Ռինդ գյուղի պատմության ամենահուզիչ էջերից մեկը կապված է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ընտանիքի հետ։ Սա մի պատմություն է մարդկային բարության, փրկության և սերունդների հիշողության մասին։
Ստորև ներկայացված դրվագները վերաշարադրել եմ ըստ Ռինդի բնակիչ, մանկավարժ Խաչիկ Խաչատրյանի հավաքագրած հուշերի, որոնք հիմնված են ականատես Պետրոս Ասատրյանի որդու՝ Վարդան (Հորոս) Ասատրյանի պատմածի վրա։
Ապաստան Ռինդում (1919 թ.)
1919 թվականի ուշ աշունն էր։ Վայոց ձորում իրավիճակը ծայրահեղ լարված էր. թուրք-թաթարական հարձակումների պատճառով Չանախչի (Զանգակատուն) գյուղի բնակիչները ստիպված էին լքել իրենց օջախները։ Նրանց թվում էին նաև Պարույր Սևակի ծնողները՝ Ռաֆայելն ու Անահիտը։
Հուսալով ապաստան գտնել՝ նրանք հասնում են Ռինդ, որտեղ ապրում էր իրենց մի հեռավոր ազգականուհին։ Սակայն ժամանակները դաժան էին. համաճարակը, սովն ու վախը մարդկանց սրտերում գթության տեղ չէին թողել։ Տիֆով հիվանդ Ռաֆայելին ու Անահիտին ազգականի տունը չի ընդունում։ Ցուրտ քամու տակ, հիվանդ ու հուսահատ ամուսինները գիշերն անցկացնում են դրսում՝ ճամփեզրին կուչ եկած։
Լուսաբացին նրանց նկատում է Վարդոյենց տոհմից Պետրոս Ասատրյանը, ով վաղ առավոտյան հոտն արոտավայր էր տանում։ Պետրոսը ճանաչում է Ռաֆայելին (նրա բարեկամուհին Պետրոսի կնոջ հորեղբոր կինն էր)։ Տեսնելով ամուսինների անօգնական վիճակը՝ Պետրոսը, անտեսելով վարակվելու վտանգը, նրանց տանում է իր տուն։
Նրանց տեղավորում են անասնագոմին կից՝ պահակների համար նախատեսված տաք սենյակում։ Պետրոսի ընտանիքի հոգատարությունը, անարատ կաթն ու մեղրը հրաշք են գործում։ Ձմեռն անցնում է դժվարությամբ, բայց գարնանը Ռաֆայելն ու Անահիտն ապաքինվում են։ Պետրոսի միջնորդությամբ Ռաֆայելը գյուղում աշխատանք է գտնում որպես հովիվ։
Պատմում են, որ մի օր՝ Ռինդի «Սպիտակ քար» կոչվող վայրում հոտն արածեցնելիս, Ռաֆայելը մեղվապարս է գտնում։ Նա մեղուներին զգուշությամբ տեղավորում է հացի պարկի մեջ և բերում գյուղ։ Պետրոսենք հայտնի մեղվապահներ էին, և նրանք օգնում են Ռաֆայելին խնամել մեղուներին։
Երբ 1920-ի ամռանը Չանախչին ազատագրվում է, և վերադարձի ժամանակը գալիս է, Ռաֆայելն իր հետ տանում է ոչ միայն իրենց փրկված կյանքերը, այլև աշխատանքի դիմաց ստացած գառներն ու իր գտած մեղվաընտանիքը։ Տարիներ անց նա հաճախ էր հիշում.
«Տեսնում ես այս 30-40 փեթակ մեղուները… սրանք էն Սպիտակ քարի տակից գտած մեղվի շարունակությունն են։ Իսկ Պետրոսը… մեծ հոգու տեր մարդ էր, միայն նա կարող էր այդքան շռայլ լինել այդ նեղ օրերին»։
Սևակի այցը Ռինդ (1966 թ.)
Տասնամյակներ անց՝ 1966 թվականին, երբ Ռինդը տուժել էր սողանքից և գտնվում էր վերաբնակեցման փուլում, գյուղ է այցելում արդեն հայտնի բանաստեղծ Պարույր Սևակը։
Գյուղացիների ջերմ ընդունելությանը պատասխանելով՝ Սևակն առաջին հերթին շտապում է գտնել իր ծնողներին օթևան տված Պետրոսի տունը։ Այդ ժամանակ Պետրոսն արդեն կյանքից հեռացել էր (նա կորցրել էր չորս որդիներին Երկրորդ համաշխարհային պատերազմում), բայց տանը նրան դիմավորում են Պետրոսի կինը՝ Գյուլսաբահը, և կրտսեր որդին՝ Վարդանը (Հորոսը)։
Հանդիպումը չափազանց հուզիչ էր։ Գրկելով տարեց Գյուլսաբահին՝ Սևակը ասում է.
«Մայրիկ ջան, թե չլինեիք դու ու Պետրոս ամին, չէին լինի Ռաֆայելս ու Անահիտս, ու չէի լինի նաև ես։ Ես իմ գոյությամբ Ձեզ եմ պարտական»։
Հորոսենց տանը հյուրընկալվելուց հետո գյուղի ղեկավարությունն ու հյուրերը Սևակին ուղեկցում են դեպի Ուլգյուր՝ Մոմիկի ծննդավայր, որտեղ սառնորակ աղբյուրի մոտ կազմակերպվում է ճաշկերույթ։
Հենց այդ այցելության ժամանակ էլ Ռինդի պատմության մեջ ամրագրվում է ևս մեկ կարևոր հուշարձան՝ «Սևակի աղբյուրը», որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի համապատասխան էջում։
7°