Ռինդն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առաջ, ովքեր փնտրում են մաքուր օդ, հարուստ պատմություն և իսկական գյուղական կոլորիտ։ Բնակավայրի ճիշտ տեղորոշումն ու տրանսպորտային ուղիների իմացությունը կօգնեն ձեզ հեշտությամբ պլանավորել ձեր հանգիստն ու անխափան հասնել մեր գյուղ։
Տեղադիրքը և գլխավոր մուտքը
Ռինդը գտնվում է Վայոց ձորի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ բարձրադիր ու գեղատեսիլ սարավանդի վրա։ Այն մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 25 կմ դեպի արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ մոտ 110 կմ հարավ-արևելք։ Գյուղի բարձրադիր դիրքն այնքան շահեկան է, որ Երևան-Մեղրի (Մ2) մայրուղու Ելփին-Արենի ճանապարհահատվածից դեպի արևելք նայելիս Ռինդն արդեն հստակ նշմարվում է՝ կարծես հրավիրելով բացահայտումների։
Ներկայումս գյուղ մտնող հիմնական և ասֆալտապատ ավտոճանապարհը մեկն է. Երևան-Մեղրի մայրուղուց հասնելով Չիվա գյուղ, անհրաժեշտ է թեքվել դեպի արևելք և անցնել ևս 5 կմ անխոչընդոտ վերելք։
Անկախ ձեր մեքենայի դասից և բարձրությունից (ամենագնաց է, թե սեդան)՝ Ռինդ հասնելը լիովին ապահով և հարմարավետ է։ Հանրապետությունում գործող հայտնի տաքսի ծառայությունները (GG, Yandex և այլն) նույնպես սպասարկում են այս ուղղությունը։
Դեպի հուշարձաններ. Գյուղից դեպի հյուսիսային հանդամասեր տանող դաշտամիջյան ճանապարհները բարեկարգ են։ Դրանցով հեշտությամբ կարելի է հասնել Ռինդի գլխավոր տեսարժան վայրեր՝ Եղեգնալիճ, Վիմափոր եկեղեցի, Ճգնավորի մատուռ, Սպիտակ քար ամրոց, ինչպես նաև տեսնել երեք տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ։
Գրունտային արահետներ. Արկածային տուրիզմի և արտաճանապարհային (off-road) երթևեկության սիրահարների համար գործում են նաև գրունտային ճանապարհներ, որոնք Ռինդը կապում են հարևան Աղավնաձոր, Արենի և Ելփին գյուղերի հետ։
Հանրային տրանսպորտ և հաղորդակցություն
Տարիներ առաջ, երբ անձնական մեքենաները սակավ էին, համագյուղացիների հոգսը թեթևացնում էր Ռինդ-Երևան կանոնավոր երթուղին, որը տասնամյակներ շարունակ անխափան վարում էր լուսահոգի Սամվել Աբրահամյանը։ Այսօր այդ ավանդույթը փոխարինվել է նոր և ճկուն լուծումներով։
Ներկայումս Երևանից Ռինդ (Եղեգնաձորի ուղղությամբ) հասնելու ամենաճկուն և հարմար տարբերակը ֆեյսբուքյան «Տրանսպորտ Վայոց ձորում» խմբում նախապես վարորդ գտնելն է, քանի որ նրանք առաջարկում են տարբեր ժամերի ուղևորություններ։ Որպես այլընտրանք՝ Երևանի Հարավային ավտոկայանի տարածքից (Աշխատանքի հրապարակին հարակին հարակից Արշակունյաց փողոցից) մշտապես գործում են երթուղայիններ, որոնք շարժվում են ուղևորների համալրվելուն պես։ Ուղեվարձը 2000 դրամ է։ Վարորդին խնդրեք ձեզ իջեցնել Չիվա գյուղի խաչմերուկում. այնտեղից դեպի Ռինդ բարձրացող բարեհամբույր ռինդեցիները միշտ սիրով կուղեկցեն ձեզ մինչև գյուղ։
Հեռավորությունները և մոտավոր ժամանակը
Ռինդ հասնելու տևողությունը, պայմանավորված ճանապարհների որակով և եղանակային պայմաններով, միջինում կազմում է.
- Երևանից Ռինդ՝ 110 կմ (թույլատրելի 80-90 կմ/ժ արագության դեպքում ճանապարհը կտևի մոտ 1 ժամ 20-30 րոպե)։
- Եղեգնաձորից Ռինդ՝ 25 կմ (մոտ 30 րոպե)։
- Գորիսից Ռինդ՝ 140 կմ (լեռնային շրջադարձների հաշվառմամբ՝ մոտ 2 – 2.5 ժամ)։
- Սևանի ավազանից (Մարտունի)՝ 78 կմ (անցնելով գեղատեսիլ Վարդենյաց լեռնանցքով՝ մոտ 1.5 ժամ)։
Եթե պլանավորում եք ձեր հանգիստը կամ արշավը և ունեք տրանսպորտային ուղեկցության կարիք, միշտ կարող եք նախապես կապ հաստատել տեղացիների հետ, ովքեր մեծ սիրով կկազմակերպեն ձեր դիմավորումն ու ապահով տեղափոխությունը։
6°