Մենք արդեն 3000 ենք։ Շնորհակալություն վստահության համար

2026 թվականի մայիսի 21-ին ֆեյսբուքյան մեր էջն ունեցավ իր 3000-րդ հետևորդը։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ այս վստահության, ակտիվության և մեր համայնքի կյանքով ապրելու համար։

Այս առիթով ցանկանում եմ ամփոփել և ձեզ ներկայացնել մեր էջի և rind.am կայքի վիճակագրությունը 2026 թվականի առաջին 5 ամիսների կտրվածքով։ Թվերը փաստում են, որ Ռինդը թվային տիրույթում դառնում է ավելի տեսանելի ու ճանաչելի։

📊 Ֆեյսբուքյան ակտիվություն և աճ
Տարվա սկզբից մեր հրապարակումներն ունեցել են աննախադեպ՝ ավելի քան 765,000 դիտում։ Հատկանշական է, որ դիտումների գրեթե 74%-ը ապահովել են մարդիկ, ովքեր դեռ մեր հետևորդները չեն. սա նշանակում է, որ մեր նյութերը դուրս են գալիս գյուղի սահմաններից և տարածվում մեծ արագությամբ։ Այս ընթացքում գրանցվել է շուրջ 17,300 արձագանք (հավանում, մեկնաբանություն և կիսում)։

🌍 Աշխարհագրություն. որտեղի՞ց են մեզ կարդում
Թեև մեր ընթերցողների հիմնական մասը (շուրջ 82%-ը) Հայաստանից է, rind.am-ը դարձել է կապող օղակ նաև սփյուռքի համար։ Կայքի գրեթե 5,700 այցելությունների զգալի մասը գրանցվել է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից։

📖 Ամենասիրված նյութերը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց ամենաշատը հետաքրքրում է գյուղի արմատներն ու պատմությունը։ Կայքի ամենաընթերցված հոդվածների առաջատարներն են.

  • Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի մասին նյութը
  • Ռինդի տոհմերի պատմությունները (Մելիք-Սաֆարյաններ, Մինասենց, Ավոյենց, Կուրեխենց, Սուդյենց)
  • Ռինդի բոլոր 20 տները (1859 թ. մարդահամար)
  • Գյուղի վոլեյբոլի թիմի հաղթական մեկնարկը
  • Պարույր Սևակը և Ռինդը

🔍 Ռինդը՝ որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing)
Մարդիկ հատուկ որոնում և գտնում են մեր գյուղը։ Ամենահաճախ փնտրվող բառերն են՝ «Ռինդ գյուղ», «եղանակ Ռինդ», «Vineyard Trail» արահետային վազքի մարաթոնը, ինչպես նաև տեղեկություններ Ծաղկավանքի, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, տոհմերի և պատմական վայրերի մասին։

⏳ Ընթերցանության ռեկորդներ
Կայքի վերլուծական գործիքներն արձանագրել են հետաքրքիր փաստեր. կան այցելուներ (և՛ Հայաստանից, և՛ արտերկրից), ովքեր մինչև 1.5 – 2 ժամ անընդմեջ մնում են կայքում՝ խորությամբ ուսումնասիրելով արխիվները, հին լուսանկարներն ու տոհմածառերը։ Սա լավագույն գնահատականն է արված աշխատանքին։

Շարունակելու եմ թվայնացնել մեր պատմությունը, ներկայացնել գյուղի առօրյան ու զարգացնել մեր համայնքը։