44-օրյա պատերազմի Ռինդի զոհերը

Ռինդի հերոսները 44-օրյա պատերազմում

Պատմության բոլոր փուլերում Ռինդը եղել է այն ամուր հենակետը, որի զավակները պատրաստ են եղել զենք վերցնելու հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի սրբության և սեփական արժանապատվության։ Դարերից եկող այս կանչը նորից հնչեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, և Ռինդն անմասն չմնաց համահայկական այդ օրհասական մարտահրավերից։

Ռինդ գյուղի տղաները մեկնեցին ռազմաճակատ՝ զինված իրենց հավատամքով և հողը պաշտպանելու աներեր կամքով։ Նրանք պայքարում էին Արցախի Հանրապետության սահմանների անառիկության և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Մեր զինվորները չպարտվեցին, քանի որ նրանք կռվեցին մինչև վերջին շունչը՝ չնահանջելով ու չդավաճանելով իրենց սկզբունքներին։ Պատերազմի ընդհանուր ելքը, ցավոք, հաճախ վճռվում է ոչ միայն մարտի դաշտում ցուցաբերած անձնազոհությամբ, այլև աշխարհաքաղաքական բարդ խաղերի, ներքին կազմակերպչական բացթողումների ու երբեմն բախտախնդիր որոշումների հորձանուտում։ Սակայն այդ ամենը ոչ մի կերպ չի ստվերում հայ զինվորի սխրանքը. նրանք արեցին անհնարինը և մնացին անհաղթ իրենց ոգով։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Ռինդի այն հերոսների առաջ, ովքեր անմահացան հանուն մեր վաղվա օրվա։

Հրաչյա Ավետիսյան

Հրաչյա Ավետիսյան
(17.07.1993 – 16.10.2020)

Ծնվել է Ռինդում։ Նա այն մարդկանցից էր, ում ներկայությունը լցնում էր տարածությունը բարությամբ ու աշխուժությամբ։ Ընկերները նրան հիշում են որպես կյանքով լեցուն, ուրախ և հոգատար ընկերոջ, ով միշտ պատրաստ էր օգնել։ Նրա ոգեշնչման աղբյուրը և ուժը ընտանիքն էր։ Նվիրված ամուսին էր և երկու հրաշալի երեխաների հայր։ Նրա ամբողջ ժամանակը նվիրված էր հարազատներին, և հենց այդ սերն էր նրա նվիրումի ու հզորության հիմքը։

Վերջին խոսքը. Հոկտեմբերի 15-ին. «Ամեն ինչ լա՛վ է, շուտով տուն կգամ…»։

Հրաչյան անմահացավ հոկտեմբերի 16-ին, Ջրականում մղվող թեժ մարտերի ժամանակ։

Սիսակ Կարապետյան
(27.01.1984 – 10.10.2020)

Սիսակը, ում շատերս ճանաչել ենք Արթուր անունով, Ռինդի այն զավակներից էր, ում կյանքի կենտրոնում ընտանիքն էր ու իր երկու որդիները։ Խիզախ, հանգիստ և անվախ անձնավորություն, ում համար ոգեշնչման աղբյուրը սերն էր սեփական զավակների հանդեպ։ Նրա ամենամեծ նպատակն էր ապահով ապագա ստեղծել իր երեխաների համար։

Վերջին խոսքը. Հոկտեմբերի 9-ին. «Հաղթելու ենք։ Հետ գանք, չվախենա՛ք»։

Սիսակ Կարապետյանը հերոսացավ հոկտեմբերի 10-ին՝ Ջրականի մատույցներում։

Գուրգեն Սարգսյան
(24.01.1987 – 04.11.2020)

Բարի, ընկերասեր և մարդամոտ Գուրգենը երազում էր ավարտին հասցնել իր ձեռքով կառուցվող տունը և Նոր տարին դիմավորել հարազատ հարկի տակ։ Նա ասում էր. «Երեխաները իմ հանգստությունն են, իրենց հետ հոգնածությունս անցնում է»։ Նրա հայրենասիրությունը խոսք չէր, այլ գործ։ Պատերազմ մեկնելիս, ի պատասխան դստեր հարցին, նա ասաց.

«Ինձ համար բոլորդ կարևոր եք։ Առաջին հերթին գնում եմ ընտանիքս պաշտպանելու համար։ Եթե այսօր չպաշտպանենք հայրենիքը, վաղը թշնամին կգա մեր տուն»։

Շուշիի մերձակայքում նա ոգեշնչում էր ընկերներին. «Ո՞ւմ ենք պետք, եթե մենք չկռվենք ու փախչենք մարտի դաշտից»։ Գուրգենն ընկավ հերոսի մահով նոյեմբերի 4-ին։

Նորայր Մնացականյան
(12.10.2000 – 22.10.2020)

Նորայրը 20-ամյա երիտասարդ էր՝ լի երազանքներով։ Աշխատասեր ու նվիրված, նա ոգեշնչվում էր իր աշխատանքով և նպատակ ուներ ծառայությունից հետո սեփական բիզնեսը հիմնել։ Բոլորը նրան հիշում են որպես չափազանց հոգատար ու հարգալից անձնավորության։

Վերջին զրույցը. Երկար խոսեց ընտանիքի հետ, կարծես չէր ուզում անջատել հեռախոսը։ Հարցնում էր բոլորից ու հանգստացնում. «Նորմալ ա ամեն ինչ…»։

Նորայր Մնացականյանը զոհվեց հոկտեմբերի 22-ին՝ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մատույցներում՝ դիվերսիոն ներխուժման դեմ պայքարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Հունան Խանամիրյան
(10.04.1988 – 27.10.2020)

Հունանը համեստ, խելացի և միշտ օգնության հասնող մարդ էր։ Նա սիրում էր կյանքը, իր աշխատանքը և հավատարիմ ընկերներին։ Նրա տեսակը լուռ նվիրումի ու բարության մարմնավորում էր։ Երբ եկավ պահը, նա չվարանեց, նրա խոսքը կարճ էր ու վճռական.

«Ո՞վ գնա, որ ես չգնամ»։

Հունան Խանամիրյանը իր վերջին հերոսական մարտը մղեց հոկտեմբերի 27-ին՝ Մարտունիում։

Հավերժ փառք Ռինդի անմահ քաջերին։ Ձեր անունները գրված են մեր հողի ու մեր հիշողության մեջ։