Սևակի աղբյուր
Պատմական Ուլգյուր գյուղատեղիից դեպի հյուսիս գտնվում է մեր սիրված վայրերից մեկը՝ Սևակի աղբյուրը։ Այն ոչ միայն սառնորակ ջրի ակունք է, այլև յուրօրինակ հուշարձան, որտեղ միահյուսվում են բնությունը, պատմությունը և մեծն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակը։
Սևակի աղբյուրը ջրաերկրաբանական բնության հուշարձան է, որը տեղակայված է գետակի վերին հոսանքում՝ ծովի մակարդակից 1985 մետր բարձրության վրա։ Այն պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում (ներառվել է ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ)։
Աղբյուրի անվանումը կապված է մի հիշարժան իրադարձության հետ։ 1966 թվականի մայիսի 10-ին Ռինդ գյուղ այցելած Պարույր Սևակին գյուղացիները բարձրացնում են լեռները՝ հենց այս աղբյուրի մոտ հյուրասիրելու։ Այդ օրվանից աղբյուրը ստանում է իր ներկայիս անունը։ Տեղացիներն այն երբեմն անվանում են նաև «Սևակի քար»։
Աղբյուրի հարևանությամբ՝ հինավուրց ուռենու հովանու տակ, տեղադրված է քարե մի ուշագրավ կոմպոզիցիա՝ սեղան և աթոռներ, որոնց հեղինակը ռինդեցի Սամվել Գրիգորյանն է` Պարույր Սևակի մտերիմ ընկերը։ Կառույցն ունի հետաքրքիր ճարտարապետական լուծում.
- Սեղանի հարթակը կազմված է բազալտե երկու մեծ հղկված կտորներից, որոնք հենվում են խորանարդաձև 6 սյուների վրա։
- Սեղանի երկար կողմերում տեղադրված են 5-ական քարե աթոռներ, իսկ մեկական աթոռ դրված է ճակատային կողմերում։
Արևմտյան կողմի աթոռներից եզրայինի հարավային կողմին փորագրված է.
«Այստեղ նստել է Պարույր Սևակը, 10.05.1966»
Գյուղում պահպանված պատմության համաձայն՝ Սևակը հրաժարվել է նստել սեղանի գլխին տեղադրված թիկնակով աթոռին՝ ասելով. «Ինչպես ձեր աթոռն է, այնպես էլ իմը թող լինի»։ Այս դրվագը ևս մեկ անգամ ընդգծում է բանաստեղծի պարզությունն ու կապը ժողովրդի հետ։ Հետագայում հյուսիսային ճակատի այդ աթոռի հենակը ջարդվել է։
Այսօր Սևակի աղբյուրը Ուլգյուր այցելող զբոսաշրջիկների և մեր գյուղացիների ամենասիրված կանգառներից է։ Լեռնային զուլալ ջուրը, արևից պաշտպանող ուռենին և քարե պատմական սեղանը ստեղծում են միջավայր, որտեղ կարելի է ոչ միայն հանգստանալ, այլև հաղորդակցվել մեծ բանաստեղծի հիշատակի ու լեռնային բնության անդորրի հետ։
5°