Ռինդ գյուղի պատմությունն ու խաղողի մշակումը միահյուսված են դարերի խորքից՝ կազմելով մեկ ամբողջություն։ Խաղողագործության մշակույթն այստեղ երբեք չի եղել սոսկ գյուղատնտեսություն կամ ապրուստի միջոց։ Այն կենսակերպ է, փիլիսոփայություն, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով համայնքի ինքնության և ռինդեցու տեսակի անբաժանելի մասը։
Ռինդի խաղողագործական ավանդույթների մասին խոսելիս անհնար է շրջանցել տարածաշրջանային համատեքստը։ Գյուղից ընդամենը 2 կմ հարավ-արևելք գտնվում է համաշխարհային գինեգործության զարկերակը՝ Արենի-1 քարայրը։ Այնտեղ հայտնաբերված 6000-ամյա ճզմիչներն ու կարասները անհերքելիորեն վկայում են՝ մենք ապրում ենք խաղողի բնօրրանում։ Ռինդի տարածքում պահպանված հին այգիների հետքերը ևս փաստում են, որ խաղողի մշակումը եղել է տեղաբնիկների հիմնական զբաղմունքներից մեկը դեռևս անհիշելի ժամանակներից։
19-րդ դարի երկրորդ կեսի արխիվային նյութերում Ռինդի կենցաղի նկարագրության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում գինին՝ որպես ձմեռային պարտադիր պահուստ։ Այն եղել է ռինդեցու ծեսերի և հավատալիքների բաղկացուցիչ մասը. գինին ուղեկցել է Նոր տարվա, Զատկի, Սուրբ Ծննդի տոնակատարություններին։
Դարեր շարունակ գինեգործությունը Ռինդում եղել և մնում է ամենահարգված զբաղմունքներից։ Ռինդեցու մեծագույն հպարտությունը բարձրորակ գինի ստանալն ու այն հարևաններին, հարազատին հյուրասիրելն է։ Աշնանը հաճախ կարելի է լսել, թե ինչպես են հմուտ գինեգործները դիմում հարևաններին. «Հլը եկեք տեսեք՝ գինիս ստացվե՞լ է»։ Սա ոչ թե որակի մասին հավաստիացում ստանալու խնդրանք է, այլ սեփական աշխատանքի արդյունքը կիսելու, հյուրասիրելու յուրօրինակ առաջարկ։
Տարեցները սիրում են կրկնել. «Ռինդեցու համար շատ դժվար է վատ գինի ստանալը»։ Եվ այս խոսքերն ունեն իրենց գիտական ու բարոյական հենքը։ Գինեգործության հաջողության գրավականը երկուսն են՝ որակյալ խաղող և արդար ձեռք։ Առաջին պայմանն ապահովում է Ռինդի բնությունը՝ արևային օրերի առատությունը, ճիշտ ոռոգումն ու հողի օրգանական հարստացումը։ Իսկ երկրորդը՝ «արդար ձեռքը», պապենական սովորույթ է. գինին պատրաստելիս պետք է լինել ազնիվ, չխաբել ինքդ քեզ, քանի որ տասնամյակներ շարունակ գինին արվել է սեփական ընտանիքի համար։ Այս ազնվությունը պահպանվել է նաև վաճառքի դեպքում՝ դառնալով Ռինդի գինու որակի երաշխիքը։
Խորհրդային ժառանգությունն ու մեծերի գնահատականը
Խորհրդային տարիներին Ռինդում ընդլայնվեցին խաղողի այգիները, մեծացան արտադրության ծավալները։ Այդ ժամանակ գինի ստանում էին հիմնականում «Սև Արենի» և «Թոզոտ» սորտերից (նոր տեսակները՝ վարդագույնն ու սպիտակը լայն տարածում գտան արդեն 21-րդ դարում)։
Ռինդի գինին իր ուրույն տեղն ուներ Հայաստանի էլիտայի նախասիրություններում։ Գյուղի տարեցները դեռ հիշում են ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի հատուկ վերաբերմունքը Ռինդի գինու հանդեպ։ Ժամանակին նույնիսկ քննարկվել է խաղողի սորտը «Ռինդ» անվանելու հարցը, թեև արդյունքում ընտրվել է «Սև Արենի» տարբերակը։ Իսկ 1990-ականներից գյուղատնտեսության ոլորտի երախտավոր Յուրի Ջավադյանը տարբեր հանդիպումներում մշտապես փաստում էր, որ լավագույն դեղձն ու լավագույն գինին կարելի է գտնել հենց Ռինդում։
Իսաբեկյանը Ռինդում
Ռինդի գինին ձգողական ուժ ուներ նաև արվեստագետների համար։ Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը հաճախ էր այցելում գյուղ։ Մեր ընտանիքի հիշողություններում վառ է մնացել այն փաստը, որ պապիս եղբոր տանը Իսաբեկյանն ուներ իր անհատական գինու կարասը։ Մի այցելության ժամանակ գյուղացիներից մեկը միամտորեն հարցնում է վարպետին. «Հաստա՞տ դու նկարիչ ես»։ Իսաբեկյանը, առանց երկմտելու, վերցնում է մատիտն ու մի քանի վայրկյանում թղթի վրա մի քանի գիծ քաշում։ Սկզբում պատկերն անհասկանալի էր թվում, բայց երբ թուղթը ամրացնում են հեռու պատին, բոլորը զարմանքով ու հիացմունքով տեսնում են Պարույր Սևակի կենդանի հայացքը…

