Ռինդ գյուղի պատմությունն ու զարգացումը լավագույնս արտացոլվում են արխիվային փաստաթղթերի և վիճակագրական տվյալների մեջ։ Եթե նախկինում մեր տեղեկությունները հիմնվում էին Զավեն Կորկոտյանի 1873 թվականից սկսվող աշխատության վրա, ապա այժմ, շնորհիվ 1852 թվականի մարդահամարի (կամերալ ցուցակագրման) նորահայտ տվյալների և ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունների, մենք հնարավորություն ունենք տեսնելու Ռինդի պատկերը ավելի վաղ շրջանում և բացահայտելու գյուղի հիմնական տոհմերի ակունքները։
Ռինդը 1852 թվականին. Տոհմերի ակունքները
Ըստ 1852 թվականի մարդահամարի արխիվային վավերագրի՝ Ռինդում այդ պահին բնակվում էր 102 մարդ՝ 59 տղամարդ և 43 կին։ Այս փաստաթուղթը եզակի է նրանով, որ թույլ է տալիս անվանական նույնականացնել այսօրվա ռինդեցիների նախնիներին և գյուղի հիմնական տոհմերի ձևավորման սկիզբը։
Ահա 1852թ. տվյալներով Ռինդի նշանավոր ընտանիքներն ու նրանցից սկիզբ առած տոհմերը.
1. Սարգսենց տոհմ (Սարգսյաններ) – Գյուղի հոգևոր առաջնորդը 29-ամյա քահանա Տեր Սարգիսն էր՝ Տեր Պետրոսի որդին։ Հենց նրանից էլ սկիզբ է առել Սարգսենց տոհմը։ Ցուցակում առկա են նաև իր եղբայրները՝ Ղազարը (25 տ.) և Մարտիրոսը (23 տ.)։
2. Բաղդոյենց տոհմ – Սկիզբ է առել Շորագյալից եկած Սիմոնի (ում տեղացիները կոչում էին Շորգեցի Սիմոն, 50 տ.) եղբոր՝ Բաղդասարի (42 տ.) շառավղից։ Ցուցակում առկա է նաև Բաղդասարի 2-ամյա որդին՝ Մկրտիչը։ Նույն գերդաստանում հիշատակվում է նաև նրանց մյուս եղբայրը՝ Սանասարը (40 տ.)՝ իր որդիներ Ստեփանի (18 տ.) և Կարապետի (2 տ.) հետ։
3. Բալինենց, Մկրտիչենց և Ասոյենց տոհմեր – Այս տոհմերի նահապետը Սաֆարի որդի Բալին է (65 տ.), ով մարդահամարի պահին գյուղի տարեց բնակիչներից էր։ Նրա չորս որդիներից սկիզբ են առել առանձին ճյուղեր.
- Խաչատուր,
- Մկրտիչ (Մկրտիչենց տոհմ),
- Կարապետ (իմ հավաքած տոհմաբանական այլ տվյալներով այս որդու անունը Աբգար է՝ Պալյոզ),
- Ասատուր (Ասոյենց տոհմ)։
4. Մխսոնց տոհմ, Սահակյաններ և Ավետիսյաններ – Այս տոհմերի հիմնադիրը Սաֆարի մյուս որդին է՝ Բալինի եղբայր Աղաբաբը (Մուխսի), ով 40 տարեկան էր։ Նրա որդիներից Սահակը (8 տ.) եղել է Սահակյանների, իսկ Ավետիսը (6 տ.)՝ Ավետիսյանների նախնին։
5. Ավոյենց տոհմ – Սկիզբ է առել Մարտիրոսի որդի Ավետիսից (43 տ.), ում որդին՝ Ազիզը, այդ ժամանակ 12 տարեկան էր։
6. Մինասենց տոհմ – Հիմնադիրը Գևորգի որդի Մինասն է (33 տ.)։
Ցուցակում հիշատակված են նաև այլ ընտանիքներ, որոնց մասին առաջիկայում ինֆորմացիա ունենալու դեպքում կթարմացնեմ.
Հովհաննեսի որդի Սարգիսը (35 տ.)՝ որդիներ Գրիգորի (5 տ.) և Մարտիրոսի (2 տ.) հետ։
Ասատուրը (Սարգիսի որդի, 60 տ.)։
Սանասարի որդի Սարգիսը (48 տ.)՝ որդիներ Սահակի (16 տ.), Գևորգի (13 տ.) և Մարտիրոսի (11 տ.) հետ։
Եղբայրներ Աբրահամը (25 տ.) և Մանուկը (20 տ.)։
Աբգարը (25 տ.), Ասատուրի որդի Պետրոսը (50 տ.), Հարությունի որդի Օհանջանը։
Կայուն աճի տասնամյակները (1873-1914) և Լալայանի վկայությունը
19-րդ դարի երկրորդ կեսին Ռինդը շարունակում էր մնալ զտարյուն հայկական բնակավայր՝ աստիճանաբար ավելացնելով իր բնակչությունը։
1873 թ. – 228 հոգի (122 տղամարդ, 106 կին)։ Գյուղն ուներ 23 ընտանիք։ Քահանան շարունակում էր լինել Տեր Սարգիսը։ Այս թվականի տվյալներում առաջին անգամ հանդիպում ենք Կուրեխենց տոհմի հիմնադիր Հովհաննեսի որդի Կուրեխին (Կյուրեղ, 25 տ.)։ Նրա յոթ որդիներից այդ պահին ծնվել էին երեքը՝ Հովհաննեսը (7 տ.), Մանուկը (5 տ.) և Մկրտիչը (3 տ.)։
1886 թ. – 351/350 հոգի (200 տղամարդ, 150 կին)։ Քահանան արդեն Տեր Պետրոսի մյուս որդին էր՝ Տեր Ղազարը։ Այս մարդահամարում ավելացել է Գևորգի որդի Վարդանը, ով, ամենայն հավանականությամբ, Վարդոյենց տոհմի նախահայրն է։
1897թ. – 426 հոգի (ըստ ցարական Ռուսաստանի առաջին համառուսական մարդահամարի)
1904 թվականի պատկերը
1904 թվականի դրությամբ ունենք երկու ուշագրավ և իրար լրացնող աղբյուր։
Հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը «Ազգագրական հանդեսում» նկարագրելով Հյուսիսային Վայոց ձորի գյուղերը, հատուկ շեշտում է, որ Ռինդում (ինչպես Աղավնաձորում, Խաչիկում և Արփայում) ապրում են տեղաբնիկ հայեր։ Սա կարևոր տարբերակիչ էր, քանի որ, օրինակ, հարևան Ելփինի մասին նա նշում է, որ բնակիչները գաղթել են Խոյից և Սալմաստից։ Սա վկայում է Ռինդի բնակչության բնիկ և խորը արմատների մասին։
Վիճակագրական տվյալները ևս հետաքրքիր են.
Ըստ Զ. Կորկոտյանի, 1904-ին Ռինդն ուներ 460 բնակիչ։
Ըստ Ե. Լալայանի, նույն թվականին գյուղում կար 43 տուն (ծուխ), որտեղ ապրում էր 501 մարդ (283 արական, 213 իգական)։
Թեև տվյալների միջև կա փոքր տարբերություն, երկուսն էլ փաստում են, որ 20-րդ դարասկզբին Ռինդը կայուն զարգացող, կես հազարի շեմը հատած համայնք էր։
1914թ. – 460/506 հոգի (տարբեր աղբյուրների, այդ թվում՝ «Կովկասյան օրացույցի» տվյալներով)
Պատերազմական տարիներ և Մեծ հայրենադարձություն (1916-1922)
Ամենահետաքրքիր և բեկումնային փոփոխությունները տեղի են ունեցել 1916-1922 թվականների միջակայքում։
1916թ. – 627 հոգի
1919թ. – 896 հոգի
1919 թվականի այս աննախադեպ աճը պայմանավորված էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Վայոց ձորում ապաստանած գաղթականների մեծ ներհոսքով։ Սակայն հաջորդող տարիների պատերազմները, սովն ու հիվանդությունները ծանր հարված հասցրեցին գյուղին։ 1922 թվականին բնակչության թիվը նվազեց մինչև 717 հոգի։
Խորհրդային շրջանի մեկնարկը և վերականգնումը
1920-ականների կեսերից, խաղաղության հաստատմանը զուգընթաց, Ռինդը նորից սկսեց բազմամարդ դառնալ։
1926թ. – 776 հոգի
1931թ. – 914 հոգի
Ամփոփիչ աղյուսակ
| Տարեթիվ | Բնակչության թիվը | Նշումներ |
| 1852 | 102 | 59 տղամարդ, 43 կին (նորահայտ տվյալ) |
| 1873 | 228 | |
| 1886 | 351 | |
| 1897 | 426 | Առաջին համառուսական մարդահամար |
| 1904 | 460 / 501 | Տարբերությունը ըստ Կորկոտյանի և Լալայանի |
| 1914 | 506 | |
| 1916 | 627 | |
| 1919 | 896 | Գաղթականների ներհոսք |
| 1922 | 717 | Պատերազմի և հիվանդությունների հետևանք |
| 1926 | 776 | |
| 1931 | 914 |
Հավելում. Աղյուսակում 1904թ. տողում նշել եմ երկու թիվն էլ, որպեսզի պատմական ճշգրտությունը լիարժեք պահպանվի: Ավելացնեմ, որ իր գոյության ողջ ընթացքում Ռինդում ապրել են բացառապես հայեր։
0°