Ստեղծագործության հեղինակը Գոհար Հարությունյանն է (ԳոՀար)՝ արվեստագետ, նկարչուհի, ազգագրական երգերի կատարող և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Գոհարներ» երգչախմբի ղեկավարը։
Նրա արմատները սերտորեն միահյուսված են Ռինդի պատմությանն ու տոհմերին։ Հայրական կողմով Գոհարն Աղավնաձորից է՝ Շահինենց տոհմից, ովքեր սերում են Ալաշկերտի Եկմալ գյուղից (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ)։ Հայրական տատը՝ Նազիկը, Ռինդի Սաֆարենց տոհմից է՝ լեգենդար Ենոք Գրիգորյանի դուստրը։
Մայրական կողմով նա Ռինդի Մինասենց տոհմից է։ Գոհարի պապը՝ Գևորգը (Վաչենի եղբայրը), Հայրենական մեծ պատերազմից չվերադարձավ, և Գոհարի մայրիկին խնամեցին ու մեծացրին Վաչենը և նրա կինը՝ Եղսապերտը։ Գոհարը նրանց սիրել ու ընդունել է որպես իր հարազատ պապ ու տատ։ Հենց այս մարդկանց վառ հիշատակին, նրանց օջախի ջերմությանն ու Ռինդում անցկացրած մանկության անհոգ արձակուրդներին է նվիրված ստորև ներկայացվող բանաստեղծությունը։
Տանձի կախանի անուշ բուրմունք կա
մանկության հուշում։Կտուրին փռած չրերի կողքին,
մոծակի խայթից անքուն գիշեր կա
մանկության հուշում։Տատիս թարմ կթած, փրփրուն կաթի
համն ու բույրը կա մանկության հուշում։Թոնրից թռչող ծաղկած լավաշի,
տատիս ալրահոտ, ճաքած ձեռքերի
ջերմությունը կա մանկության հուշում։Նրա դաղձաբույր գոգնոցի ծալքից
պես-պես ծիկրակող քաղցրավենիք կա
մանկության հուշում…Գյուղի իրիկվա մուժ լռության մեջ,
պապիս իմաստուն խոսք ու զրույցի
զարմանք գույներ կան մանկության հուշում։Չարդախից կախված ամուր չվանից
ճոճի երգեր կան մանկության հուշում։Ոսկեգույն օրեր, աստղաշատ երկինք,
արձակուրդների անհոգ հեքիաթ կա
մանկության հուշում…
Գոհար Հարությունյան (Գո Հար)
Նվիրված Եղսո տատիիս
Գոհար Հարությունյանի այս բանաստեղծությունը նման է խամրած, բայց շատ հարազատ լուսանկարի, որը կարդալիս հանկարծ ստանում է գույն, ձայն և բույր։ Ստեղծագործության առանցքը և զարկերակը «մանկության հուշում» արտահայտությունն է։ Որպես գրական կրկներգ՝ այն ոչ միայն ռիթմ և երաժշտականություն է հաղորդում տողերին, այլև ընթերցողին ամեն տնից հետո կրկին վերադարձնում է դեպի կարոտի մեկնակետը։
Հեղինակը մեզ չի տանում վերացական խոհերի ետևից, այլ կառուցում է չափազանց շոշափելի ու առարկայական պատկերներ՝ խաղալով մարդկային բոլոր զգայարանների հետ։ Ընթերցելիս մենք զգում ենք կախանի ու դաղձի հոտը, համտեսում ենք փրփրուն կաթն ու թոնրի «ծաղկած լավաշը», լսում ենք չարդախի չվանի երգն ու պապի իմաստուն խոսքը։ Հեղինակն այնքան է անկեղծացել հուշերի հետ, որ անգամ կտուրին քնելիս «մոծակի խայթոցն» ու անքուն գիշերն են քաղցրությամբ հիշվում։
Տատի և պապի կերպարները տրված են մի քանի դիպուկ վրձնահարվածով. Եղսո տատի «ալրահոտ, ճաքած ձեռքերը» խոսում են գյուղական անտրտում աշխատանքի մասին, իսկ նույն այդ տատի գոգնոցի ծալքերից հանվող քաղցրավենիքը՝ անսահման ու անշահախնդիր սիրո։
Սա պարզապես անձնական հուշ չէ. սա յուրաքանչյուր ռինդեցու (և առհասարակ՝ գյուղում մեծացած ցանկացած մարդու) հավաքական հիշողությունն է՝ գրված պարզ, առանց ավելորդ պաթոսի և իր արմատների հանդեպ խորագույն երախտագիտությամբ։
16°