Գինեգործական նոր դարաշրջան
Մինչև 21-րդ դարը Ռինդում գինեգործությունը կրում էր բացառապես ավանդական, տնայնագործական բնույթ։ Սակայն վերջին տասնամյակում գյուղը դարձավ հայկական գինեգործության վերածննդի կենտրոններից մեկը։
ZORAH Wines. Ռահվիրան եղավ «ZORAH» գինեգործարանը։ Հիմնադիր Զորիկ Ղարիբյանը, Հայաստանի հարյուրավոր վայրերից հողի նմուշներ ուղարկելով Իտալիա, ընտրեց հենց Ռինդի հյուսիսային սարավանդը (1400-1500մ բարձրություն)։ 2012 թվականին պատմական իրադարձություն տեղի ունեցավ. հեղինակավոր «Bloomberg Businessweek»-ը աշխարհի 4000 լավագույն գինիների կույր համտեսի արդյունքում Zorah Karasi Areni Noir-ը ընդգրկեց լավագույն 10-յակում։ Սա Ռինդն ու հայկական գինին վերադարձրեց համաշխարհային քարտեզի վրա։
NOA Wines. Ռինդի հարավային այգիներում է ծնվում «NOA»-ն՝ շվեյցարական «Schuler» գինեգործարանի հիմնադիր Յակոբ Շուլերի և հայ գործարար Զաք Արմենի համագործակցության արդյունքը։ Շվեյցարական 325-ամյա փորձն ու Ռինդի հնագույն տերուարը տալիս են ֆանտաստիկ արդյունք։ NOA գինիները նվաճում են ոսկե մեդալներ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ Concours Mondial de Bruxelles և IWSC 2025 (Ոսկե մեդալ NOA Areni Red Reserve 2021-ի համար)։
ARAR. Ռինդի գինեգործական նոր ու հզոր ձեռագիրը։ Սա ընտանեկան գինեգործության հրաշալի օրինակ է, որտեղ հայր և որդի Մարգարյանները ստեղծում են բնական գինիներ։ Չնայած երիտասարդ պատմությանը, ARAR-ը Concours Mondial de Bruxelles-ում արդեն նվաճել է երկու ոսկե մեդալ (Reserve 2019 և Reserve 2021)։
Meyron և SAVAR. Գյուղի հյուսիս-արևմուտքում՝ 1450մ բարձրության վրա, գտնվում են «Meyron»-ի այգիները, որտեղ շեշտը դրված է կայուն գյուղատնտեսության վրա։ Իսկ ZORAH-ի հարևանությամբ գործում է «SAVAR»-ը՝ օգտագործելով բարձրադիր դիրքի և հողային կազմի բոլոր առավելությունները։

Գինու մշակույթը Ռինդում այնքան կենդանի է, որ նույնիսկ սպորտային միջոցառումներն են կապվում դրա հետ։ Ամենամյա Արահետային վազքի մրցավազքն անցնում է հենց խաղողի այգիների կողքով՝ մասնակիցներին հնարավորություն տալով վայելել այն միջավայրը, որտեղ ծնվում է լեգենդը։
Տնական գինու համը
Չնայած խոշոր գինեգործարանների հաջողություններին, Ռինդում շարունակում է մեծ պահանջարկ վայելել տնական, ավանդական գինին։ Ռինդ այցելողը գիտի՝ այստեղ կան տասնյակ հմուտ վարպետներ, որոնց մառաններից կարելի է ձեռք բերել իսկական, «դառը» (չոր) գինի՝ 13-14% թնդությամբ, որտեղ շաքարն ամբողջությամբ վերածվել է սպիրտի։
Վերջին տարիներին իրենց արտադրության որակով և ծավալներով առանձնանում են Սևակ Ավետիսյանը, Մարգար Վարդանյանը և շատ ուրիշներ։ Նշեմ, որ իմ ընտանեկան մառանի գինիները ևս (տարեկան շուրջ 2 տոննա) իրենց կայուն տեղն են գտել Երևանի և առցանց խանութների սպառողների նախընտրությունների ցանկում։
Ռինդը գինի է արտադրում նրանց համար, ովքեր գնահատում են իրենց նուրբ քիմքը, կարևորում են առողջությունը և ցանկանում են վայելել այն աստվածային ըմպելիքը, որը նախընտրել են մեր մեծերը։



3°