԳՅՈՒՂԻ ՓՈԽՕԳԿՈՄՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է»

«Փոխօգկոմի ֆոնդը բավականին հարուստ է. ներկայումս ունի 100 փութ գարի, 50 փութ ցորեն: Գարին ամբողջովին բաժանեցին գյուղի 36 տան չքավորներին ու կարմիր բանակայինների ընտանիքներին՝ սերմացուի համար։ Փոխօգկոմի միջոցներով պատրաստել տվին գյուղխորհրդի համար մի գրասենյակ և սարքեցին քանդված աղբյուրները՝ գյուղից բանվորներ հանելով։

Գյուղի փոխօգկոմը ունի 10 դեսյատին հողամաս գյուղից մի վերստ հեռավորության վրա, բոլորը ջրովի, որը տրված է արենդով (վարձակալությամբ) գյուղացիներին՝ դեսյատինը մի փութ ցորենով, որի արենդը կհավաքվի աշնանը: Նաև ունի գյուղի մեջ 6 փութի տեղ հողամաս, որը պահված է բանջարանոցի համար»։

Նշեմ, որ փութը հին ռուսական քաշի միավոր է (մոտ 16 կգ), դեսյատինը՝ հողի մակերեսի չափման միավոր (մոտ 1.09 հեկտար), իսկ վերստը՝ երկարության միավոր (մոտ 1.06 կմ)։

Այս փոքրիկ տեղեկագրից պարզ է դառնում, թե ինչպես էր համայնքը սեփական ուժերով, միմյանց օգնելով ոտքի կանգնում, նորոգում գյուղի կենսական նշանակության աղբյուրներն ու կառուցում գյուղխորհրդի շենքը։

Ծառատունկ նոր դպրոցի բակում
Երկրորդ նյութը շատ ավելի հուզիչ է և լուսավոր։ Այն նկարագրում է նորաբաց դպրոցի բակում ծառատունկի և հողագործական աշխատանքները։ Այն ծառերը, որոնք 1925 թվականին տնկում էին աշակերտները, հետագայում պետք է դառնային գյուղի մեծերի հիշողությունների անբաժանելի մասը։

«ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ՌԻՆԴԻ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ»

«Նոր դպրոցի բակում աշակերտները ուսուցիչների ղեկավարությամբ տնկել են 50 հատ զանազան տեսակի պտղատու և 70 հատ անպտուղ ծառեր։ Բացի այդ՝ ամեն մի աշակերտ իր համար ունի մի մարգ և իր ձեռքով ցանել է զանազան տեսակի բանջարեղեն:

Ամեն առավոտ աշակերտները իրենց ծառերի ու մարգերի մոտ նստած՝ ջրի հերթին են սպասում, որ ջուր տանեն՝ ջրելու իրենց ծառերն ու մարգերը։ Գյուղացիությունը նույնպես շատ ուրախ է այդ ծառերի վրա, որ իրենց երեխաներն են տնկել։ Իրենց կողմից նոր տնկիներ են տալիս կամ իրենք են բերում իրենց ձեռքով տնկում և երեխաներին ասում, որ լավ պահեն ու ժամանակին ջրեն»։

(Սարինգյուլյան Սուրեն, 28 մարտի, 25 թ., Ռինդ)

Մեկ դար առաջ գրված այս տողերն այսօր կարդացվում են առանձնահատուկ ջերմությամբ։ Դրանք վկայում են, որ անգամ ամենադժվար ժամանակներում Ռինդում գիտակցել են կրթության, ստեղծարար աշխատանքի և մատաղ սերնդին հայրենի հողին ու ջրին կապելու կարևորությունը